Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Դեկտեմբերի 2
Հանե՛ք ձեր ոտքերից կոշիկները և լուռ մոտեցեք` երկյուղով ու խոնարհությամբ:
Մոտեցե՛ք, ինչպես Մովսեսը մոտեցավ այրվող մորենուն:
Ես ձեզ տալիս եմ պարզ մտերմությունը բարեկամի, բայց և ասում, որ Աստված եմ միաժամանակ:
Մեր առնչության սքանչելիքը, որ Ինձ հետ ունեցած ձեր մտերմության հրաշքն է, բացառիկ նշանակություն կստանա այն ժամանակ, երբ կարողանաք տեսնել վեհափառ պատկերը Աստծո որդու:
Մոտեցեք բացարձակ վստահությամբ. այս է ամենագերազանց աղոթքը:
ՈՒրեմն է՛լ ավելի մոտեցեք, ոչ թե աղաչեք հեռվում կանգնած: Մոտեցեք` իմանալով, որ մերձեցել եք մի Աստծո, որ կրակի վեհությամբ ու ահավորությամբ է զգեստավորված:
Մոտ եկեք ո՛չ թե իբրև աղերսողներ, այլ` լսողներ:
Ես եմ աղերսողը, երբ ձեզ եմ հայտնում Իմ ցանկությունները: Որովհետև Այդ փառահեղ ու ահեղ Աստվածը եղբայր է միաժամանակ, որ մեծ բաղձանքով կամենում է, որ դուք ծառայեք ձեր եղբայր-մարդուն և ցանկանալով ցանկանում է, որ դուք հավատարիմ լինեք այն պատկերացումին ու գաղափարին, որ ունի ձեր հանդեպ:
Դուք հաճախ եք խոսում այն մտերիմ մարդկանց մասին, ովքեր ցած մնալով իրենց մասին ունեցած ձեր պատկերացումից` հուսախաբ են արել ձեզ, չեն համապատասխանել իրենց իդեալական կերպարին:
Իսկ Ես ի՞նչ ասեմ, որ Ես եմ տեսնում նրանց մեջ:
Մարդը, որ կարող է լինել, մարդը, որ Ես կուզենայի, որ այդպիսին լիներ:
Պատկերացրեք զգացումը Իմ սրտի, երբ մարդը չի կարողանում կատարել այն խոստումը, որ տվել է և որը կատարելու հնարավորությունն ունի ինքը:
Մեծ ու անքանակ հուսախաբություններ ապրած կլինեք ուրիշների պատճառով, բայց իմացեք, որ դրանք ոչինչ են` համեմատ այն հուսախաբությունների, որ դուք եք Ինձ պատճառել: Հիշեք այս և ջանացեք լինել այն բարեկամը, ինչպիսին որ Ես եմ պատկերացնում ձեզ: