Թուրքիան Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ արևելյան հատվածից դուրս է բերել սեյսմիկ հետախուզություն իրականացնող Oruc Reis նավը՝ վերադարձնելով Անթալիայի շրջանի ափամերձ գոտի, հաղորդում է Reuters-ը։
Միջերկրականի վիճահարույց գոտում երկրաբանական-հետախուզական աշխատանքների հետևանքով կտրուկ սրվել էին Թուրքիայի հարաբերությունները Հունաստանի հետ: Աթենքը պնդում է, որ թուրքական կողմը մուտք էր գործել իր բացառիկ տնտեսական գոտի։ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ողջունել է թուրքական նավի դուրսբերումը վիճահարույց գոտուց։ Սալոնիկում նա հայտարարել է. «Oruc Reis նավի դուրսբերումը առաջին դրական քայլն էր։ Հուսով եմ, որ շարունակություն կունենա։ Մենք Թուրքիայի հետ ցանկանում ենք բանակցել սադրանքներից զերծ մթնոլորտում»։