ՇԻՐԱԿ ԳՅՈՒՆԱՇՅԱՆ. ընդհատակյա գործիչ, քաղբանտարկյալ, երկրապահ ջոկատի ղեկավար, «Հանուն Հայրենիքի» կազմակերպության ակտիվիստ
Գյունաշյանի ծնողները Կարսից էին: 1915 թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժամանակ նրանք հրաշքով փրկվել էին անխուսափելի մահից և 1918 թ. ապաստան էին գտել Գյումրիում: 1923 թ. Գյունաշյանի ծնողները տեղափոխվել էին Ախուրյանի շրջանի Հայկավան գյուղ:
1939 թ. մայիսի 1-ին կրտսեր որդու՝ Շիրակի ծնվելուց անմիջապես հետո ամբողջ ընտանիքը մշտական բնակություն էր հաստատել Երևանում:
1956 թ. Գյունաշյանն ավարտել է Երևանի թիվ 36 միջնակարգ դպրոցը: 1959 թ. ընդունվել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետ: 1961թ. զորակոչվել է Խորհրդային բանակ, երեք տարի ծառայել Նովոսիբիրսկում, ապա վերադարձել Երևան եւ 1964 թ. կրկին ընդունվել նույն ֆակուլտետ: Զուգահեռաբար սկսել է աշխատել Երևանի էլեկտրական լամպերի գործարանում:
Հենց այստեղ էլ ծանոթացել է Գեորգի Հեքիմյանի և Հովակիմ Վասիլյանի հետ, ովքեր իրենց հերթին նրան ծանոթացրել են Աղասի Անտոնյանի և Սարգիս Թորոսյանի հետ:
Գյունաշյանը տարիքով ամենափոքրն էր խմբում: Նրանք միասին սկսել են մշակել հետագա հայրենասիրական գործունեության պլանները: Հաճախակի հանդիպումներն ու քննարկումները հանգեցրել են նրան, որ 1965 թ. վերջին համախոհները հիմնել են «Հանուն Հայրենիքի» ընդհատակյա քաղաքական կազմակերպությունը, որի նպատակներն էին Լեռնային Ղարաբաղի և Նախիջեւանի վերամիավորումը Հայաստանի հետ Սահմանադրության շրջանակներում, Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արևելյան Հայաստանի հողերի վերադարձը, հայերենը որպես ազգային և պետական լեզու պահպանելը: Գառնիի հեթանոսական տաճարում կազմակերպության 7 անդամները երդվել են «պաշտպանել մեր ազգի բոլոր իրավունքները, պատրաստ լինել կրելու ցանկացած դժվարություն հանուն հայ ազգի»:
1968 թ. սկզբին, երբ Գյունաշյանը սովորում էր 4-րդ կուրսում, խմբի անդամները որոշել են ավելի գործուն մեթոդներով հասնել իրենց նպատակներին: Նրանց հաջողվել է ձեռք բերել մի քանի տպագրական հաստոց և Աղասի Անտոնյանի տանը հիմնել ընդհատակյա տպագրություն: Որոշվել է թողարկել համանուն ամսագիր՝ հայրենասիրական շարժման բոլոր մասնակիցներին միավորելու նպատակով:
«Հանուն Հայրենիքի» ընդհատակյա ամսագրի առաջին համարը (տպաքանակը՝ 373 օրինակ) լույս է տեսել 1968 թ. աշնանը և գաղտնիությունն ապահովելու նպատակով տեղափոխվել է քաղաքից դուրս՝ Աբովյան: Այնտեղ է տեղափոխվել նաև տպագրական հաստոցը: Ամսագիրը բարձրաձայնում էր ողջ հայ ժողովրդի համախմբման կենսական անհրաժեշտությունը, դրա էջերում տեղ էին գտել հոդվածներ հայ ժողովրդի անցյալի, ներկայի և ապագայի մասին, պատմական փաստեր, որոնք դատապարտում էին «ազգասեր» բոլշևիկների բազմաթիվ դավաճանությունները:
«Ոչ մի սանտիմետր հող թուրքերին չէր հանձնվի, եթե Լենինի հրամանով «ազգասեր» բոլշևիկները ներսից չքայքայեին երիտասարդ հայկական պետությունն ու բանակը և եթե նույն բոլշևիկները չկազմակերպեին Կարսի դավադրությունը՝ Արևելյան Հայաստանի դարպասները լայն բացելով Կարաբեքիր փաշայի հրոսակախմբերի առջև»,- ասված էր ամսագրի հոդվածներից մեկում:
Մի քանի օր անց՝ 1968 թ. հուլիսի 2-ին, ընդհատակյա գործիչները որոշում են ամսագրի ողջ տպաքանակը տեղափոխել Երևան և տարածել, բայց ճանապարհին ձերբակալվում են Պետական անվտանգության ծառայությունների աշխատակիցների կողմից (ենթադրվում է, որ նրանց մատնել էր մեքենայի վարորդը) և ուղեկցվում ՊԱԿ-ի մեկուսարան, որտեղ պահվում են 9 ամիս: Ամսագրի ամբողջ տիրաժն առգրավվում է:
Բոլոր 8 ձերբակալվածներին մեղադրանք է ներկայացվում ՀԽՍՀ ՔՕ 65-1 (հակախորհրդային ագիտացիա և քարոզչություն) և 67 (մասնակցություն հակախորհրդային կազմակերպությանը) հոդվածներով առ այն, որ նրանք «զրպարտել են խորհրդային իրականությունը, հերքել ազգերի իրավահավասարությունը ԽՍՀՄ-ում, տարածել զրպարտող և ստահոդ տեղեկություններ Խորհրդային Միության կառավարության արտաքին և ներքին քաղաքականության մասին, գրել են անկախ Հայաստան ստեղծելու կոչ պարունակող հոդվածներ, տարածել թռուցիկներ «Այլևս լռել չի կարելի» վերտառությամբ, նախապատրաստել են «Հանուն Հայրենիքի» ամսագրի հրատարակումը»:
1969 թ. փետրվարին ՀԽՍՀ Գերագույն դատարանի դռնփակ նիստում կայանում է «Հանուն Հայրենիքի» կազմակերպության ակտիվիստների դատավարությունը: Դատի ընթացքում Գյունաշյանն ընդդիմանում է. «Ինչի՞ համար եք մեզ դատում: Ազգին ու Հայրենիքին նվիրվածությա՞ն: ՈՒրեմն եկեք խոսենք այդ մասին: Եվ մի՛ փորձեք դատական գործընթացին այլ ուղղություն տալ»:
Դատարանը Գյունաշյանին դատապարտում է 4 տարվա ազատազրկման: Խմբի մնացած անդամներն ազատազրկվում են 3-ից 6 տարով: Կազմակերպության անդամներից մեկը՝ Հայկ Իսկանդարյանը, մահանում է ՊԱԿ-ի նկուղներում մինչ դատավարության սկիզբը:
Մի քանի օր անց բոլոր բանտարկյալներին, այդ թվում նաև Գյունաշյանին, տեղափոխում են Պարաշևո մորդովական քաղաքական ճամբար: Բանտարկության ժամանակահատվածը ընդհատակյա գործիչների համար դառնում է «քաղակադեմիա»: Երբեմն, երբ ճնշումներն անտանելի էին դառնում, Գյունաշյանն ընկերներին խնդրում էր չընկճվել: «Հայրենիքը սիրող մարդը չի կարող ծառայել ուրիշներին»,- ասում էր նա: Ճամբարում նրանք հարաբերություններ են հաստատում բազմաթիվ քաղբանտարկյալների հետ Ռուսաստաննից, ՈՒկրաինայից, Էստոնիայից:
1972 թ. Գյունաշյանը վերադառնում է բանտարկությունից և վարչական վերահսկողության տակ անցնում: Նրան արգելվում էր լինել մարդաշատ վայրերում, բացակայել քաղաքից առանց իշխանությունների իմացության և այլն: Նրան հաջողվում է վերականգնվել ինստիտուտում: 1975 թ. ավարտում է ինստիտուտը և աշխատանքի անցնում «Հայգազ» տրեստի վարչությունում որպես տեղամասի պետ:
Շուտով հաջողվում է կապ հաստատել համախոհների հետ, ովքեր նույնպես վերադարձել էին կալանավայրերից: Կազմակերպության գործունեությունը վերականգնվում է: Վերսկսվում է «Հանուն Հայրենիքի» ամսագրի ընդհատակյա տպագրությունը:
1980 թ. Հայաստանում հետապնդումների և հետախուզությունների նոր ալիք է բարձրանում:
1982 թ. Գյունաշյանը կրկին ձերբակալվում է: Այս անգամ իշխանություններին չի հաջողվում նրան դատապարտել 65 հոդվածով: Բնակարանի հետախուզության ժամանակ ՊԱԿ-ի աշխատակիցները գտնում են միակ «ապացույցը»՝ հայտնի գրող Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» գիրքը հետևյալ մակագրությամբ. «Նվիրում եմ մեծ հային՝ Շիրակ Գյունաշյանին»:
Նրան դատապարտում են ՀԽՍՀ ՔՕ 206 հոդվածով՝ «խորհրդային պետական կառույցը զրպարտող տեղեկությունների տարածում»: Դատարանը Գյունաշյանին դատապարտում է 3 տարվա ազատազրկման: Այս անգամ նա պատիժը կրում է Հայաստանում՝ տարբեր ուղղիչ-աշխատանքային գաղութներում և բանտերում:
«Ես հպարտանում եմ և չեմ ափսոսում անցյալիս համար: Դրանք իմ կյանքի լավագույն օրերն էին»,- ասում է Գյունաշյանը բանտարկության մեջ անցկացրած տարիների մասին:
1985 թ., կրելով պատիժը, Գյունաշյանը վերադառնում է իր նախկին աշխատանքին «Հայգազում»:
1987 թ. դառնում է հանրապետության գլխավոր մասնագետը ստորգետնյա գազային հաղորդակցությունների գծով:
Իր գոյության մասին «Հանուն Հայրենիքի» կազմակերպությունը պաշտոնապես հայտարարում է 1987 թ. աշնանը, բայց արդեն «Հայ Դատ» անվան ներքո: Նույն թվականին «Հայ Դատը» սկսում է համանուն ամսագրի հրատարակումը:
1988 թ.՝ Ղարաբաղյան հակամարտության մեկնարկից հետո, Գյունաշյանը զենքը ձեռքին սկսում է պաշտպանել հայկական հողը: Սկզբում նա ստանձնում է շրջափակված Ղարաբաղը զենքով և սննդով ապահովելու գործը՝ խմբի հետ միասին իր հսկողության տակ առնելով «Էրեբունի» օդանավակայանը: Իսկ 1989 թ. «Հայ Դատ» կազմակերպության օգնությամբ Գյունաշյանը Կապանում կազմավորում է Բերդաձորի երկրապահների ջոկատը, որը մասնակցում է բազմաթիվ ռազմական գործողություների Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի սահմանամերձ գոտիներում: Գյունաշյանի ղեկավարած ջոկատը հատկապես աչքի է ընկնում նրանով, որ շրջափակված լինելով ադրբեջանցիների կողմից՝ հերոսաբար պաշտպանում է Բերդաձոր գյուղը՝ հետ մղելով թշնամուն:
«Մենք հայ ժողովրդի մատաղացու գառներն ենք: Եվ մենք պարտավոր ենք ստանձնել այդ դերը: Չէ՞որ Հայրենիքը ինչ-որ մեկինը չէ: Այն ազգինն է: Պաշտոններն այսօր կան, վաղն արդեն չկան: Միայն ազգն է հարատև: Նշանակում է, ժողովուրդն իր հերթին ազգի մատաղացու գառն է»,- այսպիսին էր Գյունաշյանի աշխարհայացքը: Նա պնդում էր, որ հայրենասիրությունը հագուստ չէ, որը հագնում ես, երբ այն մոդայիկ է, և հանում, երբ դուրս է գալիս մոդայից:
«Հայրենասիրությունը գալիս է մարդու արյան հետ և դուրս գալիս նրա հոգու հետ»,- ասում էր նա:
1990 թ. Գյունաշյանն արդարացվում է Հայաստանի Գերագույն դատարանի կողմից:
1991 թ. հայդատականների նախաձեռնությամբ ստեղծվում է «Ազգային Վերածնունդ» կուսակցությունը, որը վերսկսում է «Հանուն Հայրենիքի» ամսագրի հրատարակությունը:
1997 թ. Գյունաշյանի նախաձեռնությամբ և նախագահությամբ Երևանում ստեղծվում է նախկին քաղբանտարկյալների «Ակումբ 65» հասարակական կազմակերպությունը: Երբ Գյունաշյանին հարցնում են, թե ինչ է նա մտածում Հայաստանի Հանրապետության մասին, նա հակիրճ պատասխանում է. «Պայմաններն այնքան էլ լավը չեն, բայց վատ հանրապետությունն ավելի լավ է, քան բարեկեցիկ կյանքն առանց պետականության»:
Ճակատագրի հեգնանքով Գյունաշյանը մահանում է 1997 թ. սեպտեմբերի 20-ին՝ Հայաստանի անկախության տոնի նախորդ օրը: «Շիրակը քաղաքական գործիչ չէր: Նա ազգային հերոս էր և ազգային գործիչ, և նրա անունը պետք է գրանցվի փառքի տարեգրության մեջ՝ հայ ժողովրդի մյուս մեծանուն զավակների շարքում»,- մահից հետո այսպես է Գյունաշյանին բնութագրել նրա ընկերն ու դաշնակիցը, նախկին քաղբանտարկյալ, Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանը:
Պատրաստեց Դավիթ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ