Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Մահացել է պատմաբան Արտակ Մովսիսյանը

Մահացել է պատմաբան Արտակ Մովսիսյանը
03.10.2020 | 13:32

Կորոնավիրուսից մահացել է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը:
Վաստակավոր պատմաբանը ծնվել է 1970-ին Աբովյանում: 1990-1994-ին ուսանել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում: Ուսանողական տարիներին գրած առաջին մենագրությունը («Հնագույն պետություն Հայաստանում. Արատտա», Երևան, 1992) «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարած «Երիտասարդ գիտնականներ-1993» մրցույթում ճանաչվել է հաղթող՝ լավագույն պատմագիտական աշխատանք: 1994-1997 թթ. շարունակել է կրթությունը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում, որն ավարտել է «Վանի թագավորության (Բիայնիլի, Ուրարտու, Արարատ)» մեհենագրությունը» ատենախոսության պաշտպանությամբ՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովների: Հեղինակ է մեկ տասնյակից ավելի պատմագիտական ուսումնասիրությունների (մենագրությունների), հինգ փաստագրական ֆիլմերի և ավելի քան երեք տասնյակ գիտական հոդվածների։
2015 թ. սեպտեմբերի 22-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հայաստանի գրավոր մշակույթը նախամաշտոցյան ժամանակաշրջանում» թեմայով, որի համար նրան շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Արտակ Մովսիսյանը 1997-ից որպես գիտաշխատող աշխատում էր ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում (2004-ից՝ ավագ գիտաշխատող): 1991-1997 թթ. որպես գիտաշխատող աշխատել է նաև Հայաստանի պատմության պետական թանգարանում: 2016-ից ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչն էր: Մեծանուն պատմաբանի գրչին են պատկանում հայոց պատմության հնագույն շրջանին առնչվող երկու տասնյակից ավելի մենագրություններ, հայոց պատմության հնագույն շրջանին, կարևորագույն իրադարձություններին ու առանցքային դեմքերին նվիրված 5-ից ավելի ֆիլմեր, հարյուրավոր հաղորդումներ, ձեռնարկներ ու հրապարակումներ:
ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի՝ հայոց պատմության մի շարք հիմնահարցերի, հատկապես հայոց հնագույն պետականությունների վերաբերյալ ուսումնասիրությունները հայեցակարգային նշանակություն են ունեցել հայ պատմագիտության զարգացման գործում: Հայրենապաշտ պատմաբանի մարդկային նկարագրի, գիտական պատկառելի վաստակի և հայ պատմագիտության մեջ թողած լուսավոր հետագծի մասին շարադրանքը դեռ ստեղծվելու է:

Դիտվել է՝ 1216

Մեկնաբանություններ