Աստծո կանչը. ամենօրյա պատգամներ
Մարտի 17
Առանձնացիր` Ինձ հետ հաղորդակցվելու համար: Լուռ հանգստացիր ու հանդարտվիր այդ
անդորրի ու խաղաղության մեջ: Չկա ավելի մեծ ուրախություն, քան այն, որ դու գտնում ես`
ընկերակցելով և Ինձ հետ խոսելով:
Դու Ինձ ես պատկանում: Երբ հոգին իր հանգստի տունը գտնում է Ինձ մոտ, այդ ժամանակ
է, որ սկսվում է նրա իսկական կյանքը: Իմ թագավորության մեջ մարդու տարիքը չի
չափվում տարիներով, ինչպես մարդիկ են անում; Մենք մարդու իրական կյանքը հաշվում ենք
երկրորդ ծննդից, ինչի մասին Ես հայտնեցի Նիկոդեմոսին` ասելով, «Պետք է, որ դու
վերստին ծնվես»: Մենք Հավիտենական Կյանքից զատ, ուրիշ մի կյանք չենք ճանաչում. երբ
որևէ մարդ ներս է մտնում այդ կյանքի մեջ, այդ ժամանակ է, որ ապրել է սկսում:
Իսկ Հավիտենական Կյանքը նշանակում է` ճանաչել Աստծուն` Իմ Հորը, և Ինձ` Որդուն,
ուղարկված Իր կողմից: Այնքան անմիտ, տղայական ու դատարկ է այն կյանքը, որ մարդիկ
ապրում են` մինչև վերստին ծնունդ առնելը: Սեր եմ տեղում ձեր վրա: Փոխանցեք Սերը
ուրիշներին:
Վախկոտ մի՛ եղեք: Վախը ավելի մեծ անմտություն է, քան այն տղայի արարքը, որ քիչ
փող, բայց հարուստ հայր ունենալով` մտահոգության է մատնվում` տան վարձը տալու և իր
առօրյա կարիքները հոգալու համար: Ի վերջո` այդ գործը, որի մասին դու այդպես
մտահոգվում ես, Ի՞մ գործն է, թե՞ ոչ: Դուք պետք է անվերապահորեն վստահեք Ինձ: