Խորհրդային տարիներին բնական գիտությունները նաև Հայաստանում բուռն ծաղկում էին ապրում: Խորհրդային միությունում հաճախ էին կազմակերպվում գիտական արշավախմբեր: Հանրապետություններից, նաև տարբեր քաղաքներից հրավիրում էին և ձևավորում մասնագետ գիտնականների խմբեր տվյալ գիտական խնդրի առավել խորքային հետազոտության համար:
Եթե չեմ սխալվում միջուկային ֆիզիկայի ինչ-որ կնճռոտ խնդրի հետազոտման և լուծման համար հավաքագրվում է մասնագետ գիտնականների նման մի խումբ Դուբնա գիտական կենտրոնում (научный городок):
Ի դեպ, այս պատմությունը լսել եմ խորհրդային տարիներին Դուբնայում ապրող և աշխատող ատոմային ֆիզիկայի ավանի գիտնական, դոկտոր-պրոֆեսոր Մառլեն Նարիբեկի Խաչատրյանից, որը մահացել է 2003թ.: Նա իմ ազգականն էր: Մառլենը պատմում էր, որ Դուբնայում հավաքված մասնակից գիտնականների թվում չորս հրեա գիտությունների դոկտոր կար և մեկ հրեա ակադեմիկոս: Իսկ Հայաստանից պարզապես մասնակցում էին ֆիզիկայի ամբիոնի երկու գիտությունների թեկնածու (кандидат наук):
Գիտնականների խումբը ղեկավարում է մի ռուս ֆիզիկոս, որը, պարզվում է կատակասեր բնավորություն ունեցող մարդ էր: Եվ քանի որ այդ մարդու անուն ազգանունը մոռացել եմ, պայմանականորեն անվանենք Իվան Իվանիչ:
ՈՒրեմն, մի հավաքի ժամանակ, սեղանի շուրջ Իվան Իվանիչը որոշում է հայերի և հրեաների հոգու հետ խաղալ:
- Դուք ի՞նչ կարծիքի եք, հայ գիտնականներն են տաղանդավոր, թե՞ հրեա գիտնականները,- չարաճճի, խորամանկ ժպիտը դեմքին հարցնում է հայ երիտասարդ ֆիզիկոսին, որը պարզ է դառնում, որ բավականաչափ հնարամիտ է:
- Իհարկե, հրեա գիտնականները,-փոքր ինչ դադարից հետո պատասխանում է հայ երիտասարդ գիտնականը: Հրեա ֆիզիկոսների դեմքին գոհունակության ժպիտ է ծաղկում:
- Ինչու՞, էդ ինչպե՞ս,- հարցնում է Իվան Իվանիչը:
- Իվա՛ն Իվանիչ հայ գիտնականները, քանի որ հանճարեղ են, էդ պատճառով է, որ տաղանդավոր չեն:
Հանպատրաստից սրամիտ պատասխանը հիացնում և զվարճացնում է ներկաներին: Հրեաները նույնպես ծիծաղում են, բայց զգացվում է, որ պատրաստվում են պատասխան խոսքի:
- Դուք ի՞նչ կասեք,- դառնում է հրեաներին կատակասեր ղեկավարը:
- Հարգարժան Իվա՛ն Իվանիչ,- սկսում է հրեա ֆիզիկոսներից մեկը,- տեսե՛ք, այս պարագայում, այստեղ հավաքագրվել է գիտնականների մի խումբ, հայերն ունեն երկու թեկնածու, իսկ հրեաները երեք դոկտոր և մեկ ակադեմիկոս, պարզ չէ, որ հրեաները ավելի տաղանդավոր են, գիտության մեջ ավելի բարձր կարգավիճակ ունեն:
- Դու ի՞նչ կասես,-դառնում է ղեկավարը հայ ֆիզիկոսին,- էսքանից հետո, հիմա հայերն են ավելի խելոք, թե՞ հրեաները:
Ներկաները սպասում են հայ ֆիզիկոսի պատասխանին:
- Իհարկե՛ հայերը,-պատասխանում է երիտասարդ ֆիզիկոսը:
- Էդ ո՞նց,- հարցնոմ է Իվա՛ն Իվանիչը:
- Մեր հրեա կոլեգան փաստորեն միամտորեն հիմնավորեց մեր՝ հայերիս, տեսակետը:
- Ինչպե՞ս,- հարցնում է Իվա՛ն Իվանիչը:
- Շատ պարզ, եթե նույն գիտական խնդրի լուծման համար Իվա՛ն Իվանիչ, հայերը բավարար են համարում երկու գիտությունների թեկնածու ուղարկել, իսկ հրեաները երեք դոկտոր և մեկ ակադեմիկոս, պարզ չէ, որ հայերն ավելի տաղանդավոր են:
Մառլենը պատմում էր, որ այդ պատասխանը այնքան է դուր գալիս խմբի ղեկավարին՝ Իվան Իվանիչին, որ մեկ ամսվա լրացուցիչ աշխատավարձ է նշանակում երիտասարդ հայ ֆիզիկոսին:
Արամ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Հ. Գ.
Իսկ հրեա դոկտորները մինչ օրս մտածում են հայ ֆիզիկոսի հնարամիտ խոսքին արժանի պատասխան գտնելու մասին: