Կիպրոսի Հանրապետությունը և ԱՄՆ-ը սեպտեմբերի 12-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր պաշտպանության ոլորտում համագործակցության նպատակով: Վաշինգտոնի կողմից փաստաթուղթը ստորագրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, իսկ կղզի-պետությունը ներկայացրել է Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Քրիստոդուլիդիսը: Հուշագիրը ստորագրվել է Նիկոսիայի նախագահական պալատում անվտանգության և պաշտպանության ոլորտներում երկկողմ համագործակցության շրջանակներում՝ Լառնակայում ուսումնական կենտրոն ստեղծելու նպատակով: Հանրապետության նախագահի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ օբյեկտն ամերիկյան կառավարության կողմից արդեն ստացել է ֆինանսավորման առաջին գումարը: Կենտրոնի աշխատանքը առնչվում է անվտանգության հետ, մասնավորապես՝ քիմիական և կենսանյութերի պահպանման և մշակման, նավահանգիստների անվտանգության ապահովման, կիբերանվտանգության և սահմանային վերահսկողության հետ: Կենտրոնը կկառուցվի Լառնակայում՝ միջազգային օդանավակայանից ոչ հեռու: