2018-ի ապրիլի երկրորդ կեսին դաշնակները թռիչք կատարեցին, լինելով ի ծնե հեղափոխական, նրանք Փաշինյան Նիկոլի հեղափոխության հոտը շուտ զգացին, դուրս եկան կոալիցիայից և միացան Փաշինյան Նիկոլին, որպեսզի դրան դարձնեն ժողվարչապետ։
Ապրիլի 23-ին, Սերժ Սարգսյանի հրաժարականից անմիջապես հետո, հեղափոխական դարձավ նաև Գագիկ Ծառուկյանը, որը մինչ այդ պահպանում էր քար լռություն և ոչ մի կերպ չէր համակրում կամ հակակրում Փաշինյան Նիկոլի հեղափոխական շարժմանը։
ՀՅԴ և ԲՀԿ ֆրակցիաները ապրիլի 30-ին քվեարկեցին վարչապետի թեկնածու Փաշինյան Նիկոլի օգտին, բայց ապարդյուն։
Հիշեցնենք, որ երկրորդ անգամ Փաշինյան Նիկոլը չէր կարող առաջադրվել թեկնածու, եթե չլինեին Ծառուկյանի խմբակցության ստորագրությունները։ Փաշինյանն ընտրվեց, նշանակում է՝ լեգիտիմ վարչապետ նրան դարձրեց հենց Գագիկ Ծառուկյանը։
Ժանրի բոլոր կանոններով Ծառուկյանն էլ դարձավ իր քաղաքական հեռատեսության զոհը։ Կալանավորվեցին և դատապարտվեցին նրա ամենամոտ մարդիկ՝ Բաբայան Էդոն ու Առուստամյան Սեդրակը։ Բայց Փաշինյան Նիկոլը դրանով չբավարարվեց՝ քրեական հետապնդման ենթարկվեցին Ծառուկյանի մոր՝ տիկին Ռոզայի, բիզնեսը և տղան։ Հետո բանտում հայտնվեց անձամբ Ծառուկյանը։ Այդ ընթացքում նրա բիզնեսները տուգանվեցին մոտ 8 միլիարդ դրամ, «Շանգրիլա» կազինոն առ այսօր չի գործում, մի խոսքով, Ծառուկյանը կրեց հսկայական նյութական վնաս։
Հիմա Ծառուկյանն ու դաշնակները դուրս են եկել ժողվարչապետի դեմ, բայց ոչ մի խղճի խայթ չենք տեսնում նրանց մեջ։ Փաշինյան Նիկոլին անվանում են դավաճան և կարծես մոռանում են, որ իրենք էլ ունեն մեղքի իրենց բաժինն ու պատասխանատվության չափը։ Ընդհանրապես չեն խոսում այդ մասին։ Ոչինչ, ժամանակը կգա, մենք կհիշեցնենք և կպարտավորեցնենք զղջալ ու ապաշխարել։ Բայց բանն այն է, որ այս երկու քաղաքական սուբյեկտները հիմա էլ մեծ ջանքեր չեն գործադրում վիժվածքների ռեժիմի տապալման համար։ Ժամանակին Ծառուկյանը Սերժ Սարգսյանի դեմ 20 հազար մարդ էր հանում, բայց այժմ պասիվ է, անգամ հանրահավաքների չի մասնակցում։
Ինչու՞։
Որովհետև համոզված էր․ Սերժ Սարգսյանն ընտանիքում ծնված ու դաստիարակված մարդ էր, երբեք քաղաքական բազարը չէր տեղափոխի ընտանեկան հարթակ, երբեք քրեորեն չէր հետապնդի Ծառուկյանի հարազատներին, ի տարբերություն Փաշինյան Նիկոլի, որը ծնվել և դաստիարակվել է շատ կասկածելի միջավայրում ու պայմաններում։
Ինչևէ, Նոր Հայաստանի կերտողների ցանկում ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ունեն իրենց անփոխարինելի տեղը։ Մի քիչ սպասենք, փորձենք խերվել նրանցից լակոտակրատիայի ապամոնտաժման գործում։ Հետո կհնչեցնենք մեր պրետենզիաները:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ