ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտում է Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողությունները, որոնք սպառնում են վերածվել լայնածավալ պատերազմի: Երեկ այս հարցի շուրջ Նյու Յորքում փակ դռների հետևում անցկացրած քննարկումներից հետո կառույցի անդամ 15 պետությունները կոչ արեցին կողմերին անմիջապես դադարեցնել բախումները և անհապաղ վերսկսել բովանդակային բանակցությունները` առանց որևէ նախապայմանի: Հայտարարությունը, որ ընդունվել է միաձայն, աջակցություն է հայտնում նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, որ ավելի վաղ հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ և կոչ արել դադարեցնել կրակն ու հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով` Մինսկի խմբի համանախագահների հետ:
Վերջին անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ղարաբաղյան հակամարտությունը քննարկել էր 1993-ին: Այս անգամ քննարկումը նախաձեռնել էր Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ Էստոնիան։ Բալթյան պետությանն աջակցել էին Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան։ Հայաստանի ու Ադրբեջանի դեսպանները քննարկմանը ներկա չէին, Անվտանգության խորհրդի նախագահ Աբդու Աբարին չի բացառել, որ ՄԱԿ-ը կարող է նաև քննարկում նախաձեռնել նրանց մասնակցությամբ: «Եթե անհրաժեշտություն լինի, մենք կխոսենք նաև երկու դեսպանների հետ, որպեսզի նրանք կարողանան փոխհամաձայնության գալ», - ըստ ՏԱՍՍ գործակալության, ասել է Անվտանգության խորհրդի նախագահը: Այլ մանրամասներ նիստից չեն հաղորդվում: