«Սիրիայում վերջին զարգացումները սիոնիստական ռեժիմի չարամիտ ծրագրերի մի մասն են՝ ուղղված իսլամական երկրներում անկայունությունը, պառակտումը և հակամարտությունը մեծացնելուն»,- ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրաքի վարչապետի հետ հեռախոսազրույցում, հավելելով, որ իր երկիրը պատրաստ է ցանկացած համագործակցության Սիրիայում ահաբեկչական հարձակումների դեմ պայքարում:               
 

Մեր նախնիների ու ապագա սերունդների առաջ էսօր կորցնում ենք պետություն

Մեր նախնիների ու ապագա սերունդների առաջ էսօր կորցնում ենք պետություն
28.09.2023 | 13:41


«Մինչև 2024թ․ հունվարի 1-ը լուծարել իրենց գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և ԼՂ (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ»․․․ Ո՞վ կմտածեր, որ երբևէ կկարդանք նման նախադասություն, ու դա էնքան «սպասելի» կհնչի մեր ականջին, որ գլուխներս տխուր կշարժենք ու կշարունակենք թերթել լրահոսը․․․

1991-2024․․․ 33 տարի, ճիշտ էնքան, որքան ապրեց Քրիստոսը երկրի վրա ու իր կյանքով հատուցեց այլոց մեղքերի համար։

Ու հիմա բոլորս ականատես ենք լինում, թե ինչպես հաղթեց սուտը, անարդարությունը, կեղծիքը, փողը, իշխանությունը․․․ Ինչպես մեր հազարամյա պատմության ընթացքի ամեն մի շրջափուլում, այսօր էլ հասկացանք, որ մեզ ԷԼԻ ծախեցին ներսից ու դրսից, մեզ ԷԼԻ խաբեցին․․․

Քաղաքակիրթ աշխարհի, մեր նախնիների ու ապագա սերունդների առաջ էսօր կորցնում ենք պետություն, տարածք, երկիր, հող, պատմություն․․․ Ու համակերպվում ենք դրա հետ, որովհետև (գուցե) վախենում ենք, թե ավելի մեծ խնդիրներ կունենանք, եթե չհամակերպվենք, վախենում ենք, թե մեզ ավելի շատ կնեղացնեն, վախենում ենք․․․ Թեև մենք վախկոտ ազգ չենք եղել երբեք, մեր պատմությունը՝ վկա՜, Եռաբլուրը՝ վկա՜․․․

Աշխարհը վախկոտների հետ հաշվի չի նստում, մուրացիկներին (հաց, թե խաղաղություն) սեղանի գլխին չեն նստեցնում, համակերպվողների կարիքները բավարարում են ամենավերջինը․․․ (Սա ուղղակի, հետոյի համար)։

Հիմա գալիս են, իրենց տուն-տեղը թողած՝ գաղթականի պես գալիս են ՄԵՐՈՆՔ, գալիս են, որ չմեռնեն․․․ Մենք հոգ կտանենք մեր հայրենակիցների համար, նրանք ոչ անտուն կմնան, ոչ սոված, նրանք կհարմարվեն հայաստանյան կյանքին ու կշարունակեն արարել այստեղ, էլի երեխեք կծնվեն, էլի կուրախանանք, սեպտեմբերի 21-երին էլի անկախության օր կնշենք, հրավառություն կանենք․․․ Բայց ո՞ւր է այն երաշխիքը, որ մի օր էլ այսպիսի մղձավանջային արտահայտություն չենք կարդալու ՀՀ կամ որևէ առանձին մարզի մասին, ո՞ւր է այն երաշխիքը, որ սրանից դասեր ենք քաղելու, կամ որ քաղենք էլ՝ ի՞նչ օգուտ․․․ Ամարաս ենք կորցնում, Գանձասար, Դադիվանք․․․ Կորցնում ենք, ու որ ամենավատն է՝ համակերպվում ենք դրա հետ․․․

Կգա՞ արդյոք ՀՀ-ում իշխանական մի ուժ, որի նախընտրական ծրագրում գրված կլինի՝ վերադարձնելու ենք Արցախը, արդյոք մեր հասարակության մեջ երեխաները կկրթվեն ու կդաստիարակվե՞ն էն մտքով, որ Արցախը մերն է, պիտի վերադարձնենք այն․․․ Դժվար թե, որովհետև ինձ դպրոցում ոչ ոք չի ասել, թե մենք ուզում ենք վերադարձնել Նախիջևանը կամ Անին ու Վանը․․․

Չէ՛, պատերազմ չեմ ուզում, բայց այսուհետ ուզում եմ պետական ու մասնավոր յուրաքանչյուր կառույցում տեսնել բացառապես ՀԱՅՐԵՆԱՍԵՐ մարդ։ Ուզում եմ գոնե սրանից հետո հասկանանք՝ ինչ է նշանակում սեփական, նեղ անձնային շահը ստորադասել ազգային ու պետական շահին։ Ուզում եմ գոնե էսքանից հետո չլինեն մարդիկ, ովքեր լափելով ու կեղծիքով դղյակներ կշինեն, իսկ ովքեր էլ կշինեն՝ նրանց կառուցածը լինի օրինակ՝ արդարության, խելքի ու աշխատասիրության․․․

Ու այս ամենով հանդերձ՝ ես հավատո՛ւմ եմ։ Հավատում եմ Աստծուն, որ էս երկրի տերն է ու պահապանը։ Հավատո՛ւմ եմ հայրենատեր Անհատին, ով բռունցքն ու ատամները սեղմած լծվելու է կրթվելուն ու զարգանալուն, կրթելուն ու զարգացնելուն, որովհետև սրան այլընտրանք ՉԿԱ։

Եվ թող սա լինի ապաշխարության այն ճանապարհը, խոնարհումի այն ուղին, որով անցնում է աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը՝ հասնելու Լույսին ու գիտակցելու, թե որքա՜ն կարևոր է ապրել քրիստոնեական, բարոյական արժեքներով ու չափանիշներով, որ ոչ միայն անունով, այլ կյանքով ու կենցաղավարությամբ էլ լինենք քրիստոնյա, ոչ միայն ձևով, այլ նաև բովանդակությամբ, ու մեր երկրում ՄԵՐԺԵՆՔ այն ամենը, ինչ չարից է ու տանում է դեպի չարություն․․․

Հա, ու մի բան էլ՝ Քրիստոսի խաչելությամբ նրա կյանքի պատմությունը չավարտվեց, ու միայն հիմարները ենթադրեցին, թե իրենք հաղթել են․․․

Գլուխդ չկորցնե՛ս, ազգ, չհուսահատվե՛ս, թույլ չտաս, որ խավարը տիրի քեզ ներսից։ Սա՛ էլ կհաղթահարենք։ Մենք դեռ ասելի՛ք ունենք ինքներս մեզ, ու աշխարհին։ Ու կասե՛նք:

Արմեն Նիազյան

Դիտվել է՝ 3368

Մեկնաբանություններ