«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի շրջանակում հանգանակված գումարներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կփոխանցի 1100 000 ԱՄՆ դոլար գումար՝ տեղեկացնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից:
Այդ գումարից 932.892 ԱՄՆ դոլարը հանգանակել և Հիմնադրամին է տրամադրել OneArmenia կազմակերպությունը, 100.000–ը Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը, մնացած գումարը՝ 67.108 ԱՄՆ դոլար, փոխանցումներ են անհատ նվիրատուների կողմից: Նվիրատուների հետ նախապես պայմանավորվածություն է եղել, կամ փոխանցման նպատակը դաշտում նշված է եղել խնդրանք՝ գումարը փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, ինչը և իրականացվել է:
Հիմնադրամը կշարունակի աջակցել նաև վիրավոր զինծառայողների բուժման և առողջության վերականգնման տարբեր ծրագրերին:
Սփյուռքի տարբեր համայնքներում շարունակվում է հայրենիքին սատարման և արցախցիներին օգնելու նպատակով դրամահավաքները: Վերջինն Արգենտինայում մի քանի օր առաջ մեկնարկած Ֆոնեթոնն էր, որի արդյունքները շուտով կամփոփվեն: