Վերջապես կյանքից մի կերպ հեռացավ Հենրի Քիսինջերը՝ 100 տարեկան մի երիտասարդ:
Բարոյակա՞ն մարդ էր արդյոք հանգուցյալը:
Ո՛չ, նա բարոյական մարդ չէր (ի՞նչ աղերս ունի բարոյականությունը Նոբելյան Խաղաղության մրցանակի հետ)՝ նա ռազմական հանցագործ էր, սակայն նա չափազանց օգտակար էր Միացյալ Նահանգների, նշանակում է՝ չափազանց վնասակար և վտանգավոր էր աշխարհի համար:
Հակիրճ թվարկեմ հանգուցյալի տված օգուտը Միացյալ Նահանգներին և, հետևաբար, վնասը մնացած աշխարհին:
Չինաստանի հետ հարաբերությունների կարգավորում և ընկերություն Խորհրդային Միության դեմ:
Քիսինջերը համոզեց նախագահ Նիքսոնին, որ պետք է վերադարձնել Չինաստանին ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական տեղը, որը ապօրինաբար զբաղեցնում էր Թայվանը՝ ամերիկացիների շնորհիվ, պետք է Չինաստանի հետ համագործակցել տնտեսության ոլորտում, տեխնոլոգիաներ տրամադրել, մոդեռնիզացիա ծավալել, այնուհետ՝ աշխատատեղեր արտահանել և ամերիկյան կորպորացիաներին գերշահույթի հնարավորություն ընձեռել չինական էժան աշխատուժի հաշվին, և այս ամենը՝ ԽՍՀՄ-ի դեմ թշնամության դիմաց: Չինացիք պրագմատիկ էին՝ նրանց պետք էին ներդրումներ, տեխնոլոգիաներ, այլ կերպ ասած՝ մոդեռնիզացիա, ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակ և, ամենակարևորը՝ դաշնակից ԽՍՀՄ-ի դեմ կոնֆլիկտում:
Քիսինջերը մի անգամ պատմեց, թե ինչ է ասել Մաոն իրեն ու Նիքսոնին այս մասին:
«Ես ուրախ եմ, որ մենք գտանք ընդհանուր շահեր, համագործակցության եզրեր,- ասել է Մաոն: - Մենք ունենք ընդհանուր թշնամի, մենք ունենք լուրջ տնտեսական համագործակցություն, մենք վերադարձանք ՄԱԿ անվտանգության խորհուրդ: Մնում է միայն Թայվանը, բայց ես կսպասեմ մի 60 տարի»:
Այն ժամանակ ամերիկացիներին թվաց, թե հսկայական գործ են արել, լուրջ հարված են հասցրել ԽՍՀՄ-ին ու Չինաստանին, բայց չհասկացան, որ իրենց կամքից անկախ Չինաստանը դարձնում են տնտեսական գերտերություն, և Չինաստանի այսօրվա տնտեսական, տեխնոլոգիական զարգացման մակարդակը ոչ այլ ինչ է, եթե ոչ ամերիկյան կարճատեսության արգասիք:
Նշեմ, որ Մաոյին սրանք հանդիպել են 1971 կամ 1972 թվականին, 50 տարին արդեն անցյալում է: Հիմա պետք է սպասել Սի Ցզինպինի արմատական որոշմանը Թայվանի վերաբերյալ:
1970 թվական, Եգիպտոս:
Անհասկանալի պայաններում մահացավ (ըստ ամենայնի՝ սպանվեց) Սովետական Միության հերոս, Եգիպտոսի նախագահ Աբդել Նասերը: Եվ նրան փոխարինեց փոխնախագահ Անվար Սադաթը:
Թե ինչպես հեղափոխական, հակաիմպերիալիստ Սադաթը, որը Նասերի հոգեզավակն էր, դարձավ արևմտական և, հետևաբար, հակասովետական գործիչ, անհայտ է, ավելի ստույգ, այդ մասին գիտեր Քիսինջերը, սակայն, ավաղ, էլ չի կարողանա պատմել:
Նշեմ, որ այդ խայտառակ տապալման համար, ինչի արդյունքում Սովետական Միությունը զրկվեց Եգիպտոսից՝ իր գլխավոր հենարանից Միջին Արևելքում, Մոսկվայում աշխատանքից պետք է հեռացվեին Անդրեյ Գրոմիկոն և Յուրի Անդրոպովը, սակայն Լեոնիդ Բրեժնևը համակերպվեց փաստի հետ և իր ընկերներին չպատժեց:
Բայց պատժվեց Եգիպտոսը. Անվար Սադաթը անմիջապես Եգիպտոսի գլխին փաշինյան նիկոլ դարձավ, սկսեց զինվել ինչով ասես, սպառազինություններ էր ձեռք բերում ումից ասես, արդյունքում՝ սովետական ռազմական մասնագետները վերադարձան, իսկ 1973-ի պատերազմի ժամանակ սովետական ՀՕՊ համակարգերը ավելի շատ եգիպտական ինքնաթիռ խոցեցին, քան իսրայելական:
1973 թվական, Վիետնամ:
Քիսինջերն ընդունեց պարտությունը և դուրս եկավ Վիետնամից՝ նախապես ոչնչացնելով այդ երկիրը, հետևելով այսօրվա նեոկոնների (նեոկոնսերվատորների) սկզբունքին, այն է՝ եթե Վիետնամնը մերը պիտի չլինի, ուրեմն, Վիետնամ չի լինի (ի դեպ, նույնը կատարվում է այսօր ՈՒկրաինայում, պարտություն ընդունելուց առաջ ամերիկացիք կփորձեն մաքսիմալ վնաս հասցնել այդ երկրին, որը մնալու է Ռուսաստանին, և ատոմակայանի, դամբաների դեմ ուղղված դիվերսիաները հենց այդ նպատակին են ծառայում): Ամերիկացիք մեծ ծավալով քիմիական և կենսաբանական զենք օգտագործեցին, ինչի արդյունքում Վիետնամում առ այսօր ծնվում են սարսափելի ատավիզմներով երեխաներ, հսկայածավալ գյուղնշանակության հողեր չեն օգտագործվում, քանզի չափազանց մեծ շռայլություն ցուցաբերեցին Քիսինջերն ու Նիքսոնը քիմիական զենք Վիետնամի ժողովրդին տրամադրելու գործում:
Ինչևէ, մեծ մարդ էր Հենրի Քիսինջերը. մեծ էր Միացյալ Նահանգների, բայց կատարյալ չարիք՝ ոչ անգլոսաքսոնական աշխարհի համար:
Ողորմի տանք դրա կողքի մեռելներին, թեպետ դա էլ է վտանգավոր, քանզի դեռ չգիտենք, թե որտեղ են դրան թաղելու: Եթե տարան Առլինգտոն, ապա ընդհանրապես «ողորմի» բառը պետք է մոռանալ:
Ամե՜ն…
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ