Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը պետք է դադարեցվի՝ որպես քաղաքական լուծում գտնելու ավելի լայն ջանքերի մի մաս։ «Մեր առաջնահերթությունն այժմ էսկալացիայից խուսափելն է։ Լիբանանի ժողովուրդը, իր հերթին, չպետք է զոհաբերվի, Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա»,- ընդգծել է Մակրոնը:               
 

Բարերարյալը՝ Տիգրան Նալբանդյան

Բարերարյալը՝ Տիգրան Նալբանդյան
17.09.2023 | 17:50

Ներս մտավ Տիգրան Նալբանդյանը: Մեր երաժշտագետները հրավիրվել էին, որ իր երգը գրի առնեն: Նա այդ ժամանակ 70 տարեկան էր, գուցե նույնիսկ մի փոքր ավելի:

Երբ գործը վերջացրեց, խնդրեցի մնալ: Սուրճ հյուրասիրեցին, Խոճիկը հետաքրքիր դեպքեր պատմեց, հետո դարձավ երգչին ու խնդրեց, որ պատմի Մանթաշյանի հետ կապված պատմությունը:

-Այս մարդիկ թող իմանան, թե ինչ մարդ է եղել Մանթաշովը:

Խնդրանքը կարծես այնքան էլ սրտովը չէր, բայց հետո զիջեց.

-Պետերբուրգի կոնսերվատորիան որ ավարտեցի, պրոֆեսոր Ս. Գեբելը խորհուրդ տվեց. ՛՛Եթե կարող եք, մի երկու տարով ձեզ գցեք Իտալիա, Միլան՛՛:

Պետերբուրգից եկա Թիֆլիս:

Ընկերներիս ասացի, թե ինչ խորհուրդ է տվել Գեբելը և չգիտեմ, թե ինչպե՞ս գլուխ բերեմ դա, ի՞նչ միջոցներով: Նրանք էլ թե. ՛՛Լսիր, գնա Մանթաշյանի մոտ, խնդրիր, բարի մարդ է, շատերին է օգնել, քեզ էլ կօգնի՛՛:

-Ի՞նչ ես ուզում, երիտասարդ:

-Ուզում եմ երկու տարով գնալ Միլան` ձայնս կատարելագործելու:

-Լա՞վ ձայն ունես:

Ասացի, թե ուսուցիչներս գովում են:

-Ապա, մի բան երգի:

Ես էլ բռնեցի ու ՛՛Կռունկը՛՛ երգեցի: Շատ հուզվեց: Հազիվ արցունքները զսպեց:

-Մի անգամ էլ:

Երգեցի:

-Քանի՞ տարի ես սովորելու:

-Երկու:

-Դե որ այդպես է,-վրա բերեց Մանթաշովը,-իմացիր, թե որքան դրամ է հարկավոր, որպեսզի երկու տարի այնտեղ մնաս, ուսման վարձ տաս, լավ սնվես, կարգին հագնվես:

Ես մեկնեցի Իտալիա: Ճանապարհվելուս օրն ասաց.

-Տարին երկու անգամ Փարիզում եմ լինելու, կգաս ՛՛Կռունկ՛՛ կերգես ու կգնաս: Գալու-գնալու ծախսն ինձ վրա: Գնա սովորիր, ազգը քեզ նմանների կարիքն ունի: Տես հուսախաբ չանես:

Ու ես մեկնեցի: Առոք-փառոք տեղ հասա: Մի օր անգամ նյութապես չնեղվեցի:

Մի անգամ, ինչպես պատահեց, մոռացա Փարիզ գնալ: Հեռագիր ստացա. ՛՛Ու՞ր ես, ինչու՞ չեկար՛՛: Շտապեցի ու, ինչպես միշտ, այս անգամ էլ, որ ՛՛Կռունկ՛՛ երգեցի, դարձյալ հուզվեց ու ողջագուրվեց:

-Մի խնդրանք ունեմ,-ասաց:

Զարմանալի բան. մեծ հարստության տեր մարդ էր, բայց որ մի բան էր խնդրում, դեմքից չքանում էր իրեն բնորոշ արծվենի հայացքը, անհետանում գոռոզ պահվածքը, ասես միլիոնատերը ես էի, ու բարերարվողը ինքն էր:

-Հա՜,-ասաց,-խնդրում եմ, եկեղեցական մի երգ պատրաստիր, հենց թեկուզ ՛՛Հորժամը՛՛:

Ես գիտեի այդ երգը: Ներսիսյանն ավարտած երիտասարդ էի, իմ երգի ուսուցիչը Մակար Եկմալյանն էր եղել, ես նրա երգչախմբի մեներգիչն էի ու նրա ղեկավարությամբ էի սովորել ՛՛Հորժամը՛՛, նաև ուրիշ եկեղեցական երգեր:

Անակնկալի բերի իրեն իմ երգով: Հուզմունքով մոտեցավ ինձ, նորից փաթաթվեց ու անհարմարության զգացումով շշնջաց. ՛՛Տիգրան, երբ որ…՛՛ ու էլ չշարունակեց, հասկացրեց, որ գնամ: Վերադարձի ճանապարհին միտքս բարերարիս հետ էր, ուզում էի հասկանալ, թե ինչ էր նրա խնդրանքը, որից այնքան հուզվեց ու խոսքը կիսատ թողեց:

Երկու տարի անցավ: Հաջող ավարտեցի: Հրավեր ունեի արտասահմանյան երկրներ` Շվեյցարիա, Ֆրանսիա, Գերմանիա: Բայց մինչև գաստրոլների մեկնելը ճանապարհվեցի Թիֆլիս: Իմ առաջին պարտքն էր ներկայանալ Մանթաշյանին, շնորհակալություն հայտնել նրան, մի անգամ էլ երգել նրա համար:

Չթողեց, որ երախտապարտ լինեմ, շնորհակալության խոսքս շրթներիս մնաց:

-Տղա ջան, ես շատերին եմ օգնել, ու նրանց շնորհակալությունն այն է եղել, որ իրենց գործում առաջադիմություն են ցույց տվել, մեծ հաջողությունների հասել: Ես ծնողի պես բան եմ գալիս, ես իմ հայությանն եմ ծառայում:

Համերգ տվի Թիֆլիսում: Գնեցի մի օթյակ, այցի գնացի Մանթաշյանին ու խնդրեցի շնորհ բերել համերգիս: Համերգի օրը ընտանյոք հանդերձ Մանթաշյանը բազմել էր օթյակում: Համերգային ծրագրի վերջին երգը հայտարարվեց: Երեկոյի ավարտին ինձ ստիպեցին մի քանի երգ կրկնել: Բուռն ու երկարատև ծափահարություն: Ես խոնարհել էի գլուխս, իսկ հասարակությունը ծափ էր տալիս: Ու հանկարծ այդ պահին մտքովս անցավ, որ իմ այս հաջողության համար ես պարտական եմ Ալեքսանդր Մանթաշյանին, բարձրացրի գլուխս, տեսնեմ` բեմը կորել է ծաղիկների մեջ: Ձեքս բարձրացրի, խնդրեցի մի պահ լուռ մնալ, ու երբ դահլիճը խաղաղվեց, ասացի, որ իմ այս հաջողության համար ես պարտական եմ պարոն Մանթաշյանին, նրա ծախքով եմ սովորել, կատարելագործվել Իտալիայում: Ուստի խնդրում եմ, որպես երախտապարտ սրտի նշան, ինձ հետ միասին ծափահարել իմ մեծ բարերարին, որ ինձ նման շատերին է տեր կանգնել, ու շրջվեցի դեպի Մանթաշյանի օթյակը և առաջինը ծափահարեցի: Դահլիճը միացավ ինձ: Ամբողջ դահլիճը ոտքի կանգնեց` ծափեր ու կանչեր: Խելահեղ խանդավառություն էր: Բոլորը գիտեին նրա բարերարությունները:

Մանթաշյանը, հուզված ու զգացված այս սրտագին վերաբերմունքից, ոտքի կանգնած աջ ու ձախ գլուխ էր տալիս:

Իմ գործունեության շառավիղներն ընդլայնվեցին, շատ երկրներում և քաղաքներում եղա: Ամեն վերադարձիս, պարտքս էի համարում այցելել Մանթաշյանին: Դրանք երախտագիտության այցեր էին, թեև առանց շնորհակալության խոսքի, որովհետև չէր սիրում լսել երախտագիտության խոսքեր, լինելով այն կարծիքին, թե բարեգործություն անելով, ինքը պարզապես պարտք է կատարում օգնել, որ տաղանդները ոտքի կանգնեն: Ու ամեն գնալիս իր համար երգում էի իր սիրած ՛՛Կռունկը՛՛:

Ժամանակ անցավ: Մանթաշյանի առողջությունը լավ չէր, սկսել էր հաճախ անկողին ընկնել: Եվ մի օր էլ ասացին, թե Մանթաշյանը ծանր հիվանդ է, բժիշկները հույս չունեն, որ այս անգամ կարողանան ոտքի կանգնեցնել: Լուր եկավ, թե Մանթաշյանն ապսպրել է, որ գնամ մոտը: Գնացի: Տարան հիվանդի մոտ: Մերձիմահ էր: Ինձ տեսավ, ժպտաց ու խնդրեց, որ ՛՛Հորժամ՛՛ երգեմ: Երգեցի: Աչքերը շնորհակալ էին: Օրեր անց իմացա, որ Մանթաշյանը մահացել է: Սիրտս կուչ եկավ ցավից: Ինձ թվաց, որ հորս եմ կորցրել: Հիշեցի Փարիզը, հիշեցի այն օրը, երբ նա առաջին անգամ խոսեց ՛՛Հորժամի՛՛ մասին, ու նոր հասկացա, թե ինչ էր նշանակում կիսատ մնացած խոսքը. ՛՛Տիգրան, երբ որ…՛՛ ու ես երգեցի ՛՛Հորժամը՛՛: Գուցե և երբեք այդպես երգած չկայի: Երգում էի, իսկ աչքերիցս արցունքը թափվում էր: Երգում էի լավ ու մեծ մարդու հիշատակին, երգում էի ոչ միայն իմ, այլև նրան պարտական շատ ու շատ հայ երիտասարդների անունից:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 29343

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ