Հայաստանի մարմնամարզության և ակրոբատիկայի ֆեդերացիայի նախագահ, մարզադպրոցի տնօրեն Ալբերտ Ազարյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ մարզադպրոց այցելության ժամանակ նշել է, որ շենքային և գույքային պայմանները ոչ միայն չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին, այլև հնարավորություն չեն տալիս մարզիկներին լիարժեքորեն մարզվելու: Հ․ Մարությանը նշել է, որ քաղաքապետարանը նախատեսում էր վերանորոգել մարզադպրոցը, սակայն սեյսմիկ ուսումնասիրություններից հետո պարզ է դարձել, որ նորոգումն անհնարին է: Խնդրի համալիր լուծումը նոր շենք կառուցելն է։
Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ասվում է նաև, որ տարածքի վերջնական ընտրությունը կարվի առաջիկայում: Նոր շենք՝ նոր ենթակառուցվածքներով, մարզագույքով և հարմարավետ պայմաններով ունենալու համար նախ կհայտարարվի նախագծային մրցույթ:
Կառուցումից՝ 1969 թվականից մինչև օրս դպրոցը երբևէ չի հիմնանորոգվել: Կոսմետիկ նորոգում վերջին անգամ եղել է շուրջ 20 տարի առաջ։ Այսօր մարզադպրոցն ունի շուրջ 200 սան: Այստեղ են մարզվում նաև սպորտային մարմնամարզության ՀՀ ազգային հավաքական թիմի անդամները, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների չեմպիոններն ու մեդալակիրները: