Մտահոգիչ է, որ երկու ընդդիմադիր խմբակցությունները որևէ մասնակցություն չեն ցանկանում ունենալ Սահմանադրական դատարանի նորացման գործընթացին՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՍԴ դատավորների ընտրության գործընթացին։
Անդրադառնալով Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցով ԼՀԿ-ի հարցապնդմանը և հարցին, թե գո՞հ են նախարարի աշխատանքից, Լիլիթ Մակունցն ասաց. «Մենք չունենք այն տեսակետը, որ բոլորս աշխատում ենք կատարյալ, և մոտեցումների վերանայման աշխատանքում որոշակի շտկումներ մտցնելու կամ քննադատություններին ականջալուր լինելու անհրաժեշտություն չունենք, առաջինը ես իմ մասին եմ խոսում: Բնականաբար, մենք չենք կարծում, որ կան այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում պարոն Հարությունյանի պաշտոնավարումը առնվազն այս պահին: Այնպես որ առաջիկայում նույնպես քննարկումների առիթ կունենանք նախարարի հետ և մեր դիտարկումները կներկայացնենք»: Կարանտինի մասին Լիլիթ Մակունցը նկատեց, որ համավարակի դեմ պայքարը դեռ շարունակվում է:
«Արտակարգ դրությունը իրենից ենթադրում է շատ ավելի խիստ սահմանափակումներ, քան արտակարգ իրավիճակը: Դրանով պայմանավորված, նաև մեր ընդդիմադիր գործընկերների առաջարկն է եղել և մենք փոխել ենք ռեժիմը: Իհարկե, սա չի նշանակում, որ կանոնները խստորեն չպետք է պահպանվեն, պարզապես որոշակի մեղմացումներ առանձին դեպքերում կան»,-ասաց նա և օրինակ բերեց մշակութային հաստատությունների աշխատանքը, բուհերի, դպրոցների աշխատանքի վերսկսումը: