Սուպերմարկետներից մեկի գրքերի բաժնում ինչ-որ աժիոտաժ զգացի հետևումս, պտտվեցի, տեսնեմ մի 10-11 տարեկան տղա ինչ-որ գիրք է բացել ու, առանց տեղից վերցնելու, թերթում է: Ու էդ պահին իրենից մի քիչ մեծ մի աղջիկ մոտեցավ (հավանաբար՝ քույրը), թևից քաշելով տարավ ու ծիծաղելով հանդիմանեց.
—Փող չկա, Արեգ, գրքի ժամանակը չի:
Մինչև ուզում էի ասել՝ «Արեգ ջան, որ գիրքն ուզում ես վերցրու, ես կնվիրեմ», արագ կորան սուպերմարկետի միանման շարքերի արանքում:
Հիշում եմ՝ շուկայի անցումի մոտ մի տղա գրքեր էր վաճառում: Փոքր ժամանակ, որ ինձ էին ուղարկում շուկա, ես էլ առևտրից ինձ հասանելիք տոկոսները հավաքում էի, գնում էդ տղուց գիրք էի առնում: Ինքն էլ կարդացած տղա էր, ու ոնց որ սեփական գրադարանն էր վաճառում, ինձ էլ խորհուրդ էր տալիս, թե որը արժե կարդալ: Հիմա էդ գրքերը կոչվում են բուկինիստական, բայց էն ժամանակ մենակ դրանք էին, նոր հրատարակություններ չկային:
Տենց ես ծանոթացա Ռեմարկի, Մարկեսի, Դոստոևսկու, Դանթեի, Ցվայգի ու էլի շատ ու շատ գրողների հետ: Ու գիրք սիրելը, կարդալը, ինքնակրթվելը ինձ հետագայում շատ պետք եկան:
Գաղտնիք չէ, որ մեր հասարակության էս ողբալի վիճակի 90 տոկոսը տգիտության ու կրթության պակասի հետևանք է, ու եթե էս դարում ձեր երեխան, անգամ սուպերմարկետում, նախընտրում է գրքերի բաժինը, եթե ինքը սեր ունի գրքի, կարդալու հետ, ապա անպայման առեք իր համար էն գիրքը, որն ուզում է:
Արամ Գևորգյան