Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Նոյեմբերի 5
Հիսու՛ս, սփոփիչ բոլոր վշտացյալների, օգնիր մեզ Քո մխիթարությունը հասցնել բոլոր այն կարոտյալ սրտերին, որոնց Քո սփոփանքն ես կամենում հասցնել մեր միջոցով:
Տե՛ր, գործածիր մեզ:
Կարևոր չէ բոլորովին, թե ինչքան ժամանակով. միայն դիր մեզ այնտեղ, ուր մենք կարող ենք լավագույն ձևով ծառայել Քեզ և առավել ազդեցություն
ունենալ մեր շրջապատի վրա` Քո Փառքի համար:
Աշխարհը վաղուց ի վեր Իմ տնօրինության տակ կլիներ, եթե բոլոր նրանք, որ ճանաչում են Ինձ իբրև Տեր և իբրև Քրիստոս, իրենց անձը անվերապահորեն Իմ տրամադրության տակ դնեին` գործածելու համար:
Ես կարող եմ յուրաքանչյուր մարդկային մարմին առավելագույնս օգտագործել, ինչպես որ` իբրև Աստծո Սիրո ու Զորության անոթ էի օգտագործում Իմ մարդկային մարմինը:
Ես չէ, որ ուշացնում եմ Իմ Երկրորդ գալուստը, Իմ հետևորդներն են, որ ուշացնում են այն:
Եթե ամեն մարդ ապրեր Ինձ համար, Իմ մեջ, Իմ միջոցով և թույլ տար, որ իր մեջ ապրելով` գործածեմ իրեն` արտահայտելու համար իր մեջ բնակվող Աստվածայինը, ինչը հայտնի արեցի երկրի վրա Իմ Մարմնով. այնժամ աշխարհը վաղուց արդեն Ինձ եկած կլիներ, և Ես յուրայիններին պահպանելու համար այդտեղ կլինեի:
Իմ սիրելիներ, նշանակում է դուք պիտի ջանաք ապրել միայն Ինձ լավագույնս արտահայտելու ցանկությամբ, ցույց տալու համար Իմ Սերը աշխարհին: