Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Ապրիլի 26
Մի’ երկմտեք բնավ: Մի’ վախեցեք: Երբ վախի ամենաանշան զգացումն իսկ ունենաք, կանգ առեք, դադարեցրեք ձեր գործը և պատսպարվեք Իմ ներկայության մեջ, որպեսզի շուտով դուք ձեզ դարձյալ ուրախ ու զվարթ զգաք:
Նույն կերպ վարվեք նաև ձեր բոլոր հոգնած վիճակների ժամանակ: Երկրի վրա եղած ժամանակ Ես էլ հոգնություններ ապրեցի. այդ ժամանակ Ես բաժանվում էի անգամ Իմ աշակերտներից և առանձնության մեջ նստում ու հանգստանում էի. Ինչպես որ հանգստացա ջրհորի եզերքին: Հանգստանալուց հետո էր, որ օգտակար եղա Սամարացի կնոջը:
Հանգստի համար հատկացրած առանձնության ժամերին միշտ հաջորդում էր մի որևէ հրաշագործություն: Սովորեք Ինձնից: Ինձ համար մարդկային մարմնի սահմանափակումներն ընդունելը նշանակում էր մեղքից բացի ենթարկվել այն նույն պայմաններին, որին ենթակա է մարդը:
Ես Իմ աշակերտներին սովորեցրել եմ` հոգեկան ուժերի վերանորոգում և մարմնական հանգիստ: Ահա ձեզ մի օրինակ. երբ գլուխս բարձին դրած` քնեցի նավի մեջ: Այդ բնավ էլ անտարբերություն չէր, ինչպես Իմ աշակերտները կարծեցին, երբ աղաղակում էին. «Վարդապետ, քո հոգը չէ՞ բնավ, որ մենք կորչում ենք»: Այդ օրը Ես հարկ համարեցի սովորեցնել նրանց, որ անընդհատ գործունեությունը Իմ Հոր ծրագրի մեջ չի մտնում:
Երբ Պողոսը ասաց. «Ես կարող եմ ամեն ինչ անել Քրիստոսի միջոցով, որ զորացնում է Ինձ». բնավ չէր ուզում ասել, որ պարտավոր է ամեն ինչ անելուց հետո ապավինել Ինձ` ուժ ստանալու համար: Կամենում եմ ասել, որ կարող էր վստահ լինել, թե անհրաժեշտ զորություն կստանա Ինձնից` կատարելու համար Իմ բոլոր հանձնարարությունները:
Իմ գործերը աշխարհի վրա ավելի շատ արգելքի են հանդիպել գործով, գործով ու անդադրում գործով: Հոգնել չիմացող ու ջղային մարդը հաճախ է վանում Հոգին: Հոգին պետք է միշտ մարմնի տերը լինի. և պարզ ու բնական ձևով` ըստ անհրաժեշտի օգտագործի նրան: Հանգստացեք Իմ մեջ:
Ինձ համար գործեր անելու համար, առանձնապես հետամուտ մի եղեք: Մի ջանացեք առիթներ ստեղծել: Ապրեք Ինձ հետ և Ինձ համար: Ես Եմ գործեր անողը. Ես Եմ առիթներ ստեղծողը: