Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

«Ասկե անուշ ազգանուն ուսկե՞ պիտի գտնայի»

«Ասկե անուշ ազգանուն ուսկե՞ պիտի գտնայի»
31.08.2022 | 07:30

․․․Հանդիպումներից մեկի ժամանակ հարց տվին, թե ամերիկյան ընթերցողներն արդյոք գիտե՞ն, որ իր գործերում նկարագրված մարդկանցից շատերը հայեր են, չէ՞ որ հայկական անունները կարող են ոչինչ չասել նրանց:


–Չեմ գիտեր,-պատասխանեց նա,-բայց մեկ բան լավ գիտեն, գիտեն, որ ես եմ հայ: Միշտ կհիշեն, որովհետև չեմ թողուր, որ մոռնան: Հատկապես քննադատներ լավ կհիշեն։ Ժամանակին անոնք կմեղադրեին ինձի, կըսեին՝ սենտիմենտալ է... Ծո, ձեր ի՞նչ գործ, թե ես ինչպես եմ, հայ եմ ու սենտիմենտալ եմ։ Ամեն մարդ ալ քիչ մը սենտիմենտալ է...
Օր մը քիչ մը գինով եմ, օրորվելով կքալեմ։ Մարդ մը մոտեցեր, ինձի կըսե՝ Ինչու՞ ատանկ կքալես... Կըսեմ՝ սարխոշ եմ, ատանկ կքալեմ, քու ի՞նչ գործ... Հիմա ալ կրիտիկներ՝ սենտիմենտալ է, ծո, ձեր ի՞նչ գործ, հայ եմ, ասանկ եմ... Այդ կրիտիկներեն մեկը նաև օր մը հարց տվավ ինձի, ձեր ազգանուն ինչու՞ չեք փոխած... Դե, լսե, ըսի, Սա-րո-յան...
Վանկերն առանձնացնելով, բարձր, երգեցիկ ձայնով արտասանեց իր ազգանունը՝ երգի պես վայելելով նրա հնչյունները։
–Սա-րո-յան... Ըսի՝ ասկե անուշ ազգանուն ուսկե՞ պիտի գտնայի...
Շարունակեց.
-Գիտե՞ս, իմ անուն ալ չեմ փոխած, սկզբեն Վիլյամ եղած եմ։ Իմ հայր ու մայր նախապես որոշած են եղեր իմ անուն Պետրոս դնել... Պետրոս Սարոյան... Անուշ է, չէ՞։ Բայց իմ ծնունդեն մեկ ամիս առաջ մահացեր է հորս բարեկամը, ամերիկացի պատվական մարդ մը, անունը՝ Վիլյամ... Հայրս շատ սիրած է այդ մարդուն և անոր անուն տված է ինձի։ Եթե այդ մարդ չմահանար, Պետրոս Սարոյան պիտի ըլլայի...
Հարցրեց ինձ.
-Քու հոր անուն ի՞նչ է։
-Արմենակ։
-Իմ հոր անունն ալ Արմենակ է։
Ներկաներից մեկն ասաց.
-Իմ հոր անունն էլ է Արմենակ։
-Հիանալի է, ուրեմն Արմենակ կշարունակի։
Անունների նկատմամբ հատուկ հետաքրքրություն ուներ։
Որևէ մեկի հետ ծանոթանալիս նախ կհարցներ անուն-ազգանունը և նոր միայն կսկսեր հետը զրուցել։


ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ («Բարի հսկան» գրքից)
Սիլվա Յուզբաշյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 17361

Մեկնաբանություններ