ԱԺ նիստում պատգամավոր Արման Բաբաջանյանը կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Էդգար Շաթիրյանին մեղադրեց կեղծ հայտարարագիր ներկայացնելու, նախկին իշխանություններին ծառայելու մեջ։
Ի պատասխան Էդգար Շաթիրյանն ասաց․ «Երբվանի՞ց դարձաք ազգի փրկիչ, ես էլ դարձա ազգակործան էլեմենտ։ Ո՞վ է ձեզ բարոյական իրավունք տվել այդչափ կտրուկ և վիրավորական գնահատականներ հնչեցնել բարոյական նկարագրիս վերաբերյալ։ Մի ձեր անցած ուղին նայեք, մտածելու շատ տեղ ունեք։ Չգիտեմ՝ ձեր աղբյուրները ձեզ ինչ են փոխանցել, ինչ են շշնջացել ձեր ականջներին, իմ գույքային դրության հետ կապված ձեր դատողությունները անհեթհեթությունների ժանրից են»։
Շաթիրյանն ասաց, որ գույք ու եկամուտ չի թաքցրել։ «Ես շատ ցավում եմ, պարոն Բաբաջանյան, որ դուք դարձել եք իմ դեմ սանձազերծված այս կեղտոտ խաղի սանձազերծողը, եթե ոչ կազմակերպիչը»,- հավելեց Շաթիրյանը։
Արման Բաբաջանյանն իր ելույթում ասել էր, որ Բարձրասիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում պաշտոնը Էդգար Շաթիրյանին ապահովել է զգալի նյութական միջոցներ ու բարեկեցություն։ Շաթիրյանն ու նրա հետ փոխկապակցված 13 անձինք ունեն բազմաթիվ գույքային սեփականություններ։ Էդգար Շաթիրյան ասաց, որ մեկ բնակարան ունի Երևանի կենտրոնում, մնացած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: