Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ազգային մեծ ժողովում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացին։ «Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հույսի շող կա: Մենք գտնվում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովման վերջին փուլում. Մեր երկիրն աջակցում է երկկողմ բանակցություններին»,- նշել է նա։               
 

Հավերժական ներկայություն

Հավերժական ներկայություն
07.11.2024 | 15:15

Այսօր ՄԱՐԱՏ ՄԱՐԻՆՈՍՅԱՆԻ ծննդյան օրն է:

Նա ասես եկել էր ուրիշ աշխարհից և ստեղծեց մի նոր աշխարհ՝ դառնալով մեր ազգային կյանքում սկիզբ առնող նոր երևույթի հիմնադիրներից մեկը, որը պիտի կոչվեր Հեռուստատեսություն: Իսկ ինքը եղավ 1956 թվականից նոր ստեղծվող Հեռուստատեսությունը արվեստի մակարդակի հասցնողը՝ առաջին գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորը, ապա նաև` տնօրենը (1966-1971թթ.):

Մարատ Մարինոսյանը եղավ նորարար՝ մեծ գեղագետ ու արվեստի բոլոր բնագավառների փայլուն գիտակ, ում իրավամբ կարելի է ու պե՛տք է կոչել վերածննդի մարդ:

Նա ինքը հայ մշակույթի վերածնունդն էր՝ նոր իրողությունների պայմաններում: Եվ մնաց որպես մեծ ուսուցիչ՝ դառնալով չմարող կանթեղ իր՝ մարինոսյանական դպրոցն անցած արվեստագետների և նրանց համար, ովքեր դեռ նոր են գալու:

Մարատ Մարինոսյանն այն արվեստագետն էր, որի անունը կապված է Հայկական հեռուստատեսության ստեղծման, Հեռուստաթատրոնի զարգացման հետ:

Երևանի Թատերական ինստիտուտի առաջին շրջանավարտն էր Մարատ Մարինոսյանը՝ Վավիկ Վարդանյանի ղեկավարությամբ հնգամյա դասընթաց էր անցել:

Հետո Մայր թատրոնի մեծանուն ռեժիսորների՝ Արմեն Գուլակյանի, Վարդան Աճեմյանի հետ տարիների աշխատանքը նպաստելու էր, որ նա բեմադրեր շուրջ 120 ներկայացում թատրոնում, որոնց թվում են եղել Պուշկինի «Քարե հյուրը», Նար -Դոսի «Ես և նա»-ն, Լոպե դե Վեգայի «Պարտիզպանի շունը», «Աստծո կողմից մոռացված հողը», «Ծուռ հայելիների թագավորությունը», «Առանց անունները տալու» և, ի վերջո, Բրեխտի «Երեք գրոշանոց օպերան», որն այսօր համարվում է Մարատ Մարինոսյանի գեղագիտության գագաթնակետը։

Նաև հեռուստատեսությունում` Գրական-դրամատիկական խմբագրությունում բեմադրել է Շոլոխովի «Մարդու ճակատագիրը», Չարենցի «Լենին ու Ալին» հեռուստաներկայացումները, որոնք հեռարձակվել են կենդանի եթերով։

Եվ շատ այլ հեռուստաներկայացումներ:

Մարատ Մարինոսյանին ենք պարտական ռեժիսորական ու խմբագրական կադրերին պատրաստելու համար, ովքեր այսօր նրա դպրոցին արժանի հետևորդներ են:

Մարատ Մարինոսյանի կերպարն ու վիթխարի գործը մնաց հայ մշակույթի պատմության մեջ։

Մարինոսյանը Հեռուստատեսությունում և Հեռուստաթատրոնում ունեցավ անուրանալի դեր։

Նա մեծ նվիրյալ էր:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3913

Մեկնաբանություններ