Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը մոտենում է 29 միլիոնին, հիվանդությունից մահվան դեպքերինը՝ 924 000-ին, ապաքինվել է 19,6 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալները: Վերջին մեկ օրում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ՝ 307,9 հազար նոր դեպք՝ հաղորդում է ԱՀԿ-ն: Նախորդ ռեկորդը սեպտեմբերի 6-ին էր՝ 306.9 նոր դեպք:
Վարակվածների թվի աճ է նկատվում եվրոպական երկրներում, Իսրայելը սեպտեմբերի 18-ից երեք շաբաթով վերադառնում է խիստ սահմանափակումների: AstraZeneca-ն վերսկսել է կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումները, որ կասեցվել էին հետազոտության մասնակցի հիվանդության պատճառով: Ընկերությունը շեշտել է, որ Մեծ Բրիտանիայի կարգավորող մարմինները հաստատել են պատվաստանյութի անվտանգությունը՝ հետազոտություն անցկացնելով: AstraZeneca-ի պատվաստանյութի փորձարկումները կասեցվել էին սեպտեմբերի 6-ին, երբ կամավորներից մեկի մոտ ոսկրածուծի բորբոքում էր սկսվել: Ընկերությունը չէր բացառել, որ հիվանդության պատճառը կարող է լինել պատվաստանյութը: Կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութը մեկն է փորձարկումների երրորդ՝ հազարավոր կամավորների վրա լայնածավալ ուսումնասիրությունների փուլին հասած մի քանի պատվաստանյութերից: