Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ազգային մեծ ժողովում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացին։ «Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հույսի շող կա: Մենք գտնվում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովման վերջին փուլում. Մեր երկիրն աջակցում է երկկողմ բանակցություններին»,- նշել է նա։               

«Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան

«Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան
19.01.2021 | 12:29

Գրող, գականագետ, թարգմանիչ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹՈՓՉՅԱՆԻ հետ զրուցել ենք նրա՝ «Բանկ Օտոման» վեպի լատվիերեն թարգմանության առիթով։ Սա «Բանկ Օտոմանի» վեցերորդ թարգմանությունն է` ռումիներենից, ֆրանսերենից, ռուսերենից, պարսկերենից և սերբերենից հետո:

- «Բանկ Օտոման»-ը անցած երեսուն տարվա ընթացքում լույս տեսած հայ գրողների գործերից ամենաթարգմանվածն է` ռումիներեն, ֆրանսերեն, ռուսերեն, պարսկերեն, սերբերեն և, վերջապես, լատվիերեն : Ինչո՞վ եք բացատրում այս հաջողությունը : Ի՞նչն է գրավել օտար հրատարակիչներին` գեղարվեստական արժանիքնե՞րը, ժա՞նրը, բովանդակությո՞ւնը, պատմական փաստե՞րը…

– Նախ պատմական փաստերը։ «Բանկ օտոման» գործողությունը ժամանակին ցնցել էր ամբողջ Եվրոպան: Մամուլը ներկայացնում էր որպես ահաբեկչություն, մինչդեռ դա ընդամենը պատասխան արարք էր` ընդդեմ կազմակերպված և հետևողականորեն իրագործվող պետական ահաբեկչության: Սակայն անարխիստների գործողություններից ահուսարսափած Եվրոպան ու Ռուսաստանը փաստորեն չտեսնելու դրին արյունոտ սուլթանի 300.000 զոհերը, և զոհերի հարազատների անխուսափելի հակազդեցությունը դիտարկեցին լոկ ահաբեկչական համատեքստի մեջ: Բնական է, որ այս պատմությունը պիտի ներկայացվեր որպես արկածային վեպ, իսկ գեղարվեստական արժանիքնե՞րը… Ի՞նչ ասեմ, տաշած քարը լավ գիտեք, որ գետնին չի մնում:

- Եթե գաղտնիք չէ, կարո՞ղ եք ասել, թե Ձեր վեպն ինչպես է հայտնվում օտար հրատարակիչների ուշադրության կենտրոնում, Ձեր նախաձեռնությա՞մբ, թարգմանիչների՞, թե՞ այլ կերպ:

- Ե՛վ մեկը, և՛ մյուսը, և՛ «այլ կերպը»: Անշուշտ, վճռական նշանակություն ունեցավ այն փաստը, որ վեպն արդեն թարգմանվել էր ռուսերեն և ֆրանսերեն: Այս վերջին թարգմանության պարագայում նախաձեռնողը հիմնականում լատվիական կողմն էր։ Առիթից օգտվելով ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Լատվիայի հայկական գաղութի լուսավոր դեմքերից մեկին` տաղանդավոր արձակագիր, լրագրող Ալեքսանդր Գերոնյանին, որն արդեն քանի տարի հայկական մշակույթի եռանդուն պրոպագանդիստն է դարձել Ռիգայում: Տպագրում է «Արարատ» թերթը և «Կռունկ» հանդեսը, պարբերաբար կազմակերպում մշակութային զանազան միջոցառումներ, հետևում, որ հայ գրողների ստեղծագործությունները թարգմանվեն և տպագրվեն լատվիական հրատարակություններում: «Բանկ Օտոմանը» լույս է ընծայել լատվիական «Զելտա Ռուդենս պրինտինգ» հրատարակչությունը, թարգմանիչն է Անդրիս Ձենիսը:

- Բնագրի՞ց, թե՞ երկրորդ լեզվից է թարգմանել:

- Երկրորդ լեզվից` ռուսերենից: Սակայն ես դժգոհելու պատճառ չունեմ, քանի որ դա հեղինակազորված թարգմանություն է, Անահիտ Թոփչյանն է թարգմանել, և Մոսկվայում լույս տեսավ առանց մի բառ խմբագրելու, ուստի կարող եմ ասել, որ լիովին համարժեք է բնագրին :

- Աշխարհաքաղաքական իրողությունները, որոնց ականատեսն ենք այսօր, մեզ հուզող բազում հարցերի պատասխանը կարո՞ղ ենք փնտրել այս վեպում:

– Ոչ միայն կարող ենք փնտրել, այլև գտնել, ըստ որում զարմանալի նմանություններ այսօրվա և այն տարիների հետ։ Եվ շարունակ վարագույրից անդին, կուլիսների խորքում տեսնում ենք անգլո սաքսոններին: Այն տարբերությամբ, որ այսօր բրիտանացիներին միացել են ամերիկացիները, և մեջտեղը դարձյալ էներգակիրների խնդիրն է: XIX դարի վերջին Բաղդադն էր, այսօր ավելացավ Իրանը: Եվ ինչպես այն ժամանակ, հիմա էլ ուզում են մեզ` ուրիշի համար կրակից շագանակ հանողի դերը հատկացնել:

– Ձեր վեպն ընթերցելիս, յուրաքանչյուր տեսարանն ասես տեսնեի էկրանին : Լարված, գրավիչ պատում և, ինչպես ասացիք, խիստ արդիական նյութ: Մեր կինեմատոգրաֆիստներն արդյոք չե՞ն հետաքրքվել այս վեպով, Ձեզ հետ չեն բանակցե՞լ։

– Ի՞նչ եք կարծում, այս սերիալային հակագեղագիտական և հակազգային ծրագրերում նման վեպը կարո՞ղ էր տեղ գտնել:

- Եվ մի վերջին հարց. երկա՞ր պիտի սպասենք յոթերորդ թարգմանության հայտնվելուն:

– Հավանաբար ոչ։

Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 89444

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ