Ուղիղ կես տարի առաջ՝ 2020-ի մարտի 11-ին ԱՀԿ-ն բնութագրեց նոր կորոնավիրուսով պայմանավորված COVID-19-ի բռնկումը համաշխարհային համաճարակ կամ համավարակ՝ պանդեմիա: Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը մոտենում է 28,2 միլիոնին, մահվան դեպքերինը՝ 910000-ի, բուժվածներինը՝ 19 միլիոնին, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալները: Առավել տուժած երկրներ շարունակում են մնալ ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան, Եվրոպայում մահացության ամենաբարձր ցուցանիշը շարունակում է Մեծ Բրիտանիայում գրանցվել: Եվրոպական շատ երկրներում վերջին շաբաթում արձանագրվել է վարակի նոր դեպքերի թվի աճ: Ֆրանսիայում նախագահ Էմանյուել Մակրոնը խոստացել է համաճարակի դեմ պայքարի նոր միջոցառումների մասին հայտարարել այսօր: Իսրայելում մտածում են վարակի տարածման մակարդակի բարձրացման պատճառով սահմանափակումներին վերադառնալու մասին: