Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Հունվարի 22
Մի՛ վախենա:
Ե՛ս Եմ քո Աստվածը, քո Ազատարա՛րը:
Ամեն տեսակ չարից պիտի ազատե՛մ քեզ: Վստահի՛ր Ինձ, մի՛ վախենա:
Երբեք մի՛ մոռացեք ասել.
«Փա՛ռք Աստծո»:
Այս պետք է ընդունել իբրև մի շատ կարևոր դաս:
Պետք է ասել. «Փա՛ռք Աստծո» հատկապես գորշ ու տաղտկալի օրերին:
Անպատճառ պետք է անես այս: Խաղաղություն ու թեթևություն չես ստանա, մինչև որ այսպես չանես: ՈՒրեմն իմացի՛ր, որ անգույն օրերին հատուկ անելիք ունես, այս բացարձակ անհրաժեշտություն է:
Իմ մահը խաչի վրա ո՛չ միայն անհրաժեշտ էր աշխարհի փրկության համար, այլև անհրաժե՛շտ էր Իմ աշակերտների կրթության համար:
Իմ բոլոր տնօրինությունները նրանց կրթության մասն էին կազմում.
Իմ հաղթական մուտքը Երուսաղեմ,
Իմ աշակերտների ոտքերը լվանալը,
Իմ տրտմության ժամը Գեթսեմանի պարտեզում,
Իմ անարգվելը, դատապարտվելը, խաչվելն ու թաղվելը:
Սրանցից ամե՛ն մեկը անհրաժեշտ էր` նրանց նկարագրի կազմավորման համար:
Եթե գորշ օրվա մեջ դու դեռ չես սովորել գոհություն հայտնել Աստծուն, ապա դասը կկրկնվի այնքան, մինչև որ սովորես: Սակայն ամենքի համար չէ, որ այդպես է: Այս միայն նրանց համար է, ովքեր ուզում են ավելի լավ ծառայություն մատուցել Ինձ, ավելի շատ գործեր անել Ինձ համար:
Մեծ աշխատանքը մեծ ու բծախնդիր վարժություններ է պահանջում: