«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Հեմինգուեյն ու հայերը

Հեմինգուեյն ու հայերը
02.07.2024 | 18:53

1922 թվական, Զմյուռնիա։

Թուրքական զորքերը ներխուժելով քաղաք՝ սրի են մատնում խաղաղ քրիստոնյաներին։ Նրանք ավերում, թալանում և ոչնչացնում են հայկական, հունական եկեղեցիներն ու թաղամասերը, իսկ փրկվածների նավերը թշնամին ջրասույզ է անում։

Քրիստոնյաներից ընդմիշտ ազատվելու տենչանքով «արբած»՝ քեմալական զորքերը քաղաքը հրդեհի են մատնում։ Ամերիկացի մի գրող, ով այդ ժամանակ «Տորոնտո դեյլի սթար» թերթի թղթակիցն էր, մեկնում է Թուրքիա ևբդառնում վայրագությունների ականատեսը։

Գրողը սարսափում է:

Հայերի ու հույների կոտորածն անջնջելի հիշողություն է դառնում։ «…Շարունակ երկմտում էի՝ արդյոք շարունակե՞մ գրողի իմ գործունեությունը, թե՞ պայքար սկսեմ ցեղասպանության ոճրի դեմ։ Ի վերջո, ես որոշեցի գրել, բայց գրել միայն ճշմարտությունը…»,–գրում է նա։

1925 թվականին ամերիկացի գրողը հրատարակում է «Մեր ժամանակում» պատմվածաշարը, որում տարիներ առաջ անմեղ քրիստոնյաների հետ կատարվածը վերարտադրում է «Զմյուռնիայի նավահանգստում» խորագրով պատմվածքում. «Չեմ կարողանում մոռանալ Զմյուռնիայի նավահանգիստը։ Ինչեր ասես, որ չէին լողում նրա ջրերում։ Կյանքում առաջին անգամ գիշերները մղձավանջի մեջ էի ընկնում…»։

Այդ գրողը, ում տարիներ շարունակ հանգիստ չէր տալիս «քրիստոնյաների ճակատագիրը», Նոբելյան մրցանակակիր Էռնեստ Հեմինգուեյն էր։

Հուլիսի 2-ն ականավոր գրողի հիշատակի օրն է։ Նրա ստեղծագործական սկզբունքը «այսբերգի տեսության» համաձայն է, գրելաոճը՝ հակիրճ, պարզ, խորքային։

Իր «Ծերունին և ծովը» վիպակն աշխարհում ամենաշատ վաճառված գրքերի ցանկում է։

«Իսկ իմ զարթուցիչը ծերությունն է։ Ինչո՞ւ են ծերունիներն այդպես շուտ զարթնում, մի՞թե նրա համար, որ երկարացնեն գոնե այդ օրը։ Չգիտեմ։ Գիտեմ միայն, որ երիտասարդները պինդ ու երկար են քնում»,–մտածում է Հեմինգուեյի ծերունի հերոսը։

Հեմինգուեյը ծանոթ է եղել հայկական մշակույթին։ Նա և իր կինը հմայվել են Արամ Խաչատրյանի երաժշտությամբ։ Մի անգամ, երբ հայ կոմպոզիտորը երաժշտական շրջագայությամբ ժամանել է Կուբա, Հեմինգուեյն իր տանը հյուրընկալել է Խաչատրյանին և քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանին։

Անվանի գրողը նրբանկատորեն ցույց է տվել կոմպոզիտորի երաժշտության ձայներիզները, որով իր համակրանքն է արտահայտել հայկական երաժշտության նկատմամբ։

Էռնեստ Հեմինգուեյը, սիրելով հայկական մշակույթը, միաժամանակ հակամարտության մեջ է եղել հայ ականավոր գրողի՝ Վիլյամ Սարոյանի հետ։ Երբեմն լեգենդներ էին հյուսվում նրանց մասին։ Գուցե պատճառը երկուսի հանճարեղ լինե՞լն էր։ Փաստն այն է, որ երկու գրողն էլ դարձան 20-րդ դարի ամենանշանավոր հեղինակները։ Հեմինգուեյը տեսնում էր մարդուն մահվան և կյանքի սահմանագծին, որտեղ ամեն ակնթարթը պայքար է և ամենասոսկալին՝ մարդու պայքարն իր դեմ։

«Տեղից տեղ մեկնելով՝ չես կարող փախչել ինքդ քեզնից»,-գրում է Հեմինգուեյը, դրա համար «Կյանքիդ ժամերն ապրիր այնպես, որ այդ քաղցր ժամերին ոչ քեզ, ոչ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը»,–ասում է լավատեսական հայացքով Սարոյանը։

ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԼՈՆԴՈՆՈՒՄ, ԿՌՎԵԼ ՓԱՐԻԶՈՒՄ 1944-ԻՆ

Երբ Հեմինգուեյը հաստատվեց Լոնդոնի «Դորչեսթր» հյուրանոցում, նրա համարն անմիջապես ձգողական կենտրոն դարձավ, ուր գալիս էին գրողներ, ռազմական թղթակիցներ, ֆոտոլրագրողներ: Այստեղ էին Հեմինգուեյի բազում հին ծանոթներն ու ընկերները: Օրերից մի օր «Դորչեսթրի» հյուրերի թվում հայտնվեց նաև Վիլյամ Սարոյանը, որը եկել եր Էռնեստի կրտսեր եղբոր` Լեսթերի հետ, որի հետ նա ծառայում էր պատերազմական կինովավերագրության մեջ: Սակայն, ոչ լոնդոնյան հանդիպումները, ոչ` փարիզյան, չընկերացրեցին նրանց:

Մի անգամ նրանք նույնիսկ կռվել են փարիզյան սրճարաններից մեկում, որտեղ մինչ օրս ցուցանակ է կախված.

«Այստեղ կռվել են Հեմինգուեյն ու Սարոյանը»:

Սարոյանի և Հեմինգուեյի հարաբերությունները չբարելավվեցին ոչ 10, ոչ 20 տարի անց: Նրանք չէին համակրում միմյանց: Նրանք հակառակորդներ մնացին մինչև վերջ, սակայն յուրաքանչյուրն ընդունում էր հակառակոդի հանճար լինելը:

Սարոյանն ասում էր.

«Հեմինգուեյն ամենամեծ անգլալեզու գրողն է: Նա այնպես է գրել, կարծես դա Հին կտակարանն է: Մարդը մտավ քաղաք և դուրս եկավ քաղաքից: Շատերն են փորձել այդքան պարզ գրել, բայց ոչ ոք չի կարողացել»:

Որքան էլ նրանց մեջ եղել են տարաձայնություններ, միևնույն է, երկուսն էլ բարձր են գնահատել միմյանց գրականությունը։

Հեմինգուեյն այսպես է ասել Սարոյանի մասին.

«Գիտե՞ք, նա մի գրական առավելություն ունի բոլորիս հանդեպ. դա նրա հայ լինելն է»։

Հայերի մասին Հեմինգուեյը բարձր կարծիք էր հայտնում նաև հավաքույթների, հաճախ գրական երեկույթների ժամանակ։ Հայերի արժանիքները գնահատեց այնպես, որ հենց այս ազգի մեջ փնտրեց իրեն բարեկամ ու մրցակի:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5059

Մեկնաբանություններ