ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՈՒ՞ր ես, Չարենց... (նոյեմբերի 27-ը Չարենցի հիշատակի օրն է)

ՈՒ՞ր ես, Չարենց... (նոյեմբերի 27-ը Չարենցի հիշատակի օրն է)
27.11.2023 | 11:11

-Ես ձեր բիբերի մեջ եմ, շուրթերին ու լեզվին, հեռվում մի որոնեք... Ինձ որ ճշմարիտ փնտրող լինեիք, չէիք կորցնի: Ես, ինչպես միշտ, Հայաստանում եմ: ՈՒղղակի՝ ինձ սպանող ու աչքից հեռու մի խուլ տեղ թաքցնող ստահակները ամեն ինչ գաղտնի պահեցին, բայց նրանց գործը շարունակողները տեղս գիտեն:

Պինդ հարցնող չկա:

Փա՜ռք տամ, որ գոնե հայրենի հողի մեջ եմ:

Ինձ ճշմարիտ փնտրողները քիչ են: Դուք ինձ չեք փնտրում, ուղղակի ուզում եք ոսկորներս գտնել, որ մի ճոխ թաղում անեք, որ գոնե մի քիչ խիղճներդ հանգստացնեք, ինչն ինձանից առաջ էիք կորցրել: Ինձ պոետավարի չպահեցիք, բայց գոնե մարդավարի թաղեիք:

Չհամոզեք, որ թաղելու գործում Ստալինը խանգարեց: Ձեր բաժին մեղքերը ուրիշներին մի բարդեք:

Գիտեմ, գտնելիս մեռելահացի կնստեք ու իմ կենացը կխմեք, կհպարտանաք, որ այդպես ճոխությամբ ինձ... վերաթաղում եք: Մի կիսատ կյանքից հետո կրկնակի մեռել պիտի դառնամ:

Հետո մի քանի օր ծաղիկներ կդնեք, մամուլով ու հեռուստատեսությամբ կգովազդվեք, բայց էլի նույնը կմնաք: 1500 տարի նույնն եք:

Չարենցի մահվան օրը քաղաքի վրա ծանր մի մուժ իջավ ու առայսօր տեղից չի շարժվում: Դա միայն կորսված մարմնի ցավ չէր: Դա կորած ամոթի, մորթված խղճի, հոշոտված մտքի, բռնաբարված արդարության ցավ էր: Հազար ու մի ցավ էր, գրողի ցավ էր, գրողուցավ էր:

Դրա համար էլ այդպես ծանրացել է, դարձել խավար ու չի հեռանում, որովհետև Լույսը դեռևս մեր երազներում է, շա՜տ հեռվում՝

Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար,

Ես երազեցի Արևի մասին,

Շուրջս ոչ մի ձայն ու շշուկ չկար,

Գունատ էր շուրջս, գիշեր ու լուսին...

Եվ այդ խավարում մենք մարմնիդ հետ քո գերեզմանն էլ ստորաբար թաքցրինք, որ սրբատեղի չդառնա: Մա՞րդ էլ սեփական հանճարեղ մեռելի նկատմամբ էսքան դաժան լինի: Բայց հողի տակից Լույս է բարձրանում, երկնքից Լույս է իջնում, իսկ մենք խելագարի պես դեռ երկու մետր շիրմատեղն ենք որոնում, որ այնտեղ մեղքերի թողության խունկ ծխենք, մոմ վառենք և մտքում մեր հոգու փրկության աղոթք մրմնջանք: Բայց դա ընդամենը ինքնախաբեություն է:

-Հա՜, գերեզման շատ եք սիրում, կենդանի հանճարն ու՞մ է հարկավոր, գլխացավանք է իշխանավորներին: Հանճար կորցնող սերունդը հանճար չի կարող պահել, նա մենակ ինքն իրեն է պահում հանուն... Իմ երազած Գանգրահեր տղայի նոր սերունդը գալու է, ինձ կհասկանա ու իր հոգում կպահի: Ես նրա խղճի հիշողությունն եմ: Հիշե՛ք, մինչև ինձ չգտնեք ձեր հոգում, մարմինս չեք գտնի:

-Ների՛ր, մեր խենթ հանճար, դու մեր Սասնա Ծուռ, կրակի հետ խաղացիր: Ախր միայն դու՛ կարող էիր այդպես «Թիֆլիսցի նեղճակատ կինտոյին» բանաձևել՝

Բազմել է ցարերի գահին

Թիֆլիսցի նեղճակատ կինտոն,

Խրոմե սապոգներ հագին՝

Եվ գահը արել է ֆայտոն։

Նստել է, քշում է բռի,

Վարգում է, ոստնում է, անցնում,

Տիրան է, Ներոն է, բռի,

Սփռում է արյուն ու արցունք...

․․․Հողից Լույս է բարձրանում, երկնքից Լույս է իջնում, որ Հայոց խավարը ցրի: Դա Չարենցի Լույսն է, իսկ մենք ութուկես տասնամյակ դեռ հանճարի գերեզմանն ենք որոնում:

Չե՛նք գտնի, եթե այսպես որոնենք, որովհետև կորցնելը հեշտ է, գտնելը՝ դժվար, որովհետև ավելի շատ ուրիշի հողն ենք ծաղկեցնում և օտարի մեռելները թաղում ու շիրիմները խնամում: Իսկ մեր սուրբ մեռելները խռովել են մեզանից:

Չէ՛, նրանք մեծ են ու ներել գիտեն, այդ մենք ենք անտեր թողել մեր լույս շիրիմները և օտարներին ենք խունկ ծխում:

-«Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի, ՈՒրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան...»,- մահվան տեսիլի պատգամդ մետրանոց մեխերի պես խրված են մեր խղճի ու հիշողության մեջ...

Մեծի իրավունքով՝ հանիր խաչելության այդ մեխերը...

ՈՒ՞ր ես, Չարենց, առանց այն էլ շատ ենք մաղձոտվել ու մեխվել օտար խաչափայտերին, օգնի՛ր, գտնելու քո մասունքը...

-Դուք նախ ինքներդ ձեզ փնտրեք ու գտեք: Այդ պահին ինձ էլ կգտնեք: Լավ որոնողը միշտ էլ գտնում է, մանավանդ 86 տարվա անշառ ոսկորներս: Գուցե դեռ վախենու՞մ են դրանցից: Ինչքա՜ն մարդ գիտի անհանգիստ ոսկորներիս տեղը և չի բացահայտում․ ես ձեզ եմ սպասում: Ճի՛շտ ապրեք, մի՛ մեռեք մինչև մեռնելը:

Հողից Լույս է բարձրանում, երկնքից Լույս է իջնում, և այդ Լույսի մեջ Չարենցի տագնապող հոգին հիշեցնում է՝ «Ով հա՛յ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»... Դուք նախ ձե՛զ գտեք, ձեր կորած խիղճն ու արժանապատվությունը, Նարեկացի ունեցողի հպարտությունը, ցրեք ձեր հոգու մղձավանջը, իսկ իմ հոգնած ոսկորները գտնելն անքան էլ դժվար չէ: Շատերը գիտեն իմ տեղը, բայց վախենում են անգամ մեռած Չարենցից: Թաղե՛ք այդ վախը և այդժամ ինձ էլ կթաղեք գոնե հանուն ձեր մեղքերի թողության: Բացեք ձեր ականջները, խուլ մի ձևացեք, բացե՛ք ձեր աչքերը, կույր մի ձևացեք...Չէ որ ես ձեր բիբերի մեջ եմ...»:

Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 25003

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ