Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել եմ զրո քննարկում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով պատգամավորի՝ իր պատճառով մանդատը վայր դնելու թեմային, ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նախարարի խոսքով՝ Ջուլֆալակյանը կարող էր հարցեր բարձրացնել: «Այդ դեպքում հնարավոր է՝ կոնկրետ քննադատության մի մասն ընդունեինք և շտկումներ անեինք, մի մասի դեպքում բացատրեինք, որ Ջուլֆալակյանի դիրքորոշումների հիմքում եղած փաստերն իրականությանը չեն համապատասխանում», - ասաց նախարարը: Ի պատասխան դիտարկմանը, որ ընդդիմությունը պահանջում է իր հրաժարականը և հարցապնդմամբ դիմել է ԱԺ, նախարարն ասաց որ հարցապնդման ժամանակ ամեն ինչին կանդրադառնա հատ-հատ:
«Եթե հիմքեր լինեն՝ ես մեկ րոպե ավելի չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Կխնդրեմ մեր գործընկերներին հրաժարականներով ինձ չվախեցնել: Ես չեմ վախենում դրանից: Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ եղել և եմ», - ասաց Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ հրաժարականն իր օրակարգի հարցը չէ: Իր օրակարգում ոլորտի բարեփոխումներն ու նորություններ բերելն է: