ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ո՞վ կլրացնի առաջացած ուժային վակուումը

Ո՞վ կլրացնի առաջացած ուժային վակուումը
10.09.2023 | 07:14

Ի տարբերություն շատ շատերի, հատկապես նրանց, ովքեր քաղաքագիտական և քաղաքական վերլուծություն են անում՝ առանց պատմական հիմքի, ես գերադասում եմ հենվել միմիայն պատմության վրա: Գուցե և դրա պատճառը իմ բազային կրթությունն է, բայց տվյալ պարագայում այն առավելություն է: Ցանկացած քաղաքական եզրահանգում վերածվում է անիմաստ բառակույտի, եթե հեղինակը չի հենվում պատմության և պատմական օրինաչափությունների վրա: Կանխատեսումը գիտական է պատմական իրողությունների համեմատական վերլուծության դեպքում: Ինչի ՞ համար էր այս նախաբանը: Եվ այսպես, մենք ականատես ենք տարածաշրջանից Ռուսաստանի հեռացման մասին հաճախակի պտտվող քարոզչական նարատիվի: Բանը հասավ այնտեղ, որ Պեսկովը հայտարարեց, թե՝ ով հայ ժողովուրդ, հանգստացեք, մենք չենք հեռանում և չենք կարող հեռանալ: Հեռանում են, թե ոչ, վիճելի հարցադրում է, ինչքան փաստարկ որ կա գնալու մասին, նույնքան էլ կա մնալու մասին: Պուտինի նեղ շրջապատի երկու-երեք հոգուց ավելի ոչ ոք ստույգ չգիտի այդ մասին: Հիմա ենթադրենք, թե իսկապես Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից իր եղած չեղածով, խաղաղապահներով ու ռազմաբազայով: Այդ դեպքում ո՞վ կլրացնի առաջացած ուժային վակուումը: Ոմանք կասեն՝ ԱՄՆ-ը կամ Եվրոպական Միությունը, ոմանք՝ Չինաստանը, ոմանք՝ նույնիսկ Հնդկաստանը: Իրավացի՞ են, թե ոչ, ապագան ցույց կտա: Իմ կարծիքով՝ Հարավային Կովկասը կբաժանվի ազդեցության ոլորտների Թուրքիայի և Իրանի միջև: Այնպես, ինչպես բաժանվել էր 16-17-րդ դարերում՝ մոտ հարյուր հիսուն տարի ձգված թուրք-պարսկական երկարատև պատերազմների արդյունքում՝ 1550թ. Ամասիայի և 1638թ. Քյուչուկ Կայնարջիի պայմանագրերով: Ուժային բալանսը փոխվեց միայն 19-րդ դարի սկզբներին, երբ տարածաշրջան եկավ Ռուսական կայսրությունը: Հիմա, եթե վերացականորեն պատկերացնենք, որ երկու հարյուր տարի հետո Ռուսաստանը հեռանում է, բոլոր օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, ռազմատնտեսական հզոր կարողություններ և աշխարհաքաղաքական առավել նպաստավոր դիրք ունեցող տարածաշրջանի երկու հարևանները շատ սիրուն և հանգիստ կվերականգնեն իրենց նախկին դիրքերն ու ազդեցության գոտիները: Եվ ոչ մի սկանդինավյան «խաղաղապահ» կամ այլ «փրկիչ» չի գա: Իհարկե, բացառված չէ այլ ուժային կենտրոնների մասնակցությունը նոր «կարկանդակի» բաժանմանը, բայց դա մի կողմ: Առավել հետաքրքիր է այն իրողությունը, որ ռուսների հեռանալուց հետո Ադդրբեջանն է դառնում կռվախնձոր: «Մեկ ազգ-երկու պետություն» ադրբեջանա-թուրքսկան նարատիվը Իրանի սրտով չէ, դեմ է նրա ձգտումներն և շահերին: Ներկա Ադրբեջանի տարածքը երբեք չի եղել Օսմանյան կայսրության կազմում, այն Սեֆյան Իրանի տարածքն էր մինչև ռուս-պարսկական պատերազմները: Այնպես որ, ռուսների ճամպրուկային տրամադրություններով տարված, իմ սիրելի հայրենակիցներ, յոթ չափեք նոր մեկ կտրեք, գրելը, խոսելը, երգելը, պարելը մի բան է, գլխով քաղաքականությունից հասկանալը՝ մի ուրիշ բան: Ի դեպ, այս գրառումը ռուսամետ-արևմտամետ դարակազմիկ հայկական դիսկուրսին եմ նվիրում:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 6173

Մեկնաբանություններ