Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը RTS հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ներողություն են խնդրել իրենից ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ֆեյսբուքյան աղմկահարույց գրառման համար: «Նախագահ Պուտինը երբեք ինձնից ներողություն չէր խնդրել, և ոչ էլ Սերգեյ Լավրովը: Իսկ դրա պատճառով երկուսն էլ դա արեցին», - ասել է Վուչիչը:
Զախարովան Ֆեյսբուքի իր էջում երկու լուսանկար էր տեղադրել՝ մեկում Սպիտակ տան օվալաձև սրահում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիմաց աթոռին նստած է Սերբիայի նախագահը, մյուսը «Հիմնական բնազդ» ֆիլմից արված սքրինշոթն էր, որտեղ Շերոն Սթոունն էրոտիկ դիրքով նստած է քննիչների դիմաց։ Այս լուսանկարների տակ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանություն էր գրել.«Եթե ձեզ կանչել են Սպիտակ տուն և աթոռն այնպես են դրել, ասես ձեզ հարցաքննում են, նստեք ինչպես երկրորդ լուսանկարում։ Ով էլ դուք լինեք։ Պարզապես հավատացեք»։ Ֆեյսբուքյան սկանդալային ստատուսը խնդիրներ էր առաջացրել Սերբիայի և Ռուսաստանի միջև։ «Պուտինը հիանալի հասկանում է Սերբիայի խնդիրները, պատահական չէ, որ նա ինձ Ալեքսանդր Նևսկու շքանշան է տվել: Ես ոչ ռուսամետ եմ, ոչ ամերիկամետ և այլն, ես սերբամետ եմ», - Վուչիչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: