ԱՄՆ նախկին պետքարտուղար, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական, դիվանագետ Հենրի Քիսինջերի «Աշխարհակարգ» աշխատությունն արդեն հայերենով հասանելի է ընթերցողների համար։
Համաշխարհային բեսթսելերի հայերեն թարգմանությունն ու հրատարակությունն իրականացրել է «Պրոֆիլ մեդիա» ընկերությունը։ Գիրքը հայերեն է հրատարակվել ընկերության կրթական-ակադեմիական նշանակության ծրագրերի շրջանակում՝ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի օժանդակությամբ։
«Աշխարհակարգ»-ում Հենրի Քիսինջերը խորաթափանց վերլուծությամբ և պատմական իրադարձությունների համադրությամբ անդրադառնում է 21-րդ դարում մարդկության առջև ծառացած գլխավոր հարցին. տարամիտվող պատմական հեռանկարներով, բռնությամբ ուղեկցվող կոնֆլիկտներով, տեխնոլոգիական և տարածվող գաղափարական ծայրահեղականության աշխարհում ինչպե՞ս կառուցել բոլորի համար ընդունելի միջազգային կարգեր։ Սադրիչ և հոդաբաշխ, աշխարհաքաղաքական կանխատեսումներն ուրվագծող համաշխարհային այս բեսթսելլերն ընթերցողներին առաջարկում է համատեղ ճամփորդություն՝ աշխարհի նորագույն պատմության ամենակարևոր դրվագներով։ Գիրքը հնարավոր է ձեռք բերել երևանյան գրախանութներից։