Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

Նվիրյալները

Նվիրյալները
12.11.2024 | 21:48

Նորություն ասած չեմ լինի, եթե բարձրաձայնեմ, որ մեր սերունդը ժամանակի հայտնի լեզվաբաններին և գրականագետներին ճանաչում էր դեռ դպրոցական նստարանից։ Չէ՞ որ նրանց անուն-ազգանուններն ամեն օր հայտնվում էին մեր աչքի առջև` դաս սովորելիս, տնային հանձնարարություն կատարելիս։

Ամենածույլ աշակերտն էլ գիտեր, որ «Հայոց լեզվի»

5-7-րդ դասարանների դասագրքի հեղինակը Հովհաննես Բարսեղյանն է, «Հայ գրականության» 8-րդ դասարանի դասագրքի հեղինակը` Մկրտիչ Մկրյանը, 9-10-րդ դասարաններինը` Հրանտ Թամրազյանը։ Եթե անգամ նրանց մասին չեն իմացել, երբեմն գրքի կազմի գույնից «ճանաչել» են հեղինակին։

Ա՛յ, հումանիտար հակում և համալսարանական բանասիրական բարձրագույն կրթություն ստանալու երանելի ցանկություն ունեցողների համար նրանք մեծ էին, շատ մեծ, պատվի ու հարգանքի արժանի մեծ։

Այս առնչությամբ մի նկատառում ևս. երևանաբնակ մեր համակուրսեցիներից շատերը մինչ համալսարան ընդունվելն էլ ճանաչում էին նրանց։ Ավելին` շատերն ընդունելության քննություններից գիտեին։

Այս իրողությունն այն ժամանակ, մեղմ ասած, հաճելի չէր մեզ` շրջաններից ընդունվածներին։

Ախր, ո՞նց կարող էին նրանք այդքան «մատչելի» լինել, որ երեկվա աշակերտը ճանաչեր իրենց։

Բայց կար այն, ինչ կար, մինչև ամեն ինչ իր տեղն ընկավ, շրջաններից եկածների հետ երևանցիներն ընկերացան, բարեկամացան, սիրեցին նրանց։

Իսկ մեզ` շրջաններից ընդունված ուսանողներից շատերի համար նրանք այդպես էլ բարձր մնացին, անհասանելի բարձունքներում։

Այդ մեծերից էր Մկրտիչ Մկրյանը։

ՄԿՐՏԻՉ ՄԿՐՅԱՆ

Մեր ուսանելու ժամանակ գրականագետ, բանասիրական գիտություններ դոկտոր Մկրտիչ Մկրյանը մայր բուհի մայր ֆակուլտետի դեկանն էր` երկար ճանապարհ անցած գիտնական, ավելի բարձր, մեծ, իսկ ժամանակ անց` հայ նոր գրականության ամբիոնի վարիչը։

Թեև իր հսկա արտաքինով, այսպես թե այնպես, նա «հսկա» էր, մանավանդ` աշակերտական նստարանից երեկ վեր կացած նիհար, նվազ ուսանողներիս համեմատ։

Իսկ որ մեծ էր, դրանում մեզնից շատերը համոզվեցին, երբ նա սկսեց Ավետիք Իսահակյան դասախոսել, Հովհաննես Թումանյան, հայ նոր գրականություն և այդ ժամանակաշրջանի արդեն ճանաչում ունեցող գրողների ու բանաստեղծների ստեղծագործությունները մեկնաբանել։

Դպրոցական տարիներին կազմի գույնը փոխող ու վերահրատարակվող, բայց միշտ պայծառ երանգ ունեցող դպրոցական դասագրքի հակիրճ, համառոտ թվացող մեզ ծանոթ վերլուծություններն այնքա՜ն ծավալուն, ընդգրկուն դարձան, որ մենք էլ զարմացանք։

Ինչքա՜ն քիչ բան գիտեինք մինչ համալսարան ընդունվելը և որքա՜ն շատ բան իմացանք։

...Ինձ, որ չորրորդ դասարանում դպրոցում Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների «գիտակ» էին համարում (ինչ է թե` Հովհաննես Թումանյանի պոեմները, քառյակներն ու անթիվ բանաստեղծություններ անգիր գիտեի ու ամենատարբեր միջոցառումների հպարտորեն արտասանում էի),

ընկեր Մկրյանի դասախոսությունները լսելուց հետո մի պահ կարկամեցի. «Ա՛յ, թե ինչպիսին պիտի լինի գրականագետը, որ իրեն իրավունք վերապահի հաղորդակից դառնալ ու հաղորդակից դարձնել հանճարին։

Ընկեր Մկրյանը Թումանյան էր մեկաբանում, այո՛, մեկնաբանում։ Այնքա՜ն խորությամբ, այնպես մանրամասնորեն, ասես լոռվա լեռնաշխարհում էր ծնվել, այդ լեռնաշխարհի պարզ ու հասարակ, բնությանը ձուլված մարդկանց ծոցից էր ելել։

Իսկ լոռվա բարբառի իմացությու՜նը...

Ա՜յ քեզ հայտնություն։

...Այս պահին միտս եկավ էլ Հովհաննես Թումանյանի «Մարո» պոեմի մեկնաբանությունը։

- Իսկ դուք հարցրե՞լ եք ինքներդ ձեզ, թե ինչու՛ է.

«Բայց զոքանչը անսահման

Սիրում, փարում էր նրան»։

- Չէ՛, չեք հարցրել, չգիտեք,- ակնոցի տակից վերևից նայելով պատասխանեց իր հարցին։

ՈՒ իսկապես չգիտեինք։ Իսկ նրանք` զոքանչն ու փեսան հասակակիցներ էին...

Իսկ այն ժամանակ մենք ընդամենը 19-20 տարեկան էինք, որտեղի՞ց իմանայինք։

Այդպես, արտաքուստ մանրուք թվացող, իսկ յուրաքանչյուր բառի, մտքի մեջ այնքա՜ն խոր իմաստ էր փնտրել ու գտել ականավոր գրականագետը, անվանի թումանյանագետը։

Հետագայում զարմանքով խոստովանեցի ինքս ինձ, թե ինչու լոռեցի ճանաչված բազում գրականագետներ ձեռք չեն մեկնել Ամենայն Հայոց բանաստեղծի խոր ակունքներին։

Երկյուղել են, ախր, շա՜տ խորն է, շա՜տ է վեր, որ ձգվում է մինչև աստվածայինը, անմեկնելին։

Իսկ Մկրտիչ Մկրյանը չէր երկյուղել։ Որովհետև ինքն էլ մեծ էր, մեծ գրականագետ էր։

Մեծ էր անգամ իր ցածր ձայնով, խոշոր դեմքին հազիվ հարմարեցրած ակնոցով ու այդպես էլ մեծ մնաց նաև մեր` համալսարանի բանասիրական ֆակուլտետի հերթական սերնդի համար։

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 3925

Մեկնաբանություններ