Թուրք-քրդական հարցերով փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ զրուցում ենք Ադրբեջանի նախագահ Ալիևի, Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Հայաստանին ուղղված մեղադրանքների և այլ թեմաներով։
-Ինչպե՞ս կգնահատեք Ալիևի օրերս հնչեցրած հայտարարությունը, թե Հայաստանի իշխանությունները տապալել են Արցախյան հարցի շուրջ բանակցությունները և պատրաստվում են նոր պատերազմի։ Ի՞նչ շարժառիթ, ի՞նչ հիմքեր ունի Ադրբեջանի նախագահը նման հայտարարություն անելու համար։
-Ալիևը բանակցությունների տապալումից չպետք է խոսի, քանի որ հենց նա է ամեն ինչ անում, որ բանակցությունները տապալվեն։ Եթե խոսում է «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտության պատճառով բանակցությունները տապալելու մասին, ապա 2016 թվականին հայկական կողմն ի՞նչ էր ասել, որ ինքը նախաձեռնեց ապրիլյան պատերազմը։ Ալիևը պարզապես կրկին փորձում է սպասվող պատերազմի մեղքը գցել հայկական կողմի վրա, ինչպես միշտ է անում։
-Ալիևը նշում է Փաշինյանի հետ պայմանավորվածությունների մասին։ Ըստ Ձեզ՝ այդ պայմանավորվածությունները եղե՞լ են։
-2018 թ. ապրիլ-մայիս ամիսների ներհայաստանյան իրադարձություններից հետո բոլորս էլ գիտենք, որ լարվածությունն առաջնագծում թուլացել էր, դրա մասին բազմիցս խոսվել է։ Բանակցությունները վերսկսելու համար Հայաստանի նոր իշխանությանը հարկավոր էր ժամանակ, որպեսզի ուսումնասիրի բանակցությունների մանրամասները։ Այն ժամանակ բազմաթիվ անգամ հենց մեր իշխանությունը ակնարկել է, որ ժամանակ է պետք, որպեսզի ամբողջովին ծանոթանան բանակցային գործին։ Այս առումով Ալիևը նորություն չի ասել։ Սակայն արդեն 2019-ի սեպտեմբերից Ադրբեջանը սկսեց լարվածություն մտցնել առաջնագծում, քանի որ սկսվել էին հանդիպումները, որոնք, ըստ էության, արդեն բանակցություններ էին։
-Հայաստանն իրավասու՞ է պաշտպանելու Արցախի ժողովրդի ինքնորոշման և պատմական հայրենիքում ապրելու իրավունքը։
-Այո, դա նույնիսկ կասկածի տակ չի դրվում։ ՀՀ զինված ուժերն իրավասու են ոչ միայն պաշտպանելու, այլև պատժիչ գործողություններ իրականացնելու, դրա վառ ապացույցն են հուլիսյան մարտերը։
-Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, թե Հայաստանը Հարավային Կովկասում խաղաղությանը խոչընդոտող թիվ մեկ գործոնն է։ Միջազգային բարձր ատյանից հնչեցրած այս սպառնալիքի նպատակը ո՞րն է։
-Հեռուն գնացող նպատակներ ունի Թուրքիան, և ես դրա մասին խոսել եմ դեռևս տարիներ առաջ։ Թուրքիայի նպատակն է Հարավային Կովկասում ունենալ ռազմական ներկայացվածություն, իսկ դրան հասնելու միակ ճանապարհը Հայաստանին ռազմական անկայունություն հրահրելու և վտանգ ներակայացնելու մեջ մեղադրելն է, ինչպես անում է իր մյուս հարևանների դեպքում։ Մենք պետք է շատ կոշտ արձագանքենք այս ստահոդ ու մերկապարանոց մեղադրանքին, և միջազգային հանրությանը ներկայացնենք Էրդողանի իրական նպատակները։
-Օրերս նշեցինք ՀՀ Անկախության 29-րդ տարեդարձը։ Այս տարիների ընթացքում Հայաստանը կարողացե՞լ է դառնալ սուվերեն պետություն։
-ՀՀ-ն միշտ եղել և մնում է սուվերեն պետություն։ Եթե մենք կարողանում ենք լինել հայկական երկրորդ պետության անվտանգության երաշխավորը, եթե մենք կարողանում ենք մեր ներքին քաղաքական հարցերը լուծել ինքնուրույն, եթե մենք կարողանում ենք արտաքին քաղաքականությունը վարել ինքնուրույն, դա ինքնին խոսում է սուվերենության մասին։ Այլ հարց է, որ ժամանակ առ ժամանակ ընկնում ենք այս կամ այն պետության կամ միջազգային կազմակերպության ազդեցության տակ և գործում որոշակի սահմանափակումներով։ Կարծում եմ՝ դա էլ է պետք, որպեսզի ավելի խոր գիտակցենք, թե ինչ անգնահատելի արժեքներ են անկախությունն ու ազատությունը։
Զրուցեց Լիլիթ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ