ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը խոստացել է վերականգնել եվրոպական ֆինանսավորումը Վրաստանին՝ բոլոր հակադեմոկրատական օրենքները հետ կանչելու դիմաց, որոնք ուղղված են հիմնականում ԼԳԲՏ քարոզչության և օտարերկրյա գործակալների դեմ: «Նրանք պետք է սկսեն չեղարկել օրենքները, որոնք հակասում են Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հռչակած նպատակին»,- ասել է նա:               
 

«Ես գիտեմ, որ դուք գիտեք, որ ես ստում եմ»

«Ես գիտեմ, որ դուք գիտեք, որ ես ստում եմ»
26.09.2024 | 17:06



Նյու Յորքում, «Ժողովրդավարության արդյունքները» խորագրով բաց քննարկման ժամանակ, Նիկոլ Փաշինյանն իր մի հատիկ ճառում մի քանի սուտ է ասել Հայաստանում ժողովրդավարության մասին:

Սուտ համար 1

«Այս հեղափոխությունից հետո հայ հասարակության մեջ այլևս չկա ոչ մի կասկած, որ պաշտոնական ընտրություններն արտացոլում են Հայաստանի ժողովրդի իրական կամքը»։

Ինչպես կասեր դասականը՝ «յահ, իրո՞ք»: Այդ ո՞ր ընտրություններն են արտացոլում ժողովրդի իրական կամքը, եթե գրեթե բոլոր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո քվեարկությամբ ընտրված ընդդիմադիր համայնքապետերը կա՛մ հետընտրական մանիպուլյացիաների պատճառով չեն դառնում համայնքապետ, կա՛մ համայնքապետ դառնալուց հետո ենթարկվում են քրեական և քաղաքական հետապնդումների: Գուցե Փաշինյանը նկատի ունի 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություննե՞րը, երբ Հայաստանի ընտրողները փաստացի շանտաժի և հետապնդումների էին ենթարկվում՝ վարչական լծակների կիրառմամբ, կա՛մ ահաբեկվում էին Փաշինյանի կողմից՝ հնարավոր պատերազմի սպառնալիքով:

Սուտ համար 2

«ժողովրդավարությունն ազատ տնտեսական գործունեության հնարավորություն է տալիս բոլոր մարդկանց։ Հիմա արդեն այս հարցը նույնպես լուծված է»։ Իրականությունն այն է, որ ոչ թե նախկին մենաշնորհները չկան, այլ չկան նախկին մենաշնորհատերերը կամ էլ ճամբարափոխ են եղել և հիմա էլ մենաշնորհներ են բանեցնում իր՝ Նիկոլ Փաշինյանի «բարձր հովանու տակ»:

Սուտ համար 3

«Այժմ հասարակությունը հնարավորություն ունի հարցեր բարձրացնել, վերանայել կարծրատիպեր և քննարկել անցյալը, ներկան և ապագան»։

Հայաստանում միշտ էլ մարդիկ հարց բարձրացնելու հնարավորություն ունեցել են, այլ բան է, որ եթե նախկինում այդ հարցերի գոնե մի մասը լսելի է եղել իշխանությունների կողմից, ապա հիմա դա իսպառ բացակայում է: Ավելին՝ Փաշինյանն ամեն ինչ արել է, որ «պատահական» քաղաքացիներից լսի այնպիսի հարցեր, որոնք հարմար են իր ու իր թիմի քաղաքական քիմքին: Փշինյանը լսե՞ց կիրանցիների բողոքը՝ սահմանազատման դեմ: Այո, լսեց, որ ԱԺ դիմաց հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում են հրաժարական տալ, բայց պատասխանը նռնակներն ու ոստիկանական ռեպրեսիաները եղան:

Կարծրատիպերի մասին. մինչև հիմա Հայաստանի ոչ մի իշխանություն չի խոսել կարծրատիպերի փոփոխման մասին, եթե խոսքը գնացել է Արցախի կարգավիճակի, Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման, հայ ավանդական ընտանիքի ու արժեհամակարգի մասին: Աննշան բացառություններ եղել են, բայց ցավալի ավարտ են ունեցել: Հիմա, եթե Նիկոլ Փաշինյանը քննարկում է անցյալը, ապա ոչ թե հայկական լսարանի հետ, այլ՝ իր թուրք-ադրբեջանական հովանավորների, որոնցից իր իշխանության պահպանման երաշխիքներ է ակնկալում:

Սուտ համար 4

«Ներկայումս կանայք մեր երկրում ավելի ակտիվ են ու ներգրավված»։

Այո, Աննա Հակոբյանն ու Արփի Դավոյանը, Լարա Ահարոնյանն ու նրա նմանատիպ երևույթներ հիմա առավել ակտիվ ու լսելի են, բայց ինչո՞ւ լսելի չեն, օրինակ, 44-օրյա ու դրան հաջորդած մյուս պատերազմների ու ռազմական բախումների զոհերի մայրերն ու այրիները: Այդ նրա՞նց չէր, որ Եռաբլուրից գետնաքարշ հեռացրին, որպեսզի ինքը՝ Փաշինյանը մտնի ու պղծի նրանց զավակների շիրիմներն՝ իր ներկայությամբ:

Իր ելույթով Փաշինյանը ոչ միայն չի հարգում Հայաստանի քաղաքացիներին, այլև առերևույթ էշի տեղ է դնում միջազգային հանրությանը: Նա լավ գիտի, թե ի՞նչ զեկույցներ են ստանում ՄԱԿ-ի դահլիճում նստած երկրների ներկայացուցիչները Հայաստանում իրենց դեսպաններից, հատուկ ծառայություններից և ազդեցության գործակալներից: Այդ դեպքում ինչո՞ւ են այդ բարձր ամբիոնից ոչ միայն լսում, այլև ծափահարում այդ ստախոսին: Մի տրամաբանական պատասխան կա. դա հանդուրժվում է մեկ քաղաքական նպատակով՝ Փաշինյանը դեռ պետք է կատարի ավելի ծանր հանցագործություն, որը մեր ազգային շահերի դեմ է, բայց շատ անհրաժեշտ է ծափահարողներին:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2337

Մեկնաբանություններ