Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ
Հունվարի 27
Տեր, ու՞մ մոտ պիտի գնանք: Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես (Հովհ. Զ. 68):
Ես ձեր երկուսի հետ եմ: Առաջ ընթացեք աներկյուղ: Ես եմ պարգևում առողջություն ու զորություն, խիզախություն ու հանգստություն, երջանկություն ու ուրախություն: Սրանք ձեզ են պատկանում, եթե խնդրեք կամ` երբ խնդրեք:
Ինչպես նյութական աշխարհի, այնպես էլ հոգևոր իրականության մեջ պարապություն չկա: Եթե «ես»-ը, մտահոգություններն ու վախերը հեռանան ձեր կյանքից, շուտով կգան հոգուն վերաբերող բաներ, որ մեծ անձկությամբ ունենալ եք ցանկանում. կգան, ներս կխուժեն` նրանց տեղերը գրավելու համար: Ամեն ինչ ձերն է. դուք Քրիստոսինն եք, իսկ Քրիստոս` Աստծունը: Ի՜նչ սքանչելի շրջան, որովհետև դուք Աստծո սեփականությունն եք:
Թողեք ձեր վախերը. մի՛ երկնչեք: Ազատողը խեղդվողի մոտ է շտապում: Ազատարարը չի մոտենում քաջարի լողորդին, ով շատ լավ ընթանում է առանձին: Չկա մի ուրախություն, որ նմանվի այն հրճվանքին, որ փրկվողն է ունենում` փրկողի նկատմամբ:
Իմ օգնության մեջ կիրառվում է նաև այս եղանակը. Ես սպասում եմ, որ փոթորիկը սաստկանալով` մեծ ուժգնության հասնի. այդպես վարվեցի, երբ աշակերտներիս հետ լճի վրա էի: Կարող էի հրամայել ու խաղաղեցնել առաջին իսկ ալիքը, հողմի առաջին պոռթկումը, սակայն այդպես կկորչեր ուժգնությունը` ապահովության ու ջերմ մտերմության զգացումի:
Իմ աշակերտները կարծեցին, թե Ես քնել ու մոռացել եմ իրենց, սակայն գիտեք, թե որքան սխալ էին նրանք: Այս պատմությունը մտաբերելով` վերստին ուժ առեք, ամրացեք վստահությամբ. համակվեք մի զվարթ զգացումով, որ ակնկալում է` կապվածություն և պաշտպանվածություն:
Եթե չվախենաք, ուրախությունը` ազատագրվածի ուրախությունը, ձերը կլինի: