Աժ ԼՀԿ խմբակցության անդամ Անի Սամսոնյանն այսօր խորհրդարանում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ասաց.
«Դուք որպես ԱԺ պատգամավոր 2017-2018-ին՝ «Ելք» խմբակցությունից, հնարավորություն եք ունեցել այս դահլիճ բերել հրավառ նյութեր և ակցիա իրականացրել։ Հիմա, խնդրում եմ բացատրել, թե ինչով ես կարող եմ խանգարել, եթե իմ անմեղ պաստառը, որը ոչ հրավառ նյութ է, ոչ ծակող գործիք է, չի կարող մտնել այս դահլիճ, որպեսզի ես կարողանամ ինձ մոտ փակցնել»։ Անի Սամսոնյանը Արարատ Միրզոյանին խնդրեց հրահանգել աշխատակազմին, որպեսզի թույլ տան պաստառը ներս մտցնել. «Հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, որ Դուք փորձում եք այստեղ բոլոր ձևերով խեղդել մեր բոլոր ակցիաները»։ «Ես ոչ մեկին չեմ պատրաստվում խեղդել, Աստծո սիրուն, ինչ ակցիա ուզում եք, արեք, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է իմ՝ հրավառ նյութերը ներս բերելու դեպքին, անկեղծ ասած՝ մենք հեղափոխություն էինք անում և այդպես ստացվեց», - արձագանքեց Արարատ Միրզոյանը։