1968 թ․ ավարտեցի Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, և մեր կուրսը մեկ ամսով արտադրական գործուղման ուղարկեցին Մոսկվա։ Մոսկվայում մեզ տեղավորեցին «Սոկոլ» ուսանողական համալիրի հանրակացարանում։ Երկսենյականոց մի համարում տեղավորվեցինք ժողովրդի և հատկապես մտավորականության շրջաններում արդեն հայտնի երգիչ Խորեն Պալյանը, Սարգիս Բաղդասարյանը (որը հետագայում նույնպես ճանաչվեց և սիրվեց ժողովրդի կողմից որպես ազգագրական երգերի անզուգական կատարող) և ես։
Մեկ շաբաթ հետո Լեհաստանից Մոսկվա վերադարձան հայ երաժշտական արվեստի մի շարք անվանի դեմքեր (երգեհոնահար Վահագն Ստամբոլցյան, ջութակահար Ժան Տեր-Մերկերյան, թավջութակահար Մեդեա Աբրահամյան, բալետի պարուհի Բելլա Հովնանյան և ուրիշներ), որոնք մասնակցում էին Լեհաստանում կազմակերպված Հայկական արվեստի տասնօրյակին։ Նրանց հետ էր նաև աստվածային ԼՈՒՍԻՆԵ ԶԱՔԱՐՅԱՆԸ։
Պատվիրակությունը Լեհաստան էր տարել գեներալ Սարգիս Մարտիրոսյանը, որը նաև լեհերի ազգային հերոսն էր համարվում։
Խորենն ու Լուսինեն դեռ չէին ամուսնացել, սակայն շատերը գիտեին, որ շուտով ամուսնանալու են։ Մենք երեքով գնացինք Լուսինեին դիմավորելու։ Հայ երաժիշտներին տեղավորեցին առաջնակարգ «Պրագա» հյուրանոցում։ Խորենը գեներալին խնդրեց, որ Լուսինեն մեզ հետ մնա։ Գեներալը համաձայնեց, և Լուսինեին բերեցինք հանրակացարան։ Նա գիշերում էր սենյակներից մեկում, մենք երեքով մյուս սենյակում։ Օրվա մեծ մասը միասին էինք անցկացնում։
Այդ օրերին Մոսկվայում մի շարք միջոցառումներ կազմակերպվեցին, որոնց մասնակցեցին նաև մեր երաժիշտները։
Սակայն ամենահիշարժանն այն էր, որ աշխարհահռչակ նկարիչ Ռոքուել Քենտը (1882-1971), որը, ի դեպ, 1957 թվից «Ամերիկա-սովետական բարեկամության ազգային խորհրդի» նախագահն էր, ցանկություն էր հայտնել միջնադարյան հայ հոգևոր երաժշտություն լսել, և Լուսինեի Մոսկվայում լինելը պատեհ առիթ էր։
Հանդիպումը կազմակերպվեց կոնսերվատորիայի դասասենյակներից մեկում, որտեղ երգեհոն կար։ Լուսինեի և Խորենի հետ էր շնորհաշատ երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանը։ Խորենն ու Լուսինեն Սարգիսին ու ինձ էլ տարան իրենց հետ։ Ռոքուել Քենտը տիկնոջ հետ էր։ Նրանց ուղեկցում էին անվանի արվեստաբան պրոֆեսոր Անդրեյ Դիմիտրևիչ Չեկոդաևը և մի ռուս թարգմանչուհի։
Բարձրահասակ, մետաղի սառնություն ունեցող անգլո-սաքսոնական դեմքով Ռոքուել Քենտը զուսպ, ներսույզ մարդկանց այն տեսակն էր, որոնց դեմքին դժվար է կարդալ նրանց ապրումները, ինչն ավելի էր ընդգծվում զգացմունքները անմիջականորեն արտահայտող հայկական վառվռուն դեմքերի ֆոնին։
Վահագն Ստամբոլցյանը նվագեց Բախի ֆուգաներից մեկը, որի ելևեջները ողողեցին մթնոլորտը։ Որից հետո երգեհոնի նվագակցությամբ թևածեց «Սուրբ-սուրբը»՝ Աստծո տունը տանող մեղեդու թրթիռը։ Եվ, երբ երգի հնչյունները մարեցին․․․ տիրեց քար լռություն, ներկաները կարծես չէին շնչում։ Ռոքուել Քենտի դեմքին տեսանելի հուզմունք երևաց։ Առաջինն ինքը խզեց լռությունը ու, երբ հարցրեց, թե այս մեղեդին տեքստ ունի՞, թե՝ ոչ, ձայնը դողում էր։ Խորեն Պալյանն ասեց, որ ունի և արտասանեց երգի տեքստը։ Քենտն ասաց, որ առաջին անգամ է լսում երգ, որի բառերն այսքան ներդաշնակորեն ու աննկատ վերածվում են մեղեդու։
Այնուհետև՝ «Հավուն-հավունի» մեղեդու թրթիռը, որոնցով մեր հոգիները աննկատ վերացան դեպի լուսեղեն ոլորտներ։
Իսկ, երբ հնչեց «Տեր ողորմեան»․․․ երաժշտանոցի այդ փոքրիկ լսարանում տեղի ունեցավ իրական հրաշք։ ․․․
Իսկ հրաշագործը հայ հոգևոր երգն էր։ Մարեց շարականի լուսեղեն թրթիռը․․․
Ռուս թարգմանչուհին լուռ արտասվում էր:
Հոգևոր ապրումների այնպիսի շիկացում էր, որ մեզանից յուրաքանչյուրը զգում էր, որ եթե խզվի լռությունը և ապրումը խոսքի վերածվի, կաղոտանա, կցնդի պահի վսեմությունը:
Քենտն այլայլված դուրս գնաց:
Կինը դողդոջուն ձայնով ասաց, որ նրան երբեք այսքան հուզախռով չի տեսել:
Դուրս եկա միջանցք։
Քենտն անձայն լալիս էր։
Ես աննկատ հետ դարձա:
Ռուս թարգմանչուհին արցունքն աչքերին խոնարհվել էր Լուսինեի առջև և շշուկով ասում էր՝ ես ձեզ խնդրո՜ւմ եմ, աղաչո՜ւմ եմ, այնպե՛ս արեք, որ մշակույթի այս եզակի մարգարիտները մոռացության չմատնվեն, չկորչեն:
․․․Այնուհետև, երբ դուրս եկանք երաժշտանոցից, դեռ ամենայնին անտեսանելիորեն խորհուրդ ու գույն Պարգևողի լույսի տպավորության մեջ էինք․ դրսի աշխարհը, քաղաքի մինչ այդ ուշագրավ, հետաքրքրաշարժ իրականությունն այլևս կորցրել էին իրենց երբեմնի հմայքը:
Արամ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ