Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Ապրիլի 24
Հնարավոր չէ, որ դուք կորչեք, Իմ որդիներ, որովհետև ձեր մեջ կա կյանքի Կյանքը. այն Կյանքը, որ բազում դարերի ընթացքում ոտքի վրա է պահել Իմ հետևորդներին` վտանգի, թշնամանքի, հակառակության ու տրտմության ժամանակ:
Մեկ անգամ արդեն ծնվելով Հոգուց, այն դառնում է ձեր կյանքի շունչը: Պետք չէ բնավ տարակուսել, պետք չէ մտահոգվել, հարկավոր է քայլ առ քայլ ընթանալ ազատության ճանապարհով: Ջանացեք այդ ճանապարհը քայլել Ինձ հետ:
Այո, Ինձ հետ քայլելը նշանակում է ազատագրվել մտահոգությունից և անձկությունից, բայց այդ բնավ չի նշանակում, որ հարկավոր չէ ճիգ ու ջանք թափել: Երբ Իմ աշակերտները ասացին, թե ամբողջ գիշեր աշխատել են, բայց ոչինչ չեն բռնել, Ես նրանց նավակը չլցրի ձկներով առանց աշխատանքի: Ոչ: Իմ հրամանը պարզ էր. «Առաջ քշեք նավը դեպի խորը տեղերը և նետեք ձեր ուռկանները որսի համար»: Իրենց կյանքը վտանգվեց, քիչ մնաց, որ նավը ընկղմվեր. իրենց ընկերների օգնության կարիքը զգացվեց, որսից հետո վնասված ուռկանների նորոգման անհրաժեշտությունը եղավ: Այս նեղություններից որևէ մեկը կարող էր պատճառ դառնալ, որ նրանք մտածեին, թե Իմ այդ օգնությունը հարկավոր չէր իրենց: Սակայն երբ ափին նստած` կարկատում էին ուռկանները, նրանք կարող էին այդ պատռվածքների մեջ տեսնել Իմ սիրո ու հոգածության արտահայտությունը:
Մարդը, առանց ճիգ ու ջանքի վեր չի բարձրանում:
Այն մարդը, որ լեռան կատարն է բարձրանում շոգեկառքով կամ ինքնաշարժով, չի կարող սովորել Լեռ Մագլցելու Դասը: Սակայն չմոռանաք, որ ձեր կողմից ջանք թափելը դեռևս չի նշանակում, թե դուք վեր եք բարձրանում առանց Իմ Առաջնորդության. չի նշանակում, որ Իմ Հոգին Զորություն ու Իմաստություն չի մատակարարում ձեզ: Շատ դեպքում դուք չեք էլ իմանում, որ Ես ձեր առջևից եմ գնում` պատրաստելու համար ճանապարհը. սիրով ու քնքշությամբ լցնելու մի սիրտ այստեղ, հանձնարարություններ տալու այնտեղ: