Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Միջերկրական ծովում քաղաքականության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի քննադատությունն ուղղված Թուրքիայի ղեկավարությանը, մասնավորապես` երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
«Մակրոնը չի հրաժարվում Անկարային զրպարտելու փորձերից՝ արտաքին քաղաքական ոլորտում Փարիզի հակաթուրքական ծրագրերի ձախողման ֆոնին: Էմանուել Մակրոնն առաջնորդվում է նախկին գաղութատիրոջ ռեֆլեքսներով՝ ամբարտավանորեն փորձելով սովորեցնել ուրիշներին: Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները նրա անկարողության և հուսահատության ցուցիչն են»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում: ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բարձր վարկանիշի վրա՝ նշելով, որ նա ընտրություններում առավելագույն աջակցություն է ստացել ընտրողներից:
«Թուրքիայի նախագահի դիրքորոշումը հիմնված է թուրք ժողովրդի աջակցության վրա: Թուրքիայի իշխանություններն ու ժողովուրդը միավորված են և միավորված կլինեն անհիմն հարձակումների դեմ», - ասված է փաստաթղթում:
ԱԳՆ-ն ընդգծել է նաև, որ Միջերկրական ծովում բացառիկ տնտեսական գոտի սահմանազատելը ոչ մի կապ չունի Էմանուել Մակրոնի լիազորությունների հետ:
«ԵՄ շահերի դեմ միակողմանի և սադրիչ քայլեր ձեռնարկող Հունաստանի և հունական Կիպրոսի «փաստաբան» հանդես գալու փոխարեն Փարիզը լավ կաներ տարածաշրջանում երկխոսության և համաձայնության կոչ աներ: Դա պահանջում են ՆԱՏՕ-ի դաշինքի սկզբունքները և ընդհանուր եվրոպական շահերը: Ֆրանսիայի նախագահի ազգայնականությունն ու հավակնությունները նպաստում են տարածաշրջանում լարվածության աճին՝ վտանգելով Եվրոպայի և ԵՄ շահերը»,-ավելացրել են Թուրքիայի ԱԳՆ-ում: «Թուրքիայի գործողությունները քննադատելու փորձերը Ֆրանսիայի կողմից, որը ելք չունի դեպի Միջերկրական ծովի արևելք, անհեթեթ են: Մենք ֆրանսիացի ընտրողների դատին ենք թողնում Մակրոնի խղճուկ վիճակը, որի վարկանիշը հասարակության աչքում անընդհատ ընկնում է»,- ասված է փաստաթղթում: