Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Հայ Դատը չի դադարելու լինել մեր հարատև ընթացքի ուղեկիցը, քանի դեռ չի հասել հատուցման ժամը. հիշեք, ով հակահայեր

Հայ Դատը չի դադարելու լինել մեր հարատև ընթացքի ուղեկիցը, քանի դեռ չի հասել հատուցման ժամը. հիշեք, ով հակահայեր
24.04.2024 | 19:05

Հայոց ցեղասպանության ճանաչումն ու Հատուցումը մի՛շտ է եղել հայ ժողովրդի ազգային օրակարգում։ Եվ Պատմական Հիշողությունը ոչ մի րոպե չի լքել հայ մարդու ազգային գիտակցության տիրույթը։ Տասնամյակներ շարունակ Սփյուռքը, որը ձևավորվել է Հայոց ցեղասպանության պատճառով` որպես պատմական իրողություն, պայքարել է որ պետությունները ճանաչեն մարդկության դեմ գործադրված այդ մեծագույն ոճիրը` Հայոց ցեղասպանությունը, որը նախերգանքը դարձավ 20-րդ դարի ամբողջ ընթացքում կատարված մյուս հանցագործությունների:

Մշտապես պայքար է եղել, որ որևէ պետություն թուրքերի կողմից իրականացված հայ ժողովրդի հայրենազրկումն ու մեր իսկ Պատմական Հայրենիքում կոչեն իր անունով` ցեղասպանություն։
Անգամ խորհրդային տարիների ռեժիմն ի զորու չեղավ, որ պայքարի հայը։
Պետական-ազգային գործիչ Ջոն Կիրակոսյանը գրում էր ծանրակշիռ աշխատությունները։ Նրա հեղինակած «Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ» գիրքը ես կարդացել եմ դեռ դպրոցական տարիքում։
Թշնամուն ոչ միայն պատմության դատարանի, այլև Միջազգային դատարանի առաջ կանգնած տեսնելու պայքարը եղել է ու մշտապես լինելու է մեր ազգային գաղափարախոսության մասը։ Իսկ այդ Հիշողությունը փոխանցողները Հայոց ցեղասպանության ականատես-վերապրողներն են, որոնց հուշ-վկայությունները դեռևս 1950-ական թվականներից` տակավին ուսանողական նստարանից գրի է առել այսօր մեր կողքին ապրող ականավոր ցեղասպանագետ, բանագետ և բանահավաք , ժողովրդագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանը։ Եվ գրի է առել վերապրածների առաջին սերնդից:
Նրանք մեզ են փոխանցել Պատմական Հիշողությունը, որոնցից յուրաքանչյուրի վկայությունը մեզ համար իրավաքաղաքական հիմք է հանդիսանալու մեր թշնամու հետ խոսելու Միջազգային դատարանում ու պահանջելու Հատուցում։ Գիտե՞ն արդյոք անհայրենիք տեսակները, թե սա ինչպիսի իրավական եզրույթ է։ Սա նշանակում է` մեր Պատմական Հայրենիքի վերադարձ և հայ ժողովրդի հայրենիք վերադառնալու իրավունք։ Մինչդեռ ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի։ Չունի, որովհետև, երբ ուղիղ ութ տասնամյակ առաջ ստեղծվում էր Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան և դրա ընդունման գործում հրեական ծագումով լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը ներկայացնում էր կոնվենցիայի համաձայնագրի նախնական բանաձևը, նա ստեղծեց «ցեղասպանություն» եզրը` հիմք ընդունելով 1915 թվականի հայերի ոչնչացումը, որպես հիմնարար օրինակ։

Հայոց ցեղասպանության ճանաչման և միջազգային դատապարտման համար պայքարը եղել է հայ ժողովրդի ազգային արժանապատվության խնդիրը` որպես տարածաշրջանում անվտանգության երաշխիք։ Սա Հայաստանի անկախացումից ի վեր նաև մեր արտաքին քաղաքականության գերակա ուղղությունն էր։
Եվ այդ պայքարի երկար ու ձիգ տարիների ու տասնամյակների ընթացքում Հայ Դատի ջահակիրը եղել է նաև Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` իր գահակալներով։
Պատմության էջերում արձանագրված է Վազգեն Ա Վեհափառի կերպարը, ով անձամբ էր հանդիպել Սողոմոն Թեհլիրյանին` օրհնելու հայ ժողովրդի վրիժառու զավակին` ասելով իր հայտնի խոսքերը.
-Ժողովուրդը քո մատն ավելի շատ համբուրեց , քան իմ աջը։ Եվ դա է ճշմարիտը: Պետք է, որ մենք այդպես հարգենք մեր հերոսին, ինչն ամեն բանից վեր է: Ազգը, որ հերոս չունի, պատմություն չունի:
Այսօր մեզ մեր պատմությունից են զրկում։ Իսկ թշնամին Արաքսի հովտից այն կողմ` մեր պատմությունը կոչել է «անհիմն հիշողություններ»։
Այս համայնապատկերում պատմության մեջ արձանգրվելու է, որ վեց տարի առաջ պետությունը զավթած անտոհմ ու անհայրենիք այս խմբակի ղեկավարը անկախ Հայաստանի պատմության մեջ հնչեցրել է ամենստոր ու ամենախայտառակ ուղերձը, որպիսին թույլ կտար միայն ինքը։
Սա թշնամու ժխտողական քաղաքականությունը մեր իսկ երկրում պետական հիմքերի վրա դնել ու մեզ բացառապես նրանց հայատյաց և ժխտողական օրակարգը մեզ պարտադրել է նշանակում։ Սա այն դեպքում, երբ հայ ժողովուրդն իր պայքարով արդեն հասել էր այն աստիճանին, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը 2015-ին տրվեց նրանով, որ երկրի նախագահը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կարդաց Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման Համահայկական հռչակագիրը. սա մի փաստաթուղթ էր, որը մեր թուրքագետների, պատմաբանների ու քաղաքագետների բնորոշմամբ, իրարանցում էր առաջացրել մեր թշնամու երկրում և մեծ արձագանք գտել աշխարհում` Հայ Դատը տեղափոխելով իրավաքաղաքական հարթություն։ Անգամ տխրահռչակ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը ապրիլի 24-ին նշելը և աշխարհը քաղաքակրթական ճամբարների բաժանելը չմթագնեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մեծամասշտաբ միջոցառումները։ Հաղթողը այդ պայքարում մենք էին` մեր Ճշմարտությունը։ Հաղթողը մեր տեսակն էր` իր անժամանցելի պատմական իրավունքներին հետամուտ մեր պետությունն էր:
Ինը տարի անց, որից վեցը գոյատևում ենք բոլորովին այլ իրականության մեջ, երբ վարչապետի աթոռը դեռևս զբաղեցնողն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109–րդ տարելիցի կապակցությամբ, ո՛չ ավելի, և ո՛չ էլ պակաս, մեջբերում է արել Աստվածաշնչից։
ՈՒ ավելի քան 11 անգամ, նեյրոլինգվիստական ծրագրավորման սկզբունքով կրկնել է, ոչ թե Ցեղասպանություն իրավական եզրույթը, այլ «Մեծ եղեռն»։ Սա այն արտահայտությունն է, որի համար նախկինում Հայաստան պետությունից կարող էինք արձագանքել անգամ գերտերությունների նախագահներին, հրապարակավ ասել, որ հնչել է թույլ ուղերձ, որը հարիր չէ տվյալ երկրի միջազգային հեղինակությանը և մարդու իրավունքներին հետամուտ պետության նրա կերպարին։
Իսկ Սփյուռքի մեր լոբբիստական կառույցները կարող էին բողոքի ցույցեր իրականացնել։ Այսպիսին էր իրականությունը տարիներ առաջ, որովհետև այդ ժամանակ մեր թշնամին միայն մեր երկրի սահմաններից այն կողմ էր, և մեր ամեն քայլն ուներ հստակ հասցեատեր։
Այսօր ունենք այլ իրականություն, երբ վարչապետի աթոռը դեռևս զբաղեցնող անձը Հայոց ցեասպանության հերթական տարելիցի այս ժամերին շարունակում է Հող հանձնել թշնամուն ու իր ուղերձում էլ նշել, թե «հայրենազրկումը դատավճիռ չէ»:
Եվ այս ժամերին թշնամին բռնազավթած Արցախում շարունակում է ջնջել մեր քաղաքակրթական ժառանգությունը, որը համաքրիստոնեական արժեք է։ Դրա դեմ պայքարում են մեր նվիրյալ գիտնականների խմբերը` աշխարհի դեմ մեն-մենակ։ Այսպես է, քանի որ վարչապետի աթոռը դեռևս զբազեցնող անձը մեր թշնամուն շնորհել է հայ ժողովրդին հայրենազրկելու «քարտ-բլանշ» և ապրիլի 24-ի օրն ահա այպիսի «ուղերձով» է հանդես գալիս, որից ընդամենը երկու դրվագ հիշատակենք.
*Մենք պետք է Մեծ եղեռնի ընկալումը հարաբերենք Հայաստանի Հանրապետության՝ մեր ազգային պետականության կենսական շահերի հետ: Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք: Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում:
*Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, որի մրցունակ, լեգիտիմ, մտածված և ստեղծագործ քաղաքականություններն են, որ կարող են բացառել կրկնություն։

Ի գիտություն բոլոր երևելի ու աներևույթ թշնամյաց` Հայ ժողովուրդը երբեք չի մոռանալու, որ Հայոց ցեղասպանության հետևանքով մենք հայրենազրկվել ենք, և սա մեր իրական Հայրենիքի սահմանները չի բնավ։ Մեր Հայրենիքի սահմանները տարածվելու են բոլորովին այլ տեղ, երբ ժամը գա Հատուցման։ Պայքարելու է հայը, որովհետև Հայ Դատի լուծմանն հասնելն է մեր անվտանգության երաշխիքը։ Իսկ հիմա Հայ Դատի մաս դարձրեցին նաև Արցախը։ Չի մոռացվելու ոչինչ։
Եվ մենք ապազգային կերպարներին և ուժերին հեռացնելու ենք մեր ազգային կանքից։ ՈՒ մեր մեծերի խոսքերը մարմին ու ոգի են առնելու և ուղեկցեն մեր սրբադաված պատմությունն ուրացողներին.

Աշխարհում ով մոռանա,
Ջուխտ աչքով թող քոռանա...

Մեր սրբադասված պատմական Հիշողության զանգերը միշտ անլռելի են մնալու։ Ինչպես կասեր ժողովուրդը` ականջդ կանչի Պարույր Սևակ:
Եվ մեր մեծի խոսքը երեկ դրսևորվեց Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայրերից Տեր Արշակ Սրբազանի խոսքում, որով փաստացիորեն բանադրեց մեզ ժխտում և ուրացում պարտադրող ապազգային ուժերին։
Այո՛, նզովյալ են լինելու անհայրենիքները, իսկ մենք շարունակելու ենք պայքարել Հայ Դատի, Հայրենիք վերադառնալու մեր անժամանցելի իրավունքի համար։
Դեռ միջազգային հարթակ վերադառնալու է այն արժանապատիվ պետությունը, որը թշնամու հետ կխոսի պահանջատիրական հարցերով։ ՈՒ սրանից ինը տարի առաջ այս օրերին` Մայր Աթոռոռ Սուրբ էջմիածնում` Սուրբ Տրդատի Բաց խորանի մոտ հատուկ արարողակարգով սրբասաված Հայոց ցեղասպանության նահատակները լինելու են մեզ բարեխոս։

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1429

Մեկնաբանություններ