Հայաստանը կարող է պարտք ունենալ ՀԱՊԿ անդամավճարների գծով. այժմ 2024 թվականի համար պարտքեր կան, ժամկետը կլրանա 2025 թվականի վերջին՝ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանը կարող է երկու տարի չվճարել այս պարտքը, այնուհետև համապատասխան որոշումներ կընդունվեն»,- զգուշացրել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Հայ քաղաքական մտքի ոստղոտ կաղնին

Հայ քաղաքական մտքի ոստղոտ կաղնին
13.11.2024 | 17:32

(սկիզբը` այստեղ)

Մտերմական շրջանում Միկոյանը քանիցս ասել էր, թե հոգով պատրաստ է ցանկացած պատժի 1937-ին Ստալինի հետ գործակցած լինելու համար և ավելացրել, որ եթե ինքը հրաժարվեր և այն ժամանակ մեկ ուրիշը գար Հայաստան, հետևանքները անհամեմատ դաժան կլինեին: Քիչ է շրջանառվում նաև այն փաստը, որ նա այն ժամանակ անդրկովկասյան և հայաստանյան ղեկավար մարմիններին թողել է 21 հոգու ցուցակ, պարտավորեցնելով ոչ մի դեպքում ձեռք չտալ այդ մարդկանց, որոնց կորուստը ճակատագրական կլիներ հայերիս համար:

Միկոյանի վրա ազդելու ստալինյան անվրեպ ճնշամիջոցը ընտանիքի հանդեպ նրա երկյուղած հավատարմությունն էր:

Շատերի հիացմունքն ու հատակապես նախանձն էր շարժում Միկոյանների ավանդապաշտ ընտանիքը:

Ի հեճուկս Կրեմլի կալիգուլյան զեխությունների, Անաստաս Միկոյանին հաջողվել էր Մոսկվայում ստեղծել ընտանեկան երջանիկ իր փոքրիկ կղզյակը, նվիրվել ու հավատարմորեն ծառայել նրան:

Կնոջ՝ Աշխենի նկատմամբ մինչև վերջ էլ նա պահպանեց անաղարտ այն զգացումը, որ ծնունդ էր առել պատանեկան տարիքում, երբ հոգևոր սեմինարիայի ռոմանտիկ սանը խնդրում էր իր ընտյալին չշտապել իր հետ ամուսնանալ, քանի որ, հեղափոխական լինելով, ինքը երկար ապրել չի կարող, և Աշխենը կայրիանար: Բայց... նրանք քառասուն տարի ապրեցին միասին, և Աշխենը նրան հինգ որդի պարգևեց:

Նրանց հարկի տակ ով ասես որ չի հյուընկալվել, և բոլորն էլ զարմացել են այն ջերմությամբ, երջանկության ու հարմարավետության այն մարմանդ մթնոլորտով, որ ստեղծում էր տիկին Աշխենը:

Նույնիսկ հիվանդ, անկողին ընկած:

Ռաֆայել Աթայանի հուշերում մի սրտառուչ դրվագ կա.

«1958-ի փետրվարյան մի երեկո Անաստաս Միկոյանի հյուրն էի Մոսկվայի արվարձանում ժամանակին թիֆլիսաբնակ հայազգի հարուստ Զուբալովի կառուցած փայտաշեն տնակում: Հյուրընկալն իր զրույցն սկսեց հայերեն:

Վատ չէր խոսում, անսխալ, մաքուր գրականով:

Բայց զգալով, որ մտածում է նախադասությունը կառուցելիս, անցա ռուսերենի, և զրույցն ավելի աշխույժ առաջ գնաց:

Նյութը Ներսիսյանի, ապա Էջիածնի ճեմարանի իրենց ուսանողական շրջանն ու մանկավարժներն էին...

Աննկատելի անցավ չորս ժամը այն ընթրիք զրույցի և ուղիղ կեսգիշեր էր, երբ նա ինձ կնոջ հետ ծանոթանալու հրավիրեց:

Ինձ մնում էր միայն հրաժարվել, իհարկե,ուշ էր, և կինը՝վատառողջ:

Բայց այդ չհաջողվեց:

Եվ ահա նստած է անկողնում մի ճերմակ ստվեր, մազերը, դեմքը, զգեստը... Իսկ միտքը հստակ է: Եվ մտորելու պահանջ ունի: Մտերմիկ, դողդոջ, սրտառուչ ձայնով Թումանյան է կարդում.

ՈՒր կորան...

Մոտիկներս ու՞ր կորան,

Ինչքան լացի, ձեն ածի,

Ձեն չտվին, լուռ կորան:

Այնքան ազնիվ, այնքան գեղեցիկ մի բան կար Լոռու Թումանյանների ազնվական տոհմի այս շառավղի պահվածքում, հեկեկանքը զսպելու արժանապատիվ մի ճիգ և խոշոր աչքերում ծրարված թախիծ...

Երբ դուրս եկանք, հարցրի Անաստաս Իվանիչին, ի՞նչ է տիկնոջ ցավը:

Չէի սպասում, իհարկե, այդքան համապարփակ մի պատասխան:

Ասաց բառացի՝ «Душевная депрессия. Мы ведь все время были на волоске»:

Ստալին-Միկոյան հարաբերությունները մի մարդկային կյանքի տևողություն ունեն:

Իր կյանքի ութսուներեք տարիներից քառասունհինգը Միկոյանը եղել է Ստալինի կողքին:

Ծանոթացել են 1919 թվականի նոյեմբերին, Մոսկվայում, որտեղ Արևելքի ժողովուրդների կոմունիստական կազմակերպությունների համառուսաստանյան 2-րդ համագումարում Միկոյանը հանդես եկավ Կովկասի իրադրության մասին մանրամասն զեկուցումով:

Համագումարը տևեց տասն օր և այդ ընթացքում նրանք հասցրեցին ծանոթանալ, համակրել միմյանց:

Դա այն շրջանն էր, երբ ռոմանտիկ հեղափոխականի լուասպսակով տոգորված կովկասցի երիտասարդը՝ Ստալինը, կամ մտերիմների համար Կոբան, դեռ ինքն էր վերադասի, հիմնականում Լենինի հանձնարարությունները կատարում և հետագա մեծ ցատկի համար նոր էր սկսել համախոհների շրջանակ ստեղծել:

Միկոյանն անմիջապես հայտնվում է նրա ազդեցության դաշտում և կատարում իր հովանավորի առաջին հանձնարարականները:

1922-ի գարնանը Միկոյանը Ստալինի երաշխավորությամբ նշանակվում է Ռուսաստանի կոմկուսի Հարավ-Արևելյան բյուրոյի քարտուղար: Շուտով նա արդեն գլխավորում էր հյուսիսկովկասյան երկրկոմը:

Քաղաքացիական կռիվներից հյուծված երկրամասը նորից պետք էր երկրի հացի մատակարար դարձնել, Միկոյանին դա հաջողվում է:

Ստալինը գոհ էր նրանից:

Նրան դուր էր գալիս Միկոյանի եռանդը, կովկասյան ծագումը, հավատարմությունը:

Ստալինն արդեն իշխանության սանդղակի վերևում էր և շարունակում էր Միկոյանին վստահել լուրջ գործերում, նույնիսկ իրեն ոչ բնորոշ հոգատարություն ցուցաբերել:

Բերեմ մի ուշագրավ դրվագ Միկոյանի հուշերից.

«Զրույցի վերջում Ստալինը ուշադրություն դարձրեց, որ ես խիստ նիհարել եմ և որ առհասարակ շատ հիվանդագին տեսք ունեմ:

Հիրավի, ես շատ հյուծված էի, ըստ երևույթին ազդել էր այն ժամանակվա կիսաքաղց օրապահիկով ապրուստը: Սակայն ես միայն ասացի, որ մեկ ամիս առաջ երկու շաբաթ հիվանդացել եմ թոքերի բորբոքումով և անկողնին գամվել բարձր ջերմությամբ:

Այն ժամանակ նա ինձ առաջարկեց գնալ Կենտկոմի հանգստյան տուն, որը գտնվում էր Ռիգայից ոչ հեռու Բալթիկ ծովի ափին:

1917 թվականից հետո ես դեռ ոչ մի անգամ արձակուրդում չէի եղել: Ինձ հուզեց Ստալինի հոգատարությունը...»:

Ստալինի հովանավորությամբ էր, որ 1926 թվականին Միկոյանն արդեն ոչ միայն Քաղբյուրոյի անդամ էր, այլև Առևտրի ժողովրդական կոմիսար:

Նման առաջընթացը հայազգի երիտասարդ գործչին մի պահ շփոթության է մատնում: Բնածին զգուշավորությունը ահազանգում է, որ մեծ իրավունքները մեծ պարտավորություններ են ենթադրում, և հետագա ուղին լի է վտանգներով:

Պահպանվել է նրա հեռագիրը Կենտկոմին և Ժողկոմխորհին.

«Կատեգորիկ հրաժարվում եմ արտաքին և ներքին առևտրի ժողովրդական կոմիսարի պաշտոնն ստանձնելուց և հայտարարում եմ, որ նման որոշումին չեմ կարող ենթարկվել... Ես պիտանի չեմ Առևտրի ժողկոմ աշխատելու համար և չեմ կարող իմ ուժերից ու կարողություններից վեր պարտականություններ վերցնել ինձ վրա»:

Բայց կուսակցական կագապահությունը հաղթեց, և նա ընդունեց իր հովանավորի նոր «նվերը»:

Առևտրի փլուզված համակարգը, ի զարմանս հենց իր՝ Միկոյանի, նա կարողացավ գերազանց կարգի բերել:

1934-ին նորաստեղծ սննդարդյունաբերության ժողկոմատը ևս Ստալինը հանձնարարում է արդեն ոչ միայն ինքնավստահություն, այլև հեղինակություն ձեռք բերած Միկոյանին:

Երկարատև գործուղումների միջոցով նա մանրամասն ծանոթանում է Միացյալ Նահանգերի սննդարդյունաբերության փորձին, Խորհրդային Միությունում գրեթե զրոյական մակարդակից ստեղծում պահածոների, շաքարի, թխվածքի, երշիկի, հրուշակեղենի, պաղպաղակի արտադրությունները:

Ծառայողական ելարանն արդեն նրան հասցրել էր ժողկոմխորհի նախագահի տեղակալի պաշտոնին: Բայց կյանքը նրա և ընտանիքի համար վերածվել էր արդեն համառ գոյապայքարի:

Ստալինի հետ նրանք այլևս գործընկեր չէին:

Հիվանդ կասկածամտությամբ տառապող պետի և զգուշավոր ենթակայի փոխհարաբերություններ էին արդեն, որոնք փոքր ինչ մեղմացան մեծ Հայրենականի տարիներին:

Միկոյանը հսկայածավալ գործ էր անում: Բանակի բոլոր տեսակի մատակարարումների և էվակուացիայի հետ կապված խնդիրները նրա ուսերին էին:

Պատերազմից հետո նա մնաց որպես նախարարների խորհրդի նախագահի տեղակալ և արտաքին առևտրի նախարար: Այդ շրջանում Ստալինը հաճախ էր իր ամառանոց հրավիրում Քաղբյուրոյի անդամներին,նախարարների և բարձրաստիճան զինվորականների, ճաշելու և կինոդիտման:

Դրանք տղամարդկանց հավաքներ էին, հյուրերը գալիս էին առանց կանանց:

Ստալինի կինը 1932 թվականին ինքնասպանություն էր գործել, և նա այլևս չամուսնացավ:

Ստալինը հաճախ էր գործի դնում պատեֆոնը, որևէ պարեղանակ ընտրում և բալորին պարտադրում պարել: Բոլորն էլ վատ էին պարում, բայց չէին համարձակվում հրաժարվել:

Միակ մարդը, ըստ վավերագիրների, որ լավ էր պարում, Միկոյանն էր, բայց նա էլ բոլոր եղանակների տակ նույն կովկասյան պարն էր պարում:

Բայց արդեն 1951-ից Ստալինը Միկոյանին հազվադեպ էր հրավիրում: Նրան նույնիսկ Քաղբյուրոյի նիստեին չէին կանչում:

Սա արդեն Ստալին-Միկոյան հարաբերությունների նոր փուլ էր:

Շատ տարիներ հետո Միկոյանը բացում է գաղտնիքը:

«Կուսակցության 19-րդ համագումարից երեք-չորս ամիս առաջ Ստալինի ամառանոցում ճաշից հետո սովորականի պես Քաղբյուրոյի անդամները զրուցում էին դեսից դենից: Ընդհանուր թեմա չկար: Ստալինը սենյակի մեջտեղում ետ ու առաջ անելով, բոլորիս համար անսպասելի կանգ առավ և ասաց՝ տարիներս իրենց զգացնել են տալի ս,պետք է մտածելով կարող է ինձ փոխարինել: Ի՞նչ եք կարծում,- դիմեց նա մեզ,- ու՞մ կարելի է հետնորդ համարել»: Լռություն տիրեց, նման անսովոր, ճակատային հարցը մեզ փակուղի մտցրեց:

Լռությունը երկարեց:

Ստալինը շարունակեց քայլել նույն անշտապ քայլերով, ծխամորճ ծխելով, նա ուշադիր նայում էր մերթ մեկին, մերթ մյուսին:

Նա պատասխանի էր սպասում:

Իսկ ես,խելքիս ի՞նչ փչեց, ոչ դես, ոչ դեն՝ասացի՝ մեր մեջ ամենաարժանի փոխարինող ես համարում եմ Մոլոտովին:

Նա Քաղբյուրոյի ամենահին անդամն է, գիտի միջազգային հարաբերություններ, կարող է շարունակել Ձեր կուսակցական գիծը: Ինձ ոչ մեկը չընդհատեց, որևէ արձագանք չեղավ, միայն Ստալինը կարճ ասաց.

-Այո,Մոլոտովը արժանի մարդ է:

Սրանով զրույցն ավարտվեց:

Երբ ես տուն դարձա, ծանրութեթև անելով կատարվածն ու իմ ասածը, եկա այն մտքին, որ կոպտագույն սխալ եմ գործել...

Շուտով նկատեցի, որ Ստալինի վերաբերմունքը իմ հանդեպ փոխվել է, նա խուսափում է ինձանից:

Քաղբյուրոյի նիստերի ընթացքում կծու դիտղություններ էր ինձ անում:

Ես սպասում էի որոտի, և այն պայթեց 18-րդ համագումարից անմիջապես հետո, պլենումում:

Իմ և Մոլոտովի դեմ Ստալինը փաստարկներ չուներ, բայց կոպտեց ու հայհոյեց մեզ...

Տարեցտարի սրացած նրա հիվանդագին կասկածամտության տրամաբանությամբ մենք պետք է վերանայինք: Բայց հանկարծակի մահը նրան խանգարեց իր չար մտադրությունը իրագործել:

Ստալինի մահով Միկոյանի հետ նրանց երկխոսությունը չավարտվեց:Միկոյանը, որ իշխանության բարձրագույն օղակներում վերականգնել էր իր կայուն դիրքը, բոլորի համար անսպասելի վճռական դեր խաղաց անհատի պաշտամունքի քննադատության գործում: Նրա կրքոտ ելույթը դարձավ կուսակցության 20-րդ համագումարի առանցքային իրադարձությունը:

Հետագա տարիներին կարծես նոր շունչ ստացած Միկոյանը փայլուն դրսևորեց իր դիվանագիտական ունակությունները: Նրա ջանքերով հնարավոր եղավ խուսափել արյունահեղություններից Լեհաստանում, Հունգարիայում, նա կարողացավ վերականգնել բարի դրացիական հարաբերությունները Հարավսլավիայի նախագահ Իոսիֆ Բրոզ Տիտոյի հետ, որը սուր կոնֆլիկտի մեջ էր Ստալին հետ:

Միկոյանը դիվանագիտական փայլուն հաջողություններ արձանագրեց Պակիստանում, Հնդկաստանում, Չինաստանում:

Բայց նրա դիվանագիտական հաղթանակների աստեղային ժամը հիրավի 1962 թվականի աշնանն էր Կարիբայան ճգնաժամի ընթացքում:

Առանց չափազանցությունից վախենալու կարելի է պնդել, որ աշխարհը մեր հայրենակցին է պարտական գրեթե անխուսափելի թվացող միջուկային պատերազմի սպառնալիքը չեզոքացնելու համար:

Երեք պատվախնդիր ու վճռական նախագահների՝ Խրուշչովի, Քենեդու և Կաստրոյի միջև միջնորդի դեր ստանձնած Անաստաս Միկոյանը փայլուն կատարեց խաղաղարարի իր առաքելությունը:

Նոյեմբերի 20-ին նախագահ Քենեդին հայտարարեց Կուբայի շրջափակումը վերացնելու մասին, իսկ Խրուշչովը դադարեցրեց խորհրդային զորքերի մարտական ծայրահեղ պատրաստականության դրությունը:

Կարիբյան ճգնաժամը հաղթահարված էր:

Ճգնաժամը չեզոքացվեց ԽՍՀՄ միջազգային վարկի նվազագույն կորստով:

Ավելին, Խորհրդային Միության և Միացյալ Նահանգների հարաբերությունները նույնիսկ բարելավվեցին, ինչը հնարավորություն ընձեռեց 1963 թվականին կնքել միջուկային զենքի փորձարկումների մասնակի արգելելու դաշնագիրը:

Ամերիկյան մամուլն այդ տարիներին Միկոյանին համարեց «մեր ժամանակների հակաճգնաժամային լավագույն մենեջերը»:

Երկու գերտերությունների հարաբերությունների անսպասելի ջերմացման խանդավառ իրադարձությունները ստվերում թողեցին մարդկային այն մեծ սխրանքը, որ ցուցաբերեց Միկոյանն այդ օրերին:

Ճգնաժամի սկիզբն էր, ԱՄՆ-ը պահանջում էր Կուբայից դուրս հանել խորհրդային հրթիռները, Մոսկվան կարծես մտադիր էր արժանապատվորեն դուրս գալ վտանգավոր հետևանք ենթադրող ճգնաժամից, բայց դեռ չգիտեր՝ ինչպես, իսկ Կուբայի առաջնորդը, մի կողմ թողած ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի հետագա ճակատագրերը, աշխարհի ճակատագիրը, անհավասարակշիռ պահանջներով վիճակն ավելի էր սրում:

Միկոյանի ու Ֆիդելի միջև բարդ փոխհարաբերություններ էին հաստատվել: Նոյեմբերի 3-ի բանակցություններից առաջ Ֆիդելը տեղեկացավ Խրուշչովից ստացված հեռագրի մասին:Այն Միկոյանի կնոջ՝ Աշխենի մահվան մասին էր:

Խրուշչովը ցավակցություն էր հայտնում և հույս հայտնում, որ Միկոյանն ինքը կարող է որոշում կայացնել, գնա՞լ կնոջ թաղմանը, թե՞ շարունակել բանակցությունները:

Միկոյանը խնդրեց իրեն մենակ թողնել: Վիշտը կարծես նրան կայծակնահար էր արել: Երբ որոշ ժամանակ անց նա դուրս եկավ սենյակից, հավաք ու կենտրոնացած էր:

- Որդիս՝ Սերգոն, որ մեզ հետ է, կգնա թաղումը կազմակերպելու, ես գործը չեմ լքի, կմնամ:

Միկոյանի արարքը հալեցրեց սառույցը, և Կուբայի առաջնորդը վստահեց կամքի նման ուժ ունեցող մարդուն:

Նման մի դեպք էլ պատմում է Օրենբուրգի մարզկոնի առաջին քարտուղար Դենիսովը «Մեր նոր և նորագույն պատմությունը» գրքում:

1942 թվականի սեպտեմբերին Ստալինգրադի մատույցներում, օդային մարտում զոհվում է Միկոյանի որդի Վլադիմիրը:

Այդ օրերի Միկոյանը Օրենբուրգի մարզում հացամթերումն էր կազմակերպում:

Մարզկոմի քարտուղարը, ստանալով գույժ հեռագիրը, չգիտեր ինչպես այն հանձնել Անաստաս Իվանիչին:

«Նման լուր հայտնելը ծայրաստիճան դժվար էր: Ես անմիջապես մեկնեցի Պավլովսկի շրջան, որտեղ Միկոյանն էր: Նրան տվեցի հեռագիրը: Արագ աչքի անցկացնելով, նա կամաց ասաց՝ գնանք Օրենբուրգ: Ամբողջ ճանապարհին նա լռեց: Տեղ հասանք շատ ուշ ժամի, մտանք վագոնը, որտեղ ապրում էր մարզում աշխատող Միկոյանը: Ես և ընկերներս փորձեցինք ինչ որ բանով ցրել նրա ծանր մտքերը: Նա ներողություն խնդրեց և խնդրեց իրեն մենակ թողնել...

Հաջորդ առավոտ Միկոյանը զանգեց ինձ ու խնդրեց անցնել իր մոտ.

- Ես այսօր կմեկնեմ Մոսկվա,- ասաց նա հանգիստ ձայնով,- իսկ դուք վերջացրեք հացամթերման գործը, և մանրամասն բացատրեց, թե ինչպես ապահովել պլանի կատարումը;

Ես զարմացա նրա ինքնատիրապետման վրա: Տղայի մահվան մասին ոչ մի խոսք չասաց, միայն դեմքի գունատությունն էր վկայում մեծ վշտի մասին»:

Հարգելի ընթերցող, չչարաշահեմ համբերությունդ, ժամանակն է զրույցն ավարտելու:

Շատ ուսանելի բան կա Միկոյանի կենսագրությունում: Խոստովանեմ, նրա մասին պատմող վավերագրերին ծանոթանալիս աաջին զգացումս ափսոսանքն էր:

Այսօր էլ ափսոսում եմ, որ նա ծառայեց ընդհանրական մի գաղափարի ու երկրի փառքի համար, որ նրա ճկուն միտքն ու սթափ զգուշավորությունը իր ազգին քիչ բան տվեց, որ քաղաքական մտքի այդ կաղնին մեր անտառում չաճեց, որ նա իր հետևից հայ սերունդներին չտարավ դեպի բաղձալի նպատակ...

Եթե փորձենք թվարկել այդ մեծ մարդու արածները իր ծնող ազգի ու հողի համար, մեկ երկու րոպեն լիովին կբավարարի:

Կհիշատակենք այն մասին, որ 1937 թվականին Միկոյանը կարողացավ օգնության ձեռք մեկնել այն ժամանակ դեռ գնապետ Հովհաննես Բաղրամյանին, որը սովորում էր գլխավոր շտաբի ակադեմիայում:

Նրան մեղադրում էին դաշնակցական բանակում ծառայելու մեջ:

1956-թվականին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավորության թեկնածու Անաստաս Միկոյանը Երևանի իր ընտրողների ընդհանուր ժողովում շեշտեց Եղիշե Չարենցի ստեղծագործությունները տպագրելու, նրա բարի անունը վերականգնելու անհրաժեշտությունը, որով օգնեց բանաստեղծի վերածննդին:

1963 թվականին Անաստաս Միկոյանի ակտիվ միջամտությամբ Արարատյան դաշտավայրից դուրս մղվեց բամբակի արտադրությունը, որը ծանր բեռ էր մեր գյուղատնտեսության համար:

Ահա և ամբողջը: Իսկ մեր զրույցն ավարտենք մեծ լոռեցու տողերով, որպես յուրօրինակ ամփոփում երամից առանձնացած կռունկի կյանքի.

Ինչքան ծաղիկ պիտի բուսներ, որ չբուսավ էս հողին,

Ի՞նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին...

17.09..2005 թ.

Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1816

Մեկնաբանություններ