Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

Պատմում է Շուշիի վերջին մարտերի մասնակիցը

Պատմում է Շուշիի վերջին մարտերի մասնակիցը
11.11.2024 | 12:30

2020-ի դեկտեմբերին էի տեղադրել իմ նախկին էջում ու հազարավոր արձագանք էր ստացել, հազարավոր կիսումներ:

***

Ամսի 7-ին Շուշին ազերիններինն էր արդեն. քաղաքում մնացել էին մի քանի ջոկատներ ու բանակի զինվորների փոքրիկ կիսահոշոտված վաշտեր․․․

Ծանր հրետանիով քաղաքն անընդհատ ռմբակոծվում էր, ու այդ ռմբակոծության տակ թուրքերն անհայտ տեղերից մտնում էին քաղաք։ Նոյեմբերի 8-ի լուսադեմին ահավոր մարտեր սկսվեցին քաղաքի մեջ։

Ես այդ ժամանակ քաղաքից հեռու եմ եղել երկու կիլոմետր։ Քաղաք տանող ճանապարհներից մեկի պահպանությունը հանձնված էր մեր ջոկատին, որն այդպիսի մի քանի դիրք ուներ՝ Լիսագորից մինչև Քիրսի գագաթ։

Մեր ջոկատն իրենից ներկայացնում էր երկու ջոկատների միացություն, մեկն առաջին պատերազմի ժամանակ աֆղանցիներ անունը կրող տղերքն էին, մյուսը կազմված էր հաշմանդամ ազատամարտիկներից և գրավված տարածքներից մազապուրծ եղածներով․․․

Ես այդ երկու ջոկատների մարտական գծով պատասխանատուն էի։ Ձևավորել էինք գունդ, նշանակել ջոկի հրամանատարներ և այլն։ Հետո վիճակը երբ վատացավ, ես արագ արձագանքման ջոկ սարքեցի, քանի որ եղել եմ հետախուզադիվերսիոն ջոկի հրամանատար, սարքեցի նմանատիպ ջոկ.․․ ու ամսի 8-ին սկսվեց դժոխքը։

Լուսադեմին Շուշիում ու տարածքում եղած մեր նման տղերքի ինքնակազմակերպման շնորհիվ քաղաքը մաքրվեց ազերիների ներթափանցած խմբից։ Ամսի 9-ին առավոտյան նորից մարտեր սկսվեցին։ Ոչ մեկը չգիտեր որտեղից են հայտնվում դրանք քաղաքի կենտրոնում․․․

Ես արդեն կանտուզիա էի ստացել, լավ չէի լսում ու ամեն ինչ չի, որ հասկանում էի։ Շուշիից կապվեցին թե՝ ով կա տարածքում, հասեք օգնության․․․

Ես հրամանատարին ասացի, որ դիրքերն անիմաստ են, պետք է հարձակվել թիկունքից։ Արգելվեց, քանի որ նման հրաման չկար վերևներից։

Ասացի՝ ձեր տիրումերն էլ... Ո՞վ է իմ հետ գալիս․․․

Մի քանի հոգով որպես արագ արձագանքման ջոկ հասել ենք Լիսագորից Շուշի տանող հատված, այնտեղ մեքենայի վրա կրակեցին ձորակից։ Մեքենայից իջել ենք, մտել մարտի մեջ և նրանց ստիպել նահանջել։

Կապով հայտնել ենք, որ այս տարածքում ուժեր կան։ Ասել են՝ չկան։

Շարունակել ենք մտնել քաղաք։ Մզկիթի մոտ ուժեղ հարձակում սկսվեց։ Արդեն չէինք հասկանում, թե ով ով է, որտեղից է կրակում։ Դժոխք էր։ Հրամանատարներ չկային, եղածներն էլ շտաբական կամ հրամանատարական կետերի սպաներ չէին, որ իմանային, թե ինչ վիճակ է։

Մի խոսքով՝ երեսներս պադոշ սարքած, վերջին անգամ քաղաքը մաքրեցինք։ Իծաարահետ կոչվող մասում մեր զորքին կրակեց մեր տանկը՝ ձորակից։ Հետո հրետանին աշխատեց։ Ասում էին՝ մերոնք են խփում։

Հետո ամեն ինչ խաղաղվեց։ Եկան ՀՀ-ից եկած սպեցնզազի տղերքը։ Ես չգիտեմ, թե իրականում ովքեր էին։ Միլիցեք, կգբ ու զինվորներ՝ բոլորը թարմ, Հայաստանից նոր եկած կարմիր թշերով սիրուն, վառվռուն...

Տրամադրություններս բարձրացավ։ Ասացին՝ դե դուք գնացեք ձեր դիսլակացիոն տեղերը, քանի որ քաղաքն արդեն մաքուր է ու մեր փառապանծ սպեցնազի ձեռքում, ներքին գործերի ձեռքում և այլն․․․

Մենք դուրս եկանք քաղաքից, շարժվեցինք դեպի Բերձոր-Լաչին։ Ես պետք է մտնեի հիվանդանոց։ Արդեն 3-րդ օրն էր ես արյունահոսություն ունեի, բայց չէի կարողանում ժամանակ գտնել...

Հասանք Բերձոր-Լաչին։ Մեկ էլ սպեցնազի ավտոները մի քանի տասնյակ ուրալ ու պիկապներ, սկսեցին խելագար արագությամբ մեզ աբգոն անել։ Ու լուրն եկավ, որ Շուշին ընկավ․․․

Ոմանք ստույգ տեղեկություն ունեն, որ Շուշին ամսի 6-ին մերը չէր, ոմանք ասում են՝ ամսի 7-ից, ոմանք՝ ամսի 9-ից։ Իրականում բոլորն էլ ճիշտ են, քանի որ Շուշին երկու-երեք անգամ ձեռքից ձեռք է անցել՝ ամսի 6-ից մինչև նոյեմբերի 9-ը․․․

Շուշին տվեցին ոչ թե զինվորներն ու կռվող տղերքը, այլ սպեցնազ կոչված միլիցեքի գնդերը։ Կարծում եմ, Շուշին տրվեց նիկոլի հրամանով՝ պատվազուրկ գեներալների կողմից։

Շուշին, Հադրութը, Կովսականը... բոլորը, բոլորը նույն ձևով են տվել։ Ոչ մի տեղ չի եղել զորքերի կոորդինացված ղեկավարում, ոչ մի տեղ չեն կատարվել նվազագույն միջոցառումներ, որ զորքը չկոտորվի․․․

Մի տեղ հրետանավորներին ուղարկում էին առանց պեխոտայի, մի տեղ՝ պեխոտան առանց հրետանու․․․ Մի տեղ զենք չէին տալիս, մի տեղ սպաներ չկային, մի տեղ սխալ քարտեզ ու սուտ կոորդինատներ և այլն։

Ամեն ինչ դիտմամբ էր արված։

Սա ոչ թե Հայաստանի, այլ աշխարհի մասշտաբով առաջին դեպքն է, երբ պետությունն է դավաճանում իր ժողովրդին, ու ոչ թե հակառակը։ Սա առաջին դեպքն է, որ կոլեկտիվ ագենտական ցանցով անցնելով պետության ղեկավար կազմ, պետությունը կործանում են հենց պետական այրերը։ Սա առաջին դեպքն է մարդկության պատմության մեջ, երբ մի ազգի դեմ ներսից կռվում է սեփական տականքը, սեփական ֆինանսական օղակները, իսկ դրսից՝ թշնամին։ Եվ սա առաջին դեպքն է, երբ այսքանից հետո դեռ կա ուժ, հավես ու էներգիա կա իրար ուտելը շարունակելու։ Երբ ակնհայտը դառնում է մշուշված ու ակնհայտ սուտն ուտվում է որպես բացառիկ ճշմարտություն․․.

Վարդգես ՕՎՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 3909

Մեկնաբանություններ