«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Արտիստը

Արտիստը
22.08.2024 | 10:15

Մենք` Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ ընդունվածներս, առաջին անգամ նրան տեսանք աշնան մի օր։ Օրը իմն էր, իմ ծննդյան օրը` սեպտեմբերի 5-ը։ Ծննդյանս օրը` տոն դառնալու այդ օրը, միշտ տարբերվել է մյուսներից։ Մենք` նոր-նոր մարդուկի շապիկից դուրս եկածներս, մի պահ նայեցինք նրան` բարձրահասակ, թիկնեղ, ազնվական կեցվածքով, ազնվակիրթ շարժուձևով ու հասկացանք. ինչքա՜ն բան ունենք դեռ սովորելու, հատկապես` իրենից սովորելու։

Եկավ, մի պահ նայեց մեծ լսարանում, ուր դեպի վեր տանող աստիճաններն էին նաև նստատեղեր դարձել, լեփլեցուն դահլիճում անհամբերությամբ իրեն սպասող, ուսանող դարձած այն պատանիներին ու պարմանուհիներին, այլ ֆակուլտետների բարձր կուրսերից եկած երիտասարդ տղաներին, թեթև ձեռքի շարժումով նշան արեց, որ նստենք ու սկսվեց ներկայացումը։

Լսարանն ասես տիեզերք դարձավ, ինքը` անտիկ աշխահի աստվածների մունետիկը։

«...Մարդկանց պայմանականորեն կարելի է բաժանել երեք խմբի.

- մարդիկ, որ անցնում են կյանքի կողքով,

- մարդիկ, որոնց կողքով է կյանքն անցնում,

- մարդիկ, որ անցնում են կյանքի միջով ու կյանքն է անցնում նրանց միջով։

Վերջիններս ամենաերջանիկ մարդիկ են, որ փորձում են հասկանալ` ի՞նչ է կյանքը»։

Հետո հայացքն ընկավ մեր համակուրսեցի, մեր շարքում նստած խոշորաչ, կրակամազ Անժելային ու թեթև ժպտաց. գեղեցիկն ու անսովորը աչքից չվրիպեց։

Արդեն հաջորդ հանդիպմանը նա խոսեց սիրո մասին, ու մենք` ամոթխած աղջնակներս, շիկնեցինք ու հասկացանք, որ սերը պիտի ճանապարհ անցնի, սպասում դառնա ու կարոտ, որ մեզ հասնի։

Պիտի գիր դառնա, սեպագիր կամ էլ դաջվի քարին։

ՈՒ աքքադերեն կավե սալիկի վրա դաջված այս խոսքերը`

«Բաբելոնը մեծ քաղաք է,

Բայց ես մենակ եմ, որ դու չկաս,

Հայտնիր ինձ` ե՞րբ դու կգաս,

Որ սիրտն իմ մի քիչ ուրախանա»

Քառատողը դարձավ մեր յուրաքանչյուրի իրավունքի այցեքարտը սիրո, կարոտի ու սպասման մասին։

Այնուհետ մեր հանդիպումները դարձան օդի պես անհրաժեշտ, որ յուրաքանչյուրս ունենանք մեր Լևոն Ներսիսյանին, մեր Արտիստին։ Որ լսենք նրա խոսքը, որ մերթ փայլատակում էր, մերթ խոսքի, մտքի ու մատուցման փայլատակում, որ տեսնենք նրա խոսքի խորքը, այնպես, ինչպես ինքն էր տեսում ու զգում, ուր նրա շուրթերից հնչած ամենասովորական բառը իմաստ էր ստանում, աստվածայինն ավելի աստվածային դառնում։

Մենք ականջալուր ու հանդիսատես դարձանք նրա յուրաքանչյուր բառին, խոսքին, անմեկնելի դիմախաղին։ Իսկ նրա համար յուրաքանչյուր լսարան, մեծ թե փոքր, թատրոն էր, ինքը` Մեծ Արտիստ, խոսքի, մտքի, դիմախաղի տիրակալ։

Այդպես մեր կուրսն ու մեր մեծ լսարանն էլ հանդիսասրահ դարձան ու հերթական անգամ եկավ նա` Երևելին, Ոգու տիրակալը։ Եկավ` էլի, որերորդ անգամ անփութորեն սեղանին նետելով Հրաչյա Ներսիսյան հորից ժառանգություն մնացած շղթայակապ ժամացույցը, և սկսվեց պոետական, քնարական, դիցաբանական ներկայացումը` հին, հեթանոս աստվածների կանչով ու փերիների ճախրանքով։

Դրանից հետո օրերից մի օր արդեն մենք պիտի փնտրեինք մեր աստվածներին, փնտրեինք անտիկ աշխարհում, Էլլադայում` հին Հունաստանի աստվածների պանթեոնում կամ «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները» արդեն մեզ համար առասպել դարձած` ռուս գրող-պատմաբան Նիկոլայ Կունի գրքում։ Պիտի հույն ողբերգակներին` էսքիլես, Սոֆոկլես, Եվրիպիդես, կարդայինք ու փորձեինք հասկանալ մարդ արարածին` Արտիստի մեկնաբանմամբ, մարդու` արդարացվող ու չարդարացվող տեսակը, տեսնեինք հունական ողբերգությունների ցնցող դրամատիզմը` ամբողջ խորությամբ, ինչու չէ, նաև` վեհությամբ։

ՈՒ էլի, օրերից մի օր, մի պահ մեզ թվաց, թե լսում ենք ահեղ օվկիանոսի շառաչը, շղթայված Զևսի շղթաների խուլ աղմուկը։ Այդ պահին ինքն էլ, ասես, ահեղ մի օվկիան էր` աշխարհին ու մեզ անհայտ գիտելիքների անհատակ շտեմարան ։

Այդպես հետո, շատ հետո ես Հունաստանը ճանաչեցի իրենով, քարակերտ աստվածներին տեսա իր կերպարով ու կերպարանքով` առեղծվածային ու անմեկնելի։ Տեսա նրա ոգին, որ անտիկ աշխարհի գրավոր բոլոր աղբյուրներում փնտրել, գտել ու տեսել էր մեծ Արտիստը։

...Այսպես, ժամանակ անց մենք հասկացանք, որ մենք գնում ենք մի դերասանի թատրոն, ուր Արտիստն է բեմի տերը` այնքա՜ն տարբեր բոլորից, այնքա՜ն ինքնատիպ, այնքա՜մ մերը։

Հասկացանք, որ սկսել ենք աշխարհին նայել այլ` տեսանողի աչքերով։ Իսկ հետո, շատ տարիներ անց ապրեցինք այդ օրերի շնչով։ Չէ՞ որ ժամանակ առաջ` իմ ծննդյան օրը, կայացել էր հանդիպումը նրա հետ, աշխարհն ափի մեջ պարզորոշ տեսնող Արտիստի հետ։

Հերթական հանդիպումը Լևոն Ներսիսյանի հետ Երևանի Բժշկական ինստիտուտի մոտ էր, ինքը` գեղանի դստեր հետ` ձեռքը` ուսին։

Մի պահ քարացա. հառնեց ներդաշնակությունը` Մեծն Թումանյանի պոետական փայլատակումով.

«Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,

Աղջիկն ինչպես մի լուսին,

Ամպ ու լուսին իրար փարված`

Դուրս են գալիս միասին»։

...1975-ի փետրվարի 23-ն էր։ Մեծ լսարանի մեծ լուսամուտից երևում էր ձմռան ցուրտ ու մռայլ օրը։

Նա ներս մտավ լսարան, հանեց թևի շղթայակապ ժամացույցը, կրկին անփութորեն նետեց մեծ սեղանին, ձեռնափայտը հենեց աթոռի թիկնակին.

- Երեկ Մինասին սպանեցին։ Այսօր չեմ կարող խոսել։

Քար լռություն։ Մի քանի ծանր քայլ մեծ լսարանում։

ՈՒ գնաց։

Այդ պահին նա մեզ բոլորիս պատած մեծ վշտի կրողն էր, ու թվաց, թե նրա աչքերում, ձեռքերին, ափերին Մինասի որդան կարմիրն է` Արտիստի քարացած տեսքով կտավ դարձած։

Էլի հանդիպումներ եղան նրա հետ, որ, ասես, տեսակցություն էին գեղեցիկի, արտաքուստ չերևացող երկնայինի հետ, ուր հառնում էր Արտիստի հախուռն, թափառ հոգին` աստվածների հետ հավասարը հավասարին հանդիպելու ոգեղեն իրավունքով։

Հանելուկ մնաց. որտեղի՞ց այդ մարդու մեջ այդքան առեղծված։

Հետո ես նրան` իմ ճանաչած երևելի պոլսահային փնտրեցի Պոլսում, Աթենքում, Փարիզում, այնտեղ, ուր նրա ոգին էր` իր անցյալի հետ հանդիպման կարոտ նրա ոգին։

Իսկ ձայնը, նրա ձայնը, որ գալիս էր խոր- խորքերից, այսօր էլ ականջներումս է։

...Երևան հյուրանոցի բացօթյա սրճարանի մոտով անցնելիս մի օր տեսա նրան` ծխախոտի գլանակի մոխիրը կախ, որի մեջ երևի այնքա՜ն կրակներ ու կայծեր կային։ Տարիներ են անցել, տասնամյակներ։ Արտիստը էլի մեր` իմ սերնդակից բանասեր համալսարանականների մտապատկերում է, մեր հիշողության մեջ, մեր հոգում` իրենից բուռ մի հուշ, մի լիաբուռ կարոտ թողած։

Տասնամյակներ անց էլ նրա հսկա ստվերը մեր` նրա ուսանողների հիշողության մեջ է և կմնա որպես տաք հուշ` կյանքը ճանաչելու ճանապարհին, հուշ` մեծ Արտիստի մասին, բոլոր ժամանակների մի դերասանի թատրոնի հայ անգերազանցելի Արտիստի մասին։

Այսօր էլ, արդեն որերորդ օրը... էլի մտովի վերհիշեցի այն մեծ լսարանը, ուր դեպի վեր տանող աստիճաններն էին նստատեղեր դառնում, երբ Արտիստն էր գալիս, Ոգու տիրակալը։

Նրան գեթ մեկ անգամ տեսած, նրա երևելի ներկայությունը վայելած մարդկանց մեջ ապրում է իմ, քո, նրա` վաղուց լեգենդ դարձած Լևոն Ներսիսյանը, ում խոսքը աղոթք էր, որ այսօր էլ հնչում է որպես աղոթք` իր պաշտած հեթանոս աստվածներին։`

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 2998

Մեկնաբանություններ