Նախորդ գործընթացն իր արդյունքներով և ներկայիս գործընթացն իր արդյունքներով տարբեր են՝ խորհրդարանում հայտարարեց ՀՀ նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Արթուր Վաղարշյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին՝ ինչո՞ւ համաձայնեց կրկին առաջադրվել: Պատգամավորը ավելի շատ կցանկանար իմանալ, թե ինչ հոգեբանական վիճակում է ՍԴ դատավորի թեկնածուն:
Վաղարշյանը նշեց, որ իր՝ նախորդ որոշ մրցույթների չմասնակցելը պայմանավորված էր նրանով, որ իր առջև խնդիր էր դրվում, որ իր մասնակցությամբ խանգարում է հեղափոխությանը: «Ես էլ ասացի, որ շատ բաների կարող եմ խանգարել, բայց ես հեղափոխությանը երբեք չեմ ուզում խանգարել՝ հասկանալով, որ իսկապես իմ մասնակցությունը կարող է նորմալ գործընթացներին խանգարել, որոշել եմ չմասնակցել: Իսկ հիմա ես չեմ հասկանում՝ մեկ տարում ժողովրդի կյանքում ոչինչ չի՞ փոխվել, քաղաքական իրավիճակը, պայմանները չե՞ն փոխվել, վերաբերմունքը մարդկանց չի՞ փոխվել, անշուշտ, փոխվել է: Եթե ինչ-որ մեկը գտնում է, որ ոչինչ չի փոխվել, ես ուղղակի զարմացած եմ»,- ասաց նա:
Վաղարշյանն ընդգծեց, թե ինքը մտավորական մարդ է և չի նեղացել, որ իրեն չեն ընտրել: «Ես ամբիցիայի մեջ չմտա, ես ցուցամոլ չդարձա, հեռուստատեսությամբ բոլոլա սարքեի և այլն՝ հասկանալով, որ դա իրավական գործընթաց է, որը որոշակի միտումներով վերածվել է քաղաքականի: Հիմա այս իրավիճակում ինչո՞ւ համաձայնեցի. այն ժամանակ էլ ասացի, որ գտնում եմ՝ դիմություն, ընդդիմություն, հներ, նորեր, այս պայքարում պետք են ինձ նման քաղաքական առումով անկախ անցյալ, ինչ-որ պաշտոնյաների հետ կապ չունեցող անձիք, որոնք այդ երկու ճամբարների արանքում կարող են ընդամենը հաշտարարի դեր կատարել, ճիշտը դա է, իհարկե՝ ոչ Սահմանդրույթունը խախտելով և օրենքը շրջանցելով։ Իմ կամքը կոմպրոմիսն է, բայց սահմանադրական դոգմաներին հետևելով»,- հայտարարեց նա և հավալեց. «Անցել է մեկ տարի, մեկ տարվա ընթացքում ես կարո՞ղ եմ հավակնել լրիվ նոր գործընթացի, սա հինը չէ, սա նույն տեղը չէ»:
Թագուհի Թովմասյանի հարցին էլ՝ այսօր ՍԴ-ում իրավիճակը ինչպե՞ս է գնահատում, քանի որ կարդացել է նրա հարցազրույցներից մեկը, որտեղ ասել է, այդ հարցին կպատասխանի, եթե պատգամավորներն իրեն հարցնեն, Վաղարշյանն ասաց, որ հարցադրումը ՍԴ-ում ճգնաժամի մասին չի եղել, այլ եղել է ընդունված օրենքների և ՍԴ փոփոխությունների մասին: «Ես ասացի՝ ես պարտավոր չեմ ասելու, երբ հարցադրումը լինի Աժ-ում, կասեմ։ Երբ նախագահականում եղավ հարցադրումը, ես ասացի, որ չեմ գնահատում դա որպես հակասահմանադրական, որովետև եթե գնահատեի հակասահմանադրական, կստացվեր՝ այնքան բարոյալքված եմ, որ որոշել եմ մասնակցել հակասահմանադրական գործընթացի»,- ասաց նա: