Սեպտեմբերի 15-ին կայացել է ՀՀ-ԱՄՆ առևտրի և ներդրումների համատեղ խորհրդի երրորդ առցանց նիստը, քննարկվել են ՀՀ-ի ԱՄՆ միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացվող հարցեր աշխատանքի, առևտրի տեխնիկական խոչընդոտների, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգ (GSP) ծրագրի, ԱՄՆ ներմուծման սանիտարական և բուսասանիտարական պահանջների, ԱՀԿ շրջանակներում բանակցությունների, առևտրային դիվանագիտության ոլորտում համագործակցության, COVID-19-ի առնչությամբ ոլորտային համագործակցության հնարավոր ուղղությունների և այլնի վերաբերյալ։ ՀՀ-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի երրորդ նիստը հայկական կողմից նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ԱՄՆ-ի կողմից՝ առևտրի ներկայացուցչի տեղակալ Դենիել Մուլանին։
Խորհրդի նիստի աշխատանքներին մասնակցել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Հայկական կողմից նիստին մասնակցել են նաև ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի, Էկոնոմիկայի, Արտաքին գործերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների և Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի պատասխանատու աշխատակիցները: