Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է՝ Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության պրոցեսում կային մարդիկ ու շրջանակներ, որոնք անընդհատ ուզում էին խոսել հեղափոխության արժեքների մասին և փորձում էին իրավիճակը համեմատել հեղափոխության արժեքների հետ: Այնպիսի տպավորություն էր, որ հեղափոխությունը կառավարած կամ ղեկավարած քաղաքական թիմը ընդհանրապես գաղափար չունի հեղափոխության արժեքների մասին, և մարդիկ, ովքեր հեղափոխության մասին իմացել են մայիսի 8-ից մի շաբաթ հետո, իրենք դարձել են հեղափոխության արժեքների ջերմեռանդ պաշտպաններ: Այդպե՞ս է արդյոք, ես ուզում եմ ասել, որ ոչ, ադպես չէ», - ասաց վարչապետը: Նա նշեց, որ ամեն իրավիճակում կան խմբեր ու ուժեր` քաղաքական, ոչ քաղաքական, որ ուզում են իրենց օրակարգը, շահերը, մարդկանց, թեկնածուներին, «կամակատարներին այսպես ասած` հանրության անունից որոշակի տեղերում տեղավորեն»:
«Ես կարծում եմ, որ այն, ինչ տեղի է ունեցել Ազգային ժողովում, շատ կարևոր բան է տեղի ունեցել` Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է, փակվել է», - շեշտեց վարչապետը` միաժամանակ նկատելով, սա չի նշանակում, որ ձևավորվել է իդեալական Սահմանադրական դատարան, կառավարությունն էլ իր թեկնածուին առաջադրել է «իր լիազորությունների շրջանակում որոշում կայացնելով»: