Տևական ժամանակ է` հեռախոսիս մեջ փնտրում էի 2000 թվականի փետրվարին գրված այս հուշապատումը (երբ Զորավար Անդրանիկի աճյունը տեղափոխել էին հայրենիք` «Եռաբլուր» պանթեոնում վերահուղարկավորելու)։
Չէի գտնում։
Այսօր պատահականորեն գտա նախկին, չօգտագործվող հեռախոսիս «Նշումներ» բաժնում։
Չգիտեմ էլ` ինչպե՞ս է այնտեղ հայտնվել։
Ինչևէ, կարևորը` չի կորել։
Անգամ` անոտացիա էի գրել։
***
Մարդու հիշողությունից ոչինչ չի ջնջվում, ավելին` անընդհատ իր մասին հիշեցնում է։
Խոհ-հուշապատում` ծնված Զորավար Անդրանիկի աճյունը Փարիզից հայրենիք տեղափոխելու առիթով։
...Թե ինչպես ես ու ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Ալիկ Պետրոսյանի աշխատակազմի ղեկավար, գնդապետ Ռոլանդ Քալաշյանը Պաշտպանության նախարարի հրամանն էինք պատրաստում այդ մասին, ու ես (նոր էի տեղափոխվել ՀՀ ՊՆ զինվորական ծառայության, նախարարի աշխատակազմի խմբագիրն էի) 2000 թվականի փետրվարի
19-ին հատիկ-հատիկ, երկյուղածությամբ հաշվում էի Զորավար Անդրանիկի` Հայաստանի պատմության թանգարանում պահվող` մասունք դարձած պատմական թրի վրայի մեծ ու փոքր զմրուխտե թանկարժեք քարերը։
Այդ զգացողություններն անանց են, թուրը` մինչ օրս` ասես աչքիս առջև։
ԻՄ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԸ
Վեցերորդ դասարանում հայրիկիս ու իմ մայրենի լեզվի արդեն տարեց ու ճերմակահեր ուսուցչուհին` ընկեր Փարեմուզյան Աստղիկը, հայ ազգային-ազատագրական պայքարի ռահվիրա Զորավսր Անդրանիկին նվիրված գրական-երաժշտական միջոցառում էր նախապատրաստում։
Ինձ` որպես անհատի պաշտամունքի տարիներին «ազգայնամոլական գաղափարների» համար քաղաքական հալածանքների ենթարկված իր աշակերտի դստեր` ասմունքից զատ հանձնարարեց Զորավարի մասին Գուսան Շերամի հայտնի «Անդրանիկին» երգը պատրաստել։
Գու՞ցե մտածում էր այդկերպ արտահայտել համակրանքը հանիրավի բռնադատված ու «արդարացված» իր աշակերտի ու նրա հայրենասիրական գաղափարների նկատմամբ։
Դասերից հետո տուն վերադարձա և ամեն ինչ մի կողմ թողած` նստեցի դաշնամուրի մոտ։ Մատներս սահեցին ստեղների վրայով ու սենյակում տարածվեց ոգեղեն երգը.
- Իբրև արծիվ սավառնում ես լեռ ու ժայռ,
Թնդացնում ես երկինք գետին տենչավառ,
Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար,
Հսկա լերինք քեզ ապաստան Անդրանիկ։
Չգիտեմ` որքան ժամանակ էր անցել, ինձ թվաց` ինչ-որ մեկը շեմին կանգնած է։ Շրջվեցի. չէի սխալվել, հայրս էր։
Այդպիսի ոգեղեն ջերմությամբ, այդպիսի սիրով այդուհետ երբևէ չեմ հիշում, որ հայրս արտահայտվեր ազգային մեկ այլ գործչի մասին։
Բազում տարիներ են անցել։ Ամեն անգամ Անդրանիկի անունը լսելիս անբացատրելի մի ներքին ուժ ու կորով է համակում, ասես, այդ օրվա շունչն է զգացվում ու հորս ոգեղենությունը։
...Հետո հասկացա, թե որտեղից էր գալիս հորս` այդչափ սերը, խանդաղատանքը Զորավարի հանդեպ։
Հասկացա տարիներ անց` 2012 թվականին Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը` սպիտակ նժույգով Անդրանիկ Զորավարի շիրմի առջև ծնկի գալիս և որպես հայոց բանակի ավագ սպա` պատվի առնելիս։
Հասկացա, որ յուրաքանչյուր ազգ, յուրաքանչյուր ժողովուրդ` ի վերուստ` Ամենայնի սահմանած օրենքով, ծնում է անհատներ, ովքեր աշխարհ են գալիս տվյալ ժողովրդի ճակատագրի կամոք և դառնում նրա նպատակների ու իղձերի կրողն ու առհավատչյան։
Անհատներ, ում շիրմի կամ քարակերտ հուշակոթողի առջև կանգնելիս քեզ համակում է առինքնումի ու հպարտության անանց ու մշտատև զգացումը, և հայացքդ ակամա հառնում է երկինք, քանզի այնտեղ` տիեզերքի անհունության մեջ ես որոնում ու տեսնում նրանց, համոզված, որ այնտեղ` Բարձրյալին մոտ է նրանց հանգրվանը։
Հասկացա, որ հայոց պատմության մեջ, քսաներորդ դարասկզբին, որպես նրա ազատատենչության ու ոգեղենի կրող, մարմնացում է դարձել Անդրանիկը։ Մեծ հայը, Անհատը, ազգի Նվիրյալը, ով իր ապրած կյանքով և արդեն իսկ կենդանության օրոք լեգենդ էր, լեգենդ` քաջակորով, լեգենդ` քաջազուն, լեգենդ` մշտահմա։
Հասկացա, որ հայոց ազգային֊-ազատագրական պայքարի մարմնացում դարձած Զորավարի արծվենի թռիչքը սահմաններ չի ճանաչել, նրա սպիտակ նժույգը թև է տվել իր տիրոջ ոգեղեն ճախրանքին, աներկյուղ ճոճվել ու շողացել է Զորավարի թշնամատյաց ու հատու սուրը։
Հասկացա, որ Անդրանիկը հայ ազգի դարավոր ակունքներում է, հազարամյակների խորքում, մեր մագաղաթյա մատյաններում, ամենուր, ուր հայի ազատատենչ ու ըմբոստ ոգին է, հայոց հայրենիքը օտարի լծից ազատագրելու կարոտաբաղձ մղումը։
Մանկության տարիների անանց այդ հուշ-կարոտն ամեն անգամ արթնանում է նրա ծննդյան օրը։
ՈՒ կրկին, ասես, հայացքիդ առջև հառնում է Անդրանիկ-Սասնա ծուռը` Թուր Կեծակին ճոճելով, դառնում անցյալ, ներկա ու գալիք, իր անվան նման ելևէջվելով ու թև առնելով։
Կրկին այցելում մեզ մեր բիբլիական ակունքներից` որպես հայոց ոգի-ոդիսական, որպես հայոց հավերժի կրող։
Այցելում է մեզ որպես Նոյ Նահապետի ու Սասունցի Դավթի արժանավոր հետնորդ, որպես ֆիդայի-հայդուկապետ ու հայոց համաժամանակյա պատմության տիրակալ, որպես Զորավար Անդրանիկ։
Այսօր էլի այդ օրն է։
19.02.2000 թ.
Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ