ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Բարոյականության դաս

Բարոյականության դաս
30.07.2023 | 19:45

1981 թվին էր: Ստեփանակերտի 5-րդ դպրոցի 7-րդ դասարանում էինք:

Մի օր դասարան մտավ մեր պատմության և աշխարհագրության ուսուցիչ Արամայիս Դանիելյանը:

Դպրոցի երեխաները ընկեր Դանիելյանին Ֆանտոմաս մականունն էին տվել իր ճաղատության համար, և իրոք դեմքով էլ նա այդ տարիների գեղարվեստական ֆիլմի հայտնի Ֆանտոմասին շատ էր նման: Բայց դա ընդամենը անմեղ երեխայություն էր:

Դասը սկսեց հայտարարությունից.

- Երեխաներ, այսօր բարոյականության դաս է, և այսօր ձեզ կպատմեմ բարոյականության մասին: Դուք արդեն բավականին մեծացել եք և կան թեմաներ, որոնք պարտավոր եք ուսումնասիրել, իմանալ և կյանքում ուղղորդվել:

Այդ օրն ընկեր Դանիելյանը շատ երկար խոսեց բարոյական նորմերի և բարքերի մասին, տարբեր օրինակներ բերեց կյանքից, որպեսզի մենք՝ անչափահաս դպրոցականներս, պատկերացում կազմենք բարոյականության մասին: Եվ նրա այդ դասն էլ դարձավ մեր բարոյական հասկացողությունների հիմքը:

- Պատկերացրեք երկու ընկեր,- պատմում էր մեր ուսուցիչը,- մեկը՝ ունևոր ընտանիքից, իսկ մյուսը՝ աղքատ: Եթե ունևոր ընտանիքի ընկերը սկսում է պատմել թե ինչ համով կերակուրներ էր երեկ կերել տանը, այն դեպքում, որ իր ընկերը երբեք տանը նորմալ չի սնվում ու միշտ քաղցած է, դա անբարոյական արարք է: Կամ նրա ծնողները գնել են թանկարժեք իրեր, նվերներ իր համար, ու նա պարծենում է իր ունեցածով աղքատ ընտանիքի ընկերոջ մոտ:

Կամ, ասենք, երկու ընկերուհիներ են, մեկը սիրուն արտաքին տեսքով իսկ մյուսը՝ ինչ-որ թերություններով: Եվ այդ սիրուն աղջիկը սկսում ընկերուհու մոտ հպարտանալ իր մարմնի գեղեցկությամբ, իսկ ընկերուհին ընկճվում է ու ամոթխած թաքցնում է իր մարմնի թերությունները: Սա էլ տգեղ ու անբարոյական արարք է:

Եվ այդպես, կյանքից տարբեր օրինակներ բերելով, մեր գլուխն էր մտցնում բարոյականության սերմերը, որոնք մեր մատղաշ հոգում պիտի ծլեին, հասունանային, ծաղկեին և օգտակար պտուղներ տային:

- Իսկ գիտե՞ք, թե ինչ է նշանակում բոզը,- անսպասելի մեզ համար հարցրեց տարեց ուսուցիչը:

Տղաները թաքուն քրքջացին, աղջիկները ամոթխած կախեցին գլուխները, իսկ Դանիելյանը շարունակեց.

- Այստեղ ծիծաղելու և ամաչելու պատճառ չեմ տեսնում: Դա հապավում է՝ ԲՕԶ, այսինքն, բարոյական օրենքներից զուրկ: Այդ հապավումով անվանում են նրանց, ում հասու չեն բարոյական օրենքները, ովքեր կյանքում չեն ուղղորդվում այդ օրենքներով այլ անընդհատ խախտում են: Հույս ունեմ, որ այս դասը կհիշեք ձեր ողջ կյանքում, կզարգացնեք ձեր գիտելիքները այդ ուղղությամբ և կյանքում հարգարժան մարդիկ կդառնաք:

Դասը ավարտվեց, իսկ կյանքը շարունակվեց ու դեռ շարունակվում է:

Չգիտեմ՝ արդյոք ո՞ղջ է ընկեր Դանիելյանը, չէ՞ որ շատ տարիներ են անցել, պատերազմ է անցել, ու ներքին ձայնս հուշում է՝ դժվար թե...

Բայց իր այդ դասը կյանքում երբեք չմոռացա:

Ու հիմա, նայելով աշխարհին, շրջապատիս մարդկանց ու նրանց արարքներին, երբ համատարած աղքատության ու թշվառության ֆոնին ամենուր անթաքույց պարծենում են իրենց չքնաղ դղյակներով, ճոխ մեքենաներով, հարսանիքներով, երբեմն մտածում եմ. Կա՛մ նրանց բարոյական դասեր երբեք չեն տվել, կա՛մ էլ նրանք վաղուց են մոռացել այդ դասերը, այլապես, որտեղի՞ց հայտնվեցին կյանքում այսքան բարոյական օրենքներից զուրկ մարդիկ:

Վահրամ Օհանջանյան

«Հյուսիս տանող ճանապարհը» գրքից

Դիտվել է՝ 1263

Մեկնաբանություններ