Անդրադառնալով Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին՝ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին մասնավորապես ասել է. «Հույս ունենք, որ Երևանը, օգտագործելով իր ներուժն ու առկա հնարավորությունները, կկարողանա հավասարակշռված գործընկերություն պահպանել աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների հետ»:               

Ապոկալիպտիկ

Ապոկալիպտիկ
05.12.2023 | 22:55

Անաստվածները դարձյալ բանակեցին բարձունքներում -

անարդարները, այլասերներն ու ստորահոգիք,

թեպետ վերևում բազմած է Աստված,

անաստվածության տիրացուները երկրին տիրացան:-

Եվ ահասարսուռ, և աղեկտուր կանչում եմ որդուս,

որ կեցել է կանաչ գոգահովտում՝

որպես մանկանց երթին լապտերիկ-սիրտ

և ձայնավորաց սրնգահար:

Ես կանչում եմ հորս, որ վաղվա կրակ-մոխրագույնը

նույնականացնում էր այգաբացի հետ

և կանխանշում կույր գալիքներ:

Քույրիկիս եմ կանչում, մեր տան մանուշակին,

ով իր բուրավետ խոսքն էր շռայլում կենդանի ամեն արարածի:

Ես կանչում եմ պարպված Հայրենիքիս,

նոր ու հնամենի աճյուններին, որոնք

շվարել են հողում ու երկնքում

և լռությամբ են խարազանում իրենց:-

Աշխարհը խամրում է, երբ հայրենիքն է կորսվում սրտերից,

երբ չեն պատարագում ոգիները սուրբ,

և սիրելիները կծկված են օտար տանիքների տակ,-

աշխարհը մեռնում է անհոգության թեժ համավարակից.-

Տեր, Դու ինչպե՞ս ես ժամանակի անսանձ մոխրացումները

պարտակում Քո սաստ հայացքի մեջ –

հանուն խորտակմա՞ն պիղծ աշխարհի,

թե՞ հանուն գալիք, ճիշտ Հայտնության…

13.11.2023

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ.

Դիտվել է՝ 5399

Մեկնաբանություններ