Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

Տիգրան Ուրիխանյանը Հայաստանի փրկությունը տեսնում է ՌԴ-ի հետ նոր միութենական միավորման ձևավորման մեջ

Տիգրան Ուրիխանյանը Հայաստանի փրկությունը տեսնում է ՌԴ-ի հետ նոր միութենական միավորման ձևավորման մեջ
30.01.2021 | 18:05

Եթե արտահերթ ընտրություն լինի, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը դրան կմասնակցի վարչապետի իր թեկնածուով։ Այս մասին կուսակցության կազմակերպած համաժողովին հայտարարեց այդ քաղաքական ուժի ղեկավար Տիգրան Ուրիխանյանը՝ հավելելով, որ ժողովուրդը պետք է որոշի արտահերթ ընտրություններ պիտի լինեն, թե ոչ։ Առաջիկայում հրավիրվելու է հանրահավաք, որի ժամանակ ժողովուրդն ինքը կորոշի, թե ինչպես անել իշխանափոխությունը՝ փողոց դուրս գալու, թե ընտրությունների միջոցով: «Եթե հասարակական պահանջը եղավ, որ պետք է լինեն ընտրություններ, մենք չենք սպասելու, որ իշխանությունն ընտրություն անի, մենք ինքներս պետք է այդ գործողությունը գեներացնենք»,- հայտարարեց Ուրիխանյանը և անդրադարձավ այս իշխանության բացթողումներին ու ոլորտների աշխատանքների տապալմանը։
Ըստ բանախոսի, իշխանությունը բավարար ժամանակ է ունեցել երկրում իրական փոփոխություններ անելու, մարդկանց միջև արդարություն արթնացնելու, աղքատների բանակը կրճատելու, ամենափոքր խոստումներից մինչև ամենամեծ գաղափարական ծրագրերն իրականացնելու համար, սակայն ամեն ինչ ավարտվեց այս խայտառակ պարտությամբ, որի պատասխանատուն վարչապետն է ու պետք է օր առաջ հրաժարական տա։


«Ալյանս» կուսակցության ղեկավարը, ինչպես նախկինում խոսել էր Ռուսաստանի հետ միութենական պետություն ձևավորելու անհրաժեշտության մասին, այս անգամ էլ հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի համար այդ միավորման քաղաքական, տնտեսական, ռազմավարական, անվտանգային կարևորությունը։ Նախ արձանագրելով, որ այս պահին մեր երկիրը կարող է միայն Ռուսաստանի հետ նման համագործակցության մեջ լինել, քանի որ այլընտրանք չունենք, նա շեշտեց, որ պատերազմի օրերն էլ ապացուցեցին, որ Արևմուտքը չէր տեսնում ու չէր լսում, թե թուրք-ադրբեջանական տանդեմն ինչ ռազմական հանցագործություններ էր կատարում։ «Որտե՞ղ էր նրանց ժողովրդավարությունը»,- հռետորական հարցադրում հնչեցրեց քաղաքական գործիչը։ «Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը 44 օր շարունակ ասում էր, թե սպանում էին երեխաների, խաղաղ բնակիչների, կանանց, ծերերի, հաշմանդամների, զինվորականության հետ կապ չունեցող մարդկանց, գործածվում էր քիմիական զենք, ճշտգրիտ հարվածներով ռմբակոծվում էին ծննդատուն և հումանիտար այլ նշանակության օբյեկտներ, որտե՞ղ էին նրանք, որոնք ԱՄՆ դեսպանի շուրթերով հայտարարում են, թե Հայաստանում ժողովրդավարությունն անգին է, և այն պետք է շարունակվի: Բայց ժողովրդավարությունը որտե՞ղ էր, երբ ճշտգրիտ հարվածում էին ծննդատանը»,- զայրացած նշեց Ուրիխանյանը։


Առանձնացնելով հատկապես անվտանգության հարցը, Տիգրան Ուրիխանյանը փաստեց․ «Ռուսաստանի Դաշնության հետ նոր ձևաչափի միութենական միավորում ձևավորելու պարագայում մենք նախ և առաջ տեսնում ենք միացյալ սահմանապահ զորամիավորման ձևավորման անհրաժեշտությունը, նոր ռազմաբազայի տեղակայմամբ՝ դրանից բխող ենթակետերով, ստորաբաժանումներով։ Եվ թող որևէ մեկը հակադարձի՝ արդյոք հայաստանցիներն ուզում են, որպեսզի մեր երեխաները պաշտպանեն հայրենիքը՝ կանգնելով թուրքի դեմ հանդիման սահմանագծին, թե՞ որ դա անեն ռուսաստանցի զինծառայողները: Թող որևէ մի հայաստանցի պատասխանի հետևյալ հարցին՝ լա՞վ է, թե՞ վատ, որ մենք այս բանաձևով հնարավորությունն ենք ունենալու բերել և գործարկել մի քանի միլիարդի ռազմամթերք, մարդկային ռեսուրս»:


Ինչ վերաբերվում է նրան, որ միութենական միավորմամբ Հայաստանն ինքնավարության կորուստ կունենա, քաղաքական գործչի պնդմամբ, կենցաղային խոսակցություններ են, իսկ Հայաստանի ինքնավարության զիջման մասին խոսք անգամ լինել չի կարող։ Ավելին, որպես օրինակ, պատգամավորը նշեց Բելառուսը, ԵՄ անդամ պետությունները։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 87893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ